Մատչելիության հղումներ

Նախնական վարկածով 17-ամյա պատանուն սպանել է ձերբակալված երկրորդ ադրբեջանցին


Հայ պատանուն սպանել է ադրբեջանցին
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00

Նախնական վարկածով 17-ամյա Սմբատ Ցականյանին սպանել է ձերբակալված երկրորդ ադրբեջանցին: Այս մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին:

Հիշեցնենք՝ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում սկզբում ձերբակալվեց դիվերսիոն խմբի անդամ 46-ամյա Շահբազ Գուլիևը, իսկ ավելի ուշ՝ 54-ամյա Դիլհամ Ասկերովը: Հենց Ասկերովն էլ, ըստ նախարարի, սպանել է 17-ամյա պատանուն:

Նախարար.- Նախնական վարկածով դիվերսիոն խմբի վերջին ձերբակալված անդամն է դա իրականացրել։

«Ազատություն».- Ճի՞շտ է, որ առանձնակի դաժանությամբ են սպանել պատանուն, և դա էր պատճառը, որ նրան փակ դագաղով են հուղարկավորել։

Նախարար.- Այդ մասին պետք է հարցնել իրավապահ մարմիններին։

«Ազատություն».- Իսկ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ նրանք բավականին երկար շրջել են, հասել են մինչև Վարդենիս, տարբեր տներում։

Նախարար.- Նման տեղեկություններ չկան։ Անկասկած խումբ է, որը ներթափանցել էր Քարվաճառի տարածք, տարբեր ուղղություններով են շարժվել... իրենք, իհարկե, տեղաշարժվել են այդ տարածքով, իսկ թե տներ են մտել կամ Վարդենիս են հասել, դա կպարզի քրեական գործի ողջ ընթացքը։ Տարիներ ի վեր միշտ տեղեկություններ կային, որ այդ հատվածում խմբեր են ներթափանցում, և փառք Աստծո, որ այս անգամ հմուտ գործողությունների արդյունքում նրանք բոլորը ձերբակալվել են։

Միանգամից ասեմ, որ դիվերսանտները Հայաստանի տարածքում չեն եղել, կարծում եմ, որ որոնումները կազմակերպվել են շատ բարձր մակարդակով, և շատ կարճ ժամանակահատվածում ենք կարողացել նրանց ձերբակալել։ Նախկինում այդպիսի երևույթների կասկածներ եղել են, բայց որևէ մի ձերբակալություն չի եղել։ Հուլիսի 8-ից մինչև 11-ը բոլոր ձերբակալվել են։ 4-5 օրվա ընթացքում այդպիսի խնդիր կատարել, այդ տարածաշրջանը ամբողջությամբ ուսումնասիրելը բավականին բարդ գործընթաց է, և գտնում եմ, որ բանակի և Ազգային անվտանգության աշխատակիցների համագործակցությունը այսօր բավականին բարձր մակարդակի վրա է։

«Ազատություն».- Հնարավո՞ր է, որ մեզ հայտնի փաստերից բացի այլ հանցագործություններ կատարած լինեն։

Նախարար.- Համենայնդեպս, Քարվաճառի ղեկավարության և տեղի իրավապահ մարմիններին, այնտեղ տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերի կողմից տեղեկություններ չկան այլ հանցագործությունների վերաբերյալ։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ դիվերսիոն խմբի բոլորն անդամներն էլ հայտնաբերված են, Սեյրան Օհանյանն ասաց, թե այդ նպատակով այժմ հետորոնողական աշխատանքներ են իրականացնում:

Պաշտպանության նախարարը անընդունելի է համարում հանրության ու նաև որոշ զինվորականների կողմից հնչող այն կասկածները, թե ձերբակալված ադրբեջանցիները դիվերսանտներ չեն:

«Եթե այլ հասարակությունում ասեին, որ դա եղել է դիվերսանտ, բոլորը կհամոզվեին, որ դա այդպես է։ Հիմա մենք ասում ենք, որ դիվերսանտներ են եղել, մեր ամբողջ հանրությունը և նաև շատ մարտական ընկերներ ասում են՝ դիվերսանտ չեն։ Ի՞նչ է դա տալու մեր հանրությանը, ի՞նչ է տալու դա մեր այն զինվորին, որը բացահայտել է, վնասազերծել և ձերբակալել է այդ դիվերսանտին։ Մենք ուզո՞ւմ ենք աջակցել մեր զինվորին, ով մարտական հերթապահություն է իրականացնում, ով դժվարին պայմաններում ապահովում է մեր ժողովրդի խաղաղ արարումը, թե ուզո՞ւմ ենք հուսալքել այդ զինվորին»,- ասաց Օհանյանը։

Անդրադառնալով հաճախ հնչող այն հարցին, թե ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը զենք չի բաժանում սահմանամերձ գոտու, տվյալ դեպքում նաև Քարվաճառի բնակիչներին, որպեսզի նրանք հնարավոր հարձակումների ժամանակ կարողանան պաշտպանվել, Սեյրան Օհանյանն ասաց, թե այդ շրջանների բնակիչների մի մասը պայմանագրային զինծառայողներ են, և այժմ Պաշտպանության բանակը քննարկում է նաև բնակավայրերում նրանց զենք- զինամթերքով ապահովելու հարցը:

Ի դեպ , այսօր ավելի վաղ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը պաշտպանության նախարարին խնդրեց զեկուցել Քարվաճառաի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին:

Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, թե դիվերսիոն խմբի բոլոր անդամները հայտնաբերված են, և այժմ Պաշտպանության բանակի հրամանատարությունը առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու և ականապատման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

«Եվ նաև բնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն, իրոք, իր առջև դրված խնդիրները լուծում է»,- ասաց նախարարը։

Հավելենք, որ այսօր զինվորական հավաքակայան կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանին խնդրեցինք անդրադառնալ նաև Մոսկվայում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը: Մասնավորապես, նախարարին փոխանցեցինք, որ գործարարի ընկեր գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը համոզմունք է հայտնել, թե նրա ձերբակալության ետևում կանգնած է Ադրբեջանը, որին դուր չի գալիս գործարարի կողմից Ղարաբաղին ցուցաբերվող մեծածավալ ֆինանսական օգնությունը։

«Լևոն Հայրապետյանը հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժանի զավակներից է, մեծ ներդրում է ունեցել և պայքարում, և հետպատերազմական տարիներին Արցախի վերականգման գործում, տնտեսական, կենցաղային հնարավորությունների ստեղծմանը։ Թե ինչ պատճառով է նա ձերբակալվել, ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ»,- ասաց Օհանյանը։

XS
SM
MD
LG