Կառավարությունը այսօր հաստատեց Շիրակի և Լոռու մարզերում այս տարվա մայիս, հունիս և հուլիս ամիսներին կարկտահարությունից տուժած համայնքների ցուցակները, լրացումներ կատարեց իր ավելի վաղ ընդունած որոշումներում:
Կարկտահարությունից տուժել է Շիրակի մարզի 31 և Լոռու 15 մարզի համայնք: Տուժած համայնքներում կան հողօգտագործողներ, որոնք անցած տարի մարզպետարանից ստացել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ այս տարվա բերքահավաքից հետո ստացած յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 1:2 հարաբերակցությամբ 80 դրամ (160 դրամ) վերադարձնելու պայմանով: Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասը, որի հետևանքով հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ, որոշվել է նշված գումարների վերադարձը հետաձգել և դրա քննարկմանն անդրադառնալ 2015 թվականի հուլիսին: Այս տարի ներկայացվել է ավելի քան 1200 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմնացուի պահանջարկ, որի դիմաց վերադարձման ենթակա գումարների հարցը նույնպես քննարկվելու է եկող տարվա հուլիսին:
Նշելով, որ անձամբ է ականատես եղել բնական աղետի պատճառած ավերածությանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կասկած հայտնեց, թե գյուղացիներն իրենց պարտքը կարող են եկող տարի վերադարձնել, և հանձնարարեց պատկան մարմինների ղեկավարներին ևս մեկ անգամ քննարկել հարցը փոխվարչապետի հետ ու կոնկրետ որոշում կայացնել:
Վարչապետը գյուղացիներին աջակցելու առաջարկով դիմել է նաև Կենտրոնական բանկի նախագահին: