Մատչելիության հղումներ

«ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում 6 հազարից ավելի ապրանքներ կթանկանան». ՀԿ


«ԵՏՄ անդամակցելու դեպքում 6 հազարից ավելի ապրանքներ կթանկանան»
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պնդմամբ՝ կթանկանան խոզի ու հավի միսը, կարագը:

Հայաստան ներկրվող 6 հազարից ավելի ապրանքատեսակները Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո կթանկանան, պնդում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության անդամները, ովքեր համեմատել են միության և Հայաստանի ներկայիս մաքսային կարգավորումները։

Կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոանիսյանի խոսքով՝ թանկանալու է հատկապես ներկրվող սննդամթերքը՝ խոզի ու հավի միսը, կարագը: Ակնկալվող թանկացումների մասին պաշտոնապես առայժմ որևէ հստակ տվյալ չի նշվում, մինչդեռ Իոանիսյանը պնդում է, որ հաշվարկներ անելը դժվար չէ։

«Հայաստանի Մաքսային օրենսգրքում սահմանված է, թե որ ապրանքատեսակի համար ինչ մաքսային դրույքաչափ է գործում: Նման ցուցակ կա նաև ԵՏՄ փաստաթղթերում և պարզապես պետք է համեմատել թվերը», - ասաց Դանիել Իոանիսյանը:

Սպասվող թանկացումների ֆոնին առաջին անհրաժեշտության միակ սննդամթերքը, որը էժանանալու է, ձեթն է, որի գինը, ըստ Իոանիսյանի, կնվազի 5 տոկոսով։

Կառավարությունում սպասվող թանկացումների մասին խոսելուց չեն խուսափում: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որոշ ապրանքներ կթանկանան: Խոսքը չի վերաբերում առաջին անհրաժեշտության ապրանքներին։

«Եթե նույնիսկ թանկացում լինի, համենայնդեպս, դա Մաքսային միություն մտնելու հետ կապված չի լինի, ընդհանուր գնաճի սահմաններում կարող է լինել», - ասաց Ճշմարիտյանը:

Նախարարը կրկին հիշեցրեց Հայաստան ներկրվող ապրանքների համար Եվրասիական միությունից տրված արտոնությունների ցուցակը, որի մի մասը վերաբերում է սննդամթերքին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ում այս արտոնությունների մասին տեղյակ են, և իրենց հերթին հիշեցնում են կառավարությանը, որ այս արտոնությունները ժամանակավոր են, դրանցում ներառված ապրանքները առաջիկա 5 տարում աստիճանաբար թանկանալու են։

Փորձագետ Հովսեփ Ղազարյանի խոսքով, երբ Եվրասիական միության մաքսային կարգավորումները գործեն նաև Հայաստանում, դրանց բացասական հետևանքը կզգան հատկապես գյուղացիները, քանի որ մաքսատուրքերի փոփոխության արդյունքում անխուսափելիորեն թանկանալու է ներկրվող գյուղտեխնիկան, սերմացուն ու պարարտանյութը։

Ի նպաստ Եվրասիականի բերվող պաշտոնական փաստարկներից մեկն էլ այն է, որ անդամակցության ժամանակ միության անդամ երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից ներկրվող ապրանքներն էլ հնարավոր է, որ էժանանան։

Երևանում փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ մարդիկ եվրասիական ապրանքներ պատրաստ են գնել մի դեպքում՝ եթե դրանք որակյալ լինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG