Մատչելիության հղումներ

Ավետիսյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ


Ավետիսյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր մերժեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը. Ավետիսյանը, ով մեղադրվում է խարդախության մեջ, մնաց կալանքի տակ:

Դատարանի որոշումը հիասթափեցրեց ու զայրացրեց Ավետիսյանի մարտական ընկերներին: Նրանք նույնիսկ փորձեցին մտնել այսօր սովորականից ավելի ուժեղացված պահպանվող դատարան:

Նրանց այդ քայլից հետ պահեց Ավետիսյանի հարևանը` Մարատ Արթենյանը` բերելով փաստարկներ, թե այստեղ իրենք ոչինչ չեն կարող անել, թե «դրա համար գոյություն ունի Եվրոպայի դատարան, Վճռաբեկ, Սահմանադրական դատարան»:

Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի փոխանցմամբ` դատարանը չի պատճառաբանել իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու որոշումը, ինչպես նաև այն, թե ինչու Ավետիսյանի նկատմամբ համաներումը չկիրառվեց:

Ազատամարտիկը, հիշեցնենք, չի ընդունում իրենց մեղսագրվող հանցանքը, բայց համաներմամբ ազատ արձակվելուն դեմ չէ:

«Դատարանն անմիջականորեն համաներում չի կարող կիրառել տվյալ դեպքում, բայց դատարանը պարտավոր էր համաներման առկայությունը հաշվի առնելով, ազատել նաև կալանքից», - նշեց փաստաբանը:

Արա Զաքարյանն ասաց, որ դատարանի այսօրվա որոշումը բողոքարկելու են վճռաբեկ ատյանում, եթե անհրաժեշտություն առաջանա` նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Փաստաբանի խոսքով` դատարանն այսօրվա որոշմամբ ապացուցեց, որ Ավետիսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ազատամարտիկների բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Զաքարյանն ասաց, թե ուզում է տեսնել այդ Հ. Զաքարյանին, ումից, ըստ իրավապահների, Ավետիսյանի երկու հազար դոլար է վերցրել` խոստանալով բանակից ազատել նրա թոռանը:

Ավետիսյանի և տուժող Զաքարյանի միջև, հիշեցնենք, առերեսում դեռևս տեղի չի ունեցել:

«Քննիչի ասելով` ինքը հնարավորինս արագ է քննությունը կատարում, բայց այդ հնարավորինս արագությունը մենք ոչ մի ձևով չենք տեսել ու չենք զգացել», - ասաց փաստաբանը` հավելելով, որ անցած մեկ ամսվա ընթացքում իր պաշտպանյալի հետ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել:

Նախկին ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ կալանավորելով իրենց ընկերոջը, իշխանությունը ցանկանում էր խեղճացնել իրենց:

«Եթե գնդապետ ազատամարտիկը այդպիսի բան արած լիներ, բա իր տան վիճակը տե՞նց կլիներ: Եկեք գնանք զուգահեռներ անցկացնենք մյուս գնդապետների տների հետ», - հավելեց նա:

«Վաղը, մյուս օրը ինձ, բոլոր ընկերներին կասեն` մի բան արել եք: Գնացինք, արինք, որ հիմա էլ մեր վրա գործեր սարքե՞ն: Վաթսունհինգ հազար թոշակն է: Ուրբաթ օրը ստացել եմ, այսօր պարտքով պապիրոզ ենք առնում», - նշեց մեկ այլ ազատամարտիկ:

Այսօր դատարան էին եկել Վոլոդյա Ավետիսյանի վեց երեխաները, որոնցից երեքը` անչափահաս: Նրանք ակնհայտորեն սպասում էին, որ իրենց հորը ազատ կարձակեն: Դատարանի որոշմամբ, սակայն, նա անազատության մեջ կմնա դեռ առնվազն մեկ ամիս:
XS
SM
MD
LG