Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր վստահեցրել է, թե խոշոր գործարարներին ստվերից դուրս բերելու իր ջանքերն արդեն արդյունք են տվել։
Հիշեցնենք, դեռևս մայիսին կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանը խոշոր գործարարներին մինչև հուլիսի 1-ը ժամանակ էր տվել՝ կա՛մ նրանք սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները:
«Թող նորմալ աշխատեն հարկային դաշտում և գիշերները հանգիստ քնեն»,- այսօր Գյումրիում հայտարարեց Հովիկ Աբրահամյանը․ - «Եթե դուք հետևում եք՝ մեր քայլերը տվել են իրենց արդյունքը: Այսօր ես հեռուստացույցով լսում էի, որ հարկային մարմինները ներկայացնում էին, որ քանի տեղ ստուգումներ են կատարվել՝ որտեղ նկատել են ռիսկեր, և ակնհայտ թղթաշրջանառությունը երևում է դրական շարժը: Եվ դա շատ կարևոր է մեզ՝ հունիսի 1-ից 10-ը մոտ 105 հազար հաշիվ ֆակտուրաների քանակ է ավելացել: Եվ շրջանառությունը՝ հունիսի 1 - հունիսի 10, հուլիսի 1 - հուլիսի 10, մոտ 24 միլիարդով ավելացել է: Դա, իմ կարծիքով, ձեռքբերում է, և համոզված եմ, որ պատասխանատու մարմինները շատ նորմալ աշխատում են, կլինեն հետևողական, ես ինքս էլ կլինեմ հետևողական, և մենք այդ գործընթացը միշտ շարունակելու ենք: Ունենալու է շարունակական բնույթ, և դա նաև բխում է մեր գործարարների շահերից»:
Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգմանը: Հովիկ Աբրահամյանը կրկին վստահեցրեց, թե մինչև այս տարվա հոկտեմբերի վերջ կստորագրեն համաձայնագիրը, իսկ 2015 թվականի հունվարից Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:
Վարչապետը հավաստիացրեց, թե որևէ խնդիր, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված գոյություն չունի:
«Որևէ պատճառ չկա՝ ինչպես դուք նշեցիք՝ Ղարաբաղի հետ կապված խնդիրներ, որևէ այլ խնդիր չկար, և ուղղակի քննարկվում են, կան հարցեր տեխնիկական, որ վերացվում են, որ արդեն վերացվել են: Օրինակ, այսօր ժամը 18:00-ին աշխատանքային խումբը վերադարձել է, ինձ մոտ լինելու է քննարկում: Ուղղակի ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատենք, որ մենք կավարտենք հոկտեմբերի մեջ և 2015 թվականի հունվարի 1-ից մենք կլինենք լիիրավ անդամ», - նշեց նա:
Չշրջանցվեց նաև սահմանին ստեղծված լարված իրավիճակը, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, թե համաձայն չէ այն պնդումների հետ, որ Ադրբեջանի գործողություններին հայկական կողմը ոչ ադեկվատ է պատասխանում:
Հիշեցնենք՝ այդ մասին երեկ խոսել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգություններին հայկական կողմի հակազդեցությունը բնորոշելով «անհամարժեք»:
«Դեմ եմ կոնկրետ այդ մոտոցումներին, գնահատականների, որովհետև ես ինքս եղել եմ Տավուշում, նույն Մովսես գյուղում: Նույն ղեկավարը, պատասխանատուն, ասաց, որ եթե իրենք մեկ անգամ են կրակում մեր դիրքերի վրա, մենք մի քանի անգամ ավել ենք կրակում: Մեր պատասխանը պետք է լինի ադեկվատ և մի բան էլ ավել: Մենք չենք կարող հանդուրժել իրենց լկտիությունը, ոտնձգությունները, և պետք է պատասխանը տանք», - ասաց վարչապետը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում է աջակցել կալանավորված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին, Հովիկ Աբրահամյանը ասաց, թե իր աջակցությունը լինելու է բարոյական:
Նշենք, որ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի գնահատականները միանշանակ չէին ընդունվել: Հիշեցնենք՝ խոսելով Լևոն Հայրապետյանին ձերբակալության մասին նա ասել էր՝ «մարդը օրենք է խախտել, մարդուն կալանավորում են՝ դա, ուրեմն, իմ գործը չի՝ դա իրավապահ մարմինների գործն է»:
«Ես չեմ տեսնում [քաղաքական ենթատեքստ]: Իմ կոշտ մոտեցումը եղել այն, որ ինձ ասել ենք՝ դուք ի՞նչ կապ ունեք Լևոնի հետ, որ իրեն ձերբակալել են: Ես ուղղակի ասել եմ, որ վաղը կարող են մեկ այլ քաղաքացու ձերբակալեն, մենք ի՞նչ կապ ունենք: Կապը այն է, որ եթե մարդուն ձերբակալել են, կա ինչ-որ խնդիր օրենքի հետ՝ դատարանը կորոշի: Դա է եղել: Իսկ մենք իր բարեգործությունը, որ ինքը միշտ ներդրումներ է ունեցել Ղարաբաղի զարգացման գործընթացում, բարձր ենք միշտ գնահատել: Իմ աջակցությունը լինելու է բարոյական: Հիմա ես իմ աջակցությունն եմ հայտնում և պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել», - ասաց վարչապետը:
Հավելենք, որ այսօր լրանում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրեն հաջողվե՞լ է այդ ընթացքում արդարացնել ժողովրդի հույսերը և կատարել տրված խոստումները, Աբրահամյանն ասաց, թե ժողովուրդը պետք է ասի այդ մասին, միաժամանակ ընդգծելով, թե մարդիկ պետք է հասկանան՝ ինքը չունի կախարդական փայտիկ, որպեսզի 100 օրում բոլոր խնդիրներին լուծում տա:
«Ակնհայտ երևում է և ես տեսնում եմ դրական տեղաշարժեր, և մեր մոտեցումը նոր՝ հարցը կա՞, հարցին տալ լուծում: Ոչ թե քննարկել, ևս մեկ անգամ հավաքվել քննարկել, ևս մեկ անգամ հավաքվել քննարկել: Կոնկրետ հարցին տալիս ենք լուծում: Եվ անկախ նրանից, դա գոհացնում է, թե ոչ, բայց մենք ճշմարտությունն ենք ասում: Բայց որ մենք տեսնում ենք մեր ապագան պայծառ՝ դա փաստ է», - հավելեց վարչապետը: