Մատչելիության հղումներ

ՀՀԿ փոխնախագահի համոզմամբ` գազի գնի հարցում «ավելի մեղմ տարբերակ կգտնվի»


Գազի սակագնի սպասվող բարձրացման դեմ բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց, Երեւան, 16-ը մայիսի, 2013թ.
Գազի սակագնի սպասվող բարձրացման դեմ բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց, Երեւան, 16-ը մայիսի, 2013թ.

ՀԱԿ խմբակցության ղեկավարը, մինչդեռ, մեծ հույսեր չի կապում իշխանությունների խոստումների հետ:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով գազի թանկացման խնդրին, ասաց, որ իշխող կուսակցությունը` ի դեմս կառավարության, քայլեր է կատարում իրավիճակը մեղմելու ուղղությամբ:

Հինգշաբթի երեկոյան Ազգային ժողովում գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված լսումներ են նախատեսված, որոնց հրավիրված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ու կառավարության ներկայացուցիչները:

«Այս պահին դժվար է գնահատականներ տալ, որովհետեւ դեռեւս քննարկումների փուլում ենք: Բոլոր կողմերը երբ արդեն թվերը կհրապարակեն, հարցադրումները կլինեն` նոր: Համենայն դեպս, ես համոզված եմ, որ ավելի մեղմ տարբերակ կգտնվի», - նշեց Սահակյանը:

Հիշեցնենք, անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ցանկանում է շուրջ 67 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը (մոտ 315 դոլար) դարձնելով 221 հազար դրամ, կառավարությունը անմիջապես պատրաստակամություն հայտնեց 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը` համապատասխան նամակ ուղարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին:

Գալուստ Սահակյանը գազի թանկացման հետեւանքով այլ ապրանքատեսակների մոտ 2 տոկոսով թանկացման խնդիր է տեսնում, բայց չի կարծում, որ գնաճը կարող է ճգնաժամ առաջացնել բնակչության շրջանում: «Որովհետեւ սոցիալական ծրագրեր կան, սուբսիդիաներ կտրվեն նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին, առավել եւս` 2014 թվականին արդեն միանգամից աշխատավարձի բարձրացումներ է տեղի ունենում, իսկ հուլիսին ցածր աշխատավարձն է բարձրանալու», - ասաց նա:

«Այսինքն, Հանրապետականը մտահոգված չէ՞ բողոքի ցույցերով, սոցիալական բունտի հեռանկարով», - այս հարցին կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Չեմ կարծում, որ մեր բողոքի ցույցերը պիտի Ռուսաստանի ուշադրության կենտրոնում լինեն: Ռուսաստանից գազը գնում են, եթե հարմար չի, ուրեմն` գազ չենք գնի, էսպես է դուրս գալիս: Այսինքն, դա իշխանություններից կամ մեր հասարակությունից կախված խնդիր չէ. ինչպես տարբեր ապրանքներ, այնպես էլ գազը ներմուծում ենք մենք»:

Խորհրդարանական ընդդիմությունը, մինչդեռ, շարունակում է առաջ քաշել ստեղծված իրավիճակի համար իշխանությունների ուղղակի պատասխանատվության խնդիրը:

«Նախ, իշխանությունը թաքցրել է գազի գնի թանկացումը ժողովրդից ամբողջ ընտրական ժամանակաշրջանում եւ ընտրական ցիկլի ավարտից հետո նոր հայտարարել է այս աղետալի որոշման մասին: Երկրորդը` ակնհայտ է, որ այս երկրի ոչ լեգիտիմ իշխանությունները, հենց իրենց ոչ լեգիտիմության պատճառով կախվածության մեջ լինելով Ռուսաստանի իշխանություններից, չեն կարողանում Հայաստանի ժողովրդի շահերը պաշտպանել Ռուսաստանի իշխանությունների հետ հարաբերվելիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր
Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործիչը մեծ հույսեր չունի իշխանությունների խոստումների հետ կապված: «Կառավարությունն այսօր հայտնում է, որ պատրաստ են սուբսիդավորել 30 տոկոսով: Պարզ չի՞, որ դա արվելու է հարկատուների փողերի հաշվին, այսինքն` հարկատուների մի գրպանից հանում են, դնում են մյո՞ւս գրպանը: Սա անհասկանալի, անթույլատրելի ձեւեր են», - հայտարարեց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG