Մատչելիության հղումներ

Մինսկյան գագաթնաժողովին չմասնակցելու մեջ «արտառոց բան չկա»


Հայաստանը չի մասնակցելու ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք ՄՄ գագաթնաժողովին
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00

Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում քննարկվելու են Հայաստանին առնչվող հարցեր, սակայն առանց Հայաստանի ներկայացուցիչների:

Հայաստանի նախագահը չի մասնակցելու այսօր Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:

Այսօր «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ հավելելով, որ նախագահ Սարգսյանը գտնվում է Երևանում և շարունակում է աշխատել իր սովորական աշխատանքային օրակարգով:

Մինչդեռ Մինսկում մեկնարկած Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքի ղեկավար մարմնի՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում այսօր քննարկման են դրված հենց Հայաստանին առնչվող հարցեր:

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի, Նորսուլթան Նազարբաևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի այսօրվա բանակցությունների օրակարգում երկու հարց է՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագիծը և Մաքսային միությանն ու Միացյալ տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման ընթացքը:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը այսպես բացատրեց մինսկյան գագաթնաժողովին Հայաստանի չմասնակցելը. - «Դեռ չհանդիսանալով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ՝ Հայաստանը չի մասնակցում այսօր Մինսկում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ըստ օրակարգի՝ նախատեսված է, որ գագաթաժողովին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախանշված միջոցառումների իրականացման ընթացքի մասին տեղեկատվությունը անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներին կներկայացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը»։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանի փոխանցմամբ, արտառոց որևէ բան չկա, որ Հայաստանն այսօր չի մասնակցում մինսկյան գագաթնաժողովին:

«Աշխատանքային ընթացքը շարունակվում է, որոշակի խնդիրներ դեռևս գտնվում են բանակցային գործընթացքում, և ես կարծում եմ, որ դա մեծ հաշվով մինսկյան հանդիպումով պայմանավորել պետք չէ։ Գործընթացը գտնվում է իր նորմալ, բնականոն հունում»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Միաժամանակ, Զաքարյանը չցանկացավ արձագանքել այն հարցին՝ եթե որևէ խնդիր չկա, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում Մինսկի այսօրվա գագաթնաժողովին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատությանը» ասաց, թե հարցի վերաբերյալ կուսակցությունում քննարկում չի եղել, ուստի ինքը չի կարող դիրքորոշում հայտնել:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի ավտորիտար իշխանությունները շարունակում են հանրությունից գաղտնի բանակցություններ վարել՝ մեր երկրի համար կենսական հարցերի շուրջ։

«Այսինքն մեզ մնում է միայն կռահել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ակնհայտ է, որ այնտեղ ինչ-որ բան այնպես չէ, ինչպես պլանավորվում էր»,- ասաց Զուրաբյանը։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի չմասնակցելը մինսկյան գագաթնաժողովին նշանակում է՝ կա՛մ Մաքսային միության երկրները դեռ պատրաստ չեն ընկալել Հայաստանի հետ իրենց հարաբերությունները, կա՛մ Հայաստանը ժամանակ է շահում՝ օգտվելով միությունում առկա չկարգավորված հարցերից։

«Ես մի փոքրիկ ներքին ուրախություն եմ ապրում, որ Հայաստանը դեռ ունի ժամանակ վերլուծելու, քննարկելու և ավելի ճիշտ որոշում կայացնելու։ Ինքս մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ չեմ հավատում Մաքսային միության գաղափարին», - «Ազատությանը» ասաց Պողոսյանը:

ՀՀՇ վարչության նախագահ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ մինսկյան գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը Երևանում չի կայացվել, ինչը ցույց է տալիս, որ Կրեմլում Հայաստանը դիտարկում են երկրորդական կարգի պետություն, որի հետ պայմանավորվելու կարիք չկա:

«Մեր շահերը ոտնահարված են այն պահից, երբ մենք մեր ամբողջ տնտեսության զգալի մասը տվեցինք Ռուսաստանի տնօրինությանը և մենք մեր ապագան կապում ենք Ռուսաստանի հետ։ Այլևս Հայաստանը հրաժարվում է սուվերենության իր վերջին մասերից, և այո, Ռուսաստանը մեզ չի ընկալում որպես հավասար պարտնյոր»,- ասաց Արզումանյանը։
XS
SM
MD
LG