Մատչելիության հղումներ

Լրացավ վարչապետի պաշտոնավարման հարյուր օրը


ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը վարչպաետի պաշտոնում առաջադրեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, 13-ը ապրիլի, 2014թ․
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը վարչպաետի պաշտոնում առաջադրեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, 13-ը ապրիլի, 2014թ․

Ընդդիմադիր գործիչը էական փոփոխություններ չի տեսնում, հանրապետական պատգամավորը հարյուր օրը շատ քիչ է համարում՝ գնահատական տալու համար:

Այսօր լրացավ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման հարյուրերորդ օրը։

Ըստ ընդդիմախոսների, Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը ցույց տվեց, որ առանց համակարգային, քաղաքական փոփոխությունների Հայաստանում հնարավոր չէ հասնել սոցիալ-տնտեսական իրական առաջընթացի:

«Իրականացավ այն, ինչի մասին Հայ ազգային կոնգրեսը խոսում էր. ոչ մի փոփոխություն էլ չի կարող իրականացվել, քանի որ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունում լուծումը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում է և քաղաքական լուծումներ է պահանջում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար», - ի մի բերելով վարչապետ Աբրահամյանի պաշտոնավարման առաջին հարյուր օրը՝ «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Եվ կոնկրետ եթե գործերին էլ նայեք, թեկուզ վերցնեք կուտակային կենսաթոշակային համակարգի այդ պատմությունը, որտեղ խոստումներ տվեցին, որ պարտադիր չի լինի, և այլն, դա, կարծում եմ, բավարար է, որպեսզի համոզվեք, որ ոչ ոճի մեջ փոփոխություն կա... Նաև գործերի մեջ ոչ մի փոփոխություն չեք կարող ինձ ցույց տալ, որ, ասենք, էնպիսի հաջողություն է տեղի ունեցել հարյուր օրվա ընթացքում, որ այս կառավարությունն արդեն արժանացել է Հայաստանի քաղաքացիների վստահությանը», - ասաց ընդդիմադիր գործիչը:

«Կարծում եմ, հակառակը՝ հիասթափվել է և՛ բնակչությունը, և՛ գործարար շրջանակները, ու դա ցույց տվեց նաև ստվերի դեմ պայքարը», - նշեց Խաչատրյանը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը, մինչդեռ, կարծում է, որ հարյուր օրը շատ քիչ է՝ գնահատական տալու նոր կառավարության գործունեությանը:

«Այն ծրագրերը, որոնց մասին դուք ասում եք, դրանք հարյուր օրում իրականացվելիք ծրագրեր չեն, դրանք տևական ժամանակում իրականացվելիք ծրագրեր են: Իսկ ինչ վերաբերում է այդ հարյուր օրվա ընթացքում դրա հետ կապված քայերին, ես կարծում եմ, որ դրա հետ կապված քայլերը մեծ հույս են ներշնչում, որ, այդուհանդերձ, այդ լրջագույն խնդիրները կլուծվեն մեր երկրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մինասյանը։

Դիտարկմանը, թե քննադատներն ասում են, որ այս կառավարության գործունեությունը կարելի է արդեն ձախողված համարել, որ առանց համակարգային, քաղաքական փոփոխությունների տնտեսական դաշտում փոփոխություններ սպասել անիմաստ է, Մինասյանն այսպես արձագանքեց․ - «Մենք քաղաքական խնդիրները չենք զատում տնտեսական խնդիրներից, և այդ ներքաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ կատարվում են քայլեր, և այս առումով միշտ պատրաստ ենք բաց կոնսուլտացիաների, և ցանկացած առողջ առաջարկը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի կողմից կբարձրացվի, մենք պատրաստ ենք քննարկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG