Մատչելիության հղումներ

Կասեցվել է ադրբեջանական դիվերսիայի փորձը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել` այս անգամ Քարվաճառի ուղղությամբ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ համապատասխան գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Նշենք, որ հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հարձակումը, սակայն մամուլը երեկ, հղում անելով իր աղբույրներին, տեղեկացնում էր, որ Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն հարձակման փորձ է եղել, և որ հայկական կողմին հաջողվել է ադրբեջանցիներից մեկին գերի վերցնել:

Մամուլը նաև տեղեկացնում էր, որ Վարդենիսում երեկ ողջ օրը խուճապային իրավիճակ էր, քանի որ տեղի բնակիչներին լուրեր էին հասել հարձակման մասին: Մարդիկ թերևս մտավախություն են ունեցել, որ դիվերսիոն խումբը կարող է ներթափանցել նաև Վարդենիս:

Սակայն այսօր Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց, թե Վարդենիսի ուղղությամբ հարձակում չի եղել:

Նշենք, որ երեկ հայաստանյան լրատվական կայքերը նաև տեղեկություն էին տարածել, թե Քարվաճառում մի պատանի է անհետացել: Լրատվամիջոցները չէին բացառել, որ պատանու անհետացումը կարող է կապ ունենալ դիվերսիոն հարձակման հետ, այսինքն` որ նա կարող է գերեվարված լինել:

Այսօր Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ գերեվարված լինելու մասին տեղեկատվություն չունեն, սակայն հաստատեցին, որ մի քանի օր առաջ անհետ կորել է 1997 թվականին ծնված Սմբատ Ցականյանը: Այժմ նրան որոնում են:

Դավիթ Բաբայան. «Թող նրանք իմանան, որ ցանկացած նման փորձ ձախողվելու է»

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության հետ զրույցում նշեց, որ այժմ հետախուզական աշխատանքներ են տարվում դիվերսիոն մյուս անդամներին բացահայտելու, անհետ կորած հայ պատանուն հայտնաբերելու ուղղությամբ:

Ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ 17-ամյա Ցականյանը գերեվարված լինի, Բաբայանն արձագանքեց. - «Մենք չգիտենք: Հետախուզությունը, հետաքննական աշխատանքները ցույց կտան իրականությունը: Քանի որ դեռևս չկա որևէ հիմք այս կամ այն վարկածը որպես հիմնական առաջադրելու, բերեք սպասենք և տեսնենք ինչով է վերջանում այդ հետաքննությունը»:

«Հիմնականում, քանի որ դիվերսիոն գործընթաց է, պետք է հայտնաբերել այդ դիվերսանտներին, եթե այդպիսիները մնացել են», - շարունակեց ԼՂ նախագահի խոսնակը: - «Իհարկե, բնական է, նաև մեր քաղաքացուն: Արդեն համապատասխան մարմինները` ոստիկանությունը և այլն զբաղվում են այդ գործընթացով»:

Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ փախուստի դիմած դիվերսանտները չեն կարող որևէ վտանգ ներկայացնել տեղի բնակչության համար, եթե նրանց արդեն իսկ չի հաջողվել փախուստի դիմել, ապա անկասկած կձերբակալվեն. - «Եվ թող նրանք իմանան, որ անկախ ամեն ինչից, իրենց ցանկացած նման փորձ ձախողվելու է»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Բուենոս Այրեսում տված հարցազրույցին, որում Հայաստանի նախագահը նշել էր, որ Հայաստանը մտահոգված է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին` ԼՂ նախագահի խոսնակն ասաց, թե իրենց համար ցավալի է, երբ ցանկացած երկիր զենք է վաճառում Ադրբեջանին, քանի որ անընդունելի է ահաբեկչական պետությանը զենք մատակարարելը:

Վերջին շրջանում Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառած Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մասին Բաբայանն ասաց. - «Հատկապես Ռուսաստանը, որը նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, զենքը տրամադրելով ինչ-որ ձևով պիտի նաև երաշխավոր կանգնի, որպեսզի այդ զենքը չօգտագործվի»:

Նա հավելեց, որ ներկայումս Ռուսաստանի մատակարարած զենքը չի օգտագործվում. - «Այս ամենը, իհարկե, կարող է օգտագործել, եթե լինի պատերազմ: Բայց բալանսը պահպանված է: Այսինքն Ռուսաստանը, իհարկե, չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իր ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը լինի ավելի վատ իրավիճակում, կամ դիսբալանս ստեղծի զենքի մատակարարման գործընթացում»:

Բաբայանի պնդմամբ` այժմ հավասարակշռությունը պահպանված է լիովին. - «Եթե հավասարակշռությունը փոխվի, անմիջապես Ադրբեջանը կանցնի ակտիվ գործողությունների»:

XS
SM
MD
LG