Մատչելիության հղումներ

Սարգսյան․ «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց որևէ վնաս չի կարող մեզ տալ»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Ղարաբաղի խնդիր Մաքսային միությունում չի լուծվում, շեշտում է Հայաստանի նախագահը:

Աստանայում Նազարբաևի հնչեցրածը «տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ», այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ Ծաղկաձորում կայացած հանդիպմանը պատասխանելով երիտասարդ հանրապետականներից մեկի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ՝ նկատի առնելով Աստանայում Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի նախագահի նամակը՝ կապված միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և Լեռնային Ղարաբաղը ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ, Սերժ Սարգսյանը շեշտել է․ - «Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին»:

«Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում», - ասել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը՝ սա միանշանակ է»:

«Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հարցին իր պատասխանը ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ հինգշաբթի օրը Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG