Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վտանգավոր են համարում ԵՏՄ-ին անդամակցելը


Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վտանգավոր են համարում ԵՏՄ-ին անդամակցելը
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վտանգավոր են համարում ԵՏՄ-ին անդամակցելը

«Այսօր Հայաստանը հայտնվել է ամենավտանգավոր իրավիճակում՝ անկախության 23 տարիների պատմության մեջ», - ասում է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ ընդգծելով, որ դեպի Եվրասիական միություն տանող ճանապարհը սպառնում է ոչ միայն Հայաստանի ինքնավարությանը, այլև Ղարաբաղին։

«Հայաստանը գործիք է դարձել Ռուսաստանի ձեռքում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Ռուսաստան - Ադրբեջան բանակցություններում մենք ընդամենը գործոն ենք, որ կարող են զիջվել։ Իսկ Ռուսաստանի գլխավոր նպատակն է վերահսկողություն սահմանել Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության վրա և խաղաղապահների անվան տակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում տեղակայել ռուսական զորքեր», - «Համագործակցություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Շահնազարյանը։

«Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվեցին, իրենց խոսքով, հանուն անվտանգության, իսկ այժմ պարզվում է, մենք անվտանգության երաշխիքներ չունենք նաև նոր՝ Եվրասիական միությունում», - ասաց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բասեղյանը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը բացահայտ ջանքեր է գործադրում Ադրբեջանին ևս Եվրասիական միություն տանելու համար։

«Կա՞ն երաշխիքներ, կա՞ն քայլերի շատ կոնկրետ շարան, թե ինչպես է լուծվելու Ղարաբաղի հարցը, եթե Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միաթյանը: Եթե կա ճանապարհային քարտեզ, ցույց տվեք մեզ այդ քարտեզը», - ասաց Բարսեղյանը։

Սեպտեմբերի 3-ից հետո 9 ամիս է անցել, սակայն ցայսօր իշխանությունները որևէ հստակ պարզաբանում չեն տվել՝ ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչ է ստանալու նոր անդամակցության դիմաց, փաստում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ անգամ Նազարբաևի աղմկահարույց հայտարարությունից ու Ալիևի նամակից հետո նախագահը ոչ թե ասուլիս հրավիրեց, այլ ընդամենը երիտասարդ կուսակիցների հետ հանդիպմանը մի քանի նախադասությամբ անդրադարձավ թեմային։

«Ցանկացած երկրի ղեկավար պետք է միշտ շփվի ժողովրդի եհտ, չպետք է խուսափի ընդդիմադիր և սուր հարցերից», - ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Չենք տեսնում մենք Սերժ Սարգսյանի հրապարակային մասնակցային բանավեճը։ Ինչո՞ւ սեպտեմբերի 3-ից առաջ միայն երկու-երեք հոգու հետ խոսեց, թող գար զրուցեր», - ասաց Լևոն Բարսեղյանը։

Ընդ որում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար հավասարապես անընդունելի է ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմության վարքագիծն այս հարցում։
«Մեր քաղաքական ուժերը սնանկ են քաղաքական տեսանկյունից», - ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Երեկ, հիշեցնենք, ոչ իշխանական 4 ուժերը դռնփակ քննարկում անցկացրին, ինչից հետո պարզվեց, որ կազմել են Հայաստանի ներքին հարցերին վերաբերող 12 կետից բաղկացած նամակ- պահանջագիր՝ ուղղված իշխանություններին։

«Երեկվա այդ 12 կետանոց ներքին խնդիրների լուծմանը ուղղված այդ պահանջագիրը և աշնանը իշխանության կատարողականին անդրադառնալու խոստումը վկայում է որ խորհրդարանական ընդդիմությունն ու ոչ իշխանական ուժերը համաձայն են Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հետ», - ասաց Լևոն Բարսեղյանը։

Հավելենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության հայտարարության է տարածել՝ պահանջելով իշխանություններից անհապաղ հրաժարվել Եվրասաիական տնտեսական միությանը միանալու գործընթացից։ Այսօր նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատությանը» ասել է, որ Աստանայի վերջին զարգացումները «դիվանագիտական ձախողում» են:
XS
SM
MD
LG