Մատչելիության հղումներ

Կառավարությունը խոստանում է 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը


Բողոքի ակցիա գազի սակագնի բարձրացման դեմ, 16-ը մայիսի, 2013
Բողոքի ակցիա գազի սակագնի բարձրացման դեմ, 16-ը մայիսի, 2013
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով գազի սակագնի բարձրացման հարցին, հայտարարեց, որ պաշտոնական նամակ է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին սակագնի վերանայման կապակցությամբ:

«Իմ նամակում, որը ես հղել եմ Ռոբերտ Նազարյանին, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը: Եվ ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի գների թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի», - հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք` «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ցանկանում է շուրջ 67 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ: Օրերս ընկերությունը պաշտոնապես դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով բարձրացնել նաեւ մեծածախ գազի եւ օպերատորի մատուցած մի շարք ծառայությունների սակագները:

Վարչապետը վստահեցրեց, որ սակագնին առնչվող քննարկումները լինելու են բաց եւ հրապարակային, եւ այդ հարցով հետաքրքրված բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկումներին:

Գործադիրի նիստի սկսվելուց դեռ մեկ ժամ առաջ կառավարության շենքի առջեւ գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա էր իրականացվում: Ակցիային ներկա էին ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ հասարակական կառույցների ներկայացուցիչներ ու ակտիվիստներ:

«Մենք ինքներս քայլեր նախատեսում ենք եւ կանենք, բայց սա ինքնաբուխ հավաք է եւ լիովին համահունչ է մեր մտահոգությունների հետ: Մարդիկ հավաքվել են հասկանալով, թե ինչպիսի աղետալի հետեւանքները կարող են ունենալ նման թանկացումները, որ կարող են շղթայական ռեակցիայի նման ծավալվել, առանց այն էլ եթե նկատի ունենանք այն թշվառության աստիճանը, որ գոյություն ունի երկրում», - ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանն ասաց` գազի գնի բարձրացումը սպասելի էր. - «Բայց, ըստ էության, պաշտոնական տվյալներով, պաշտոնական հայտարարություններով, բյուջեով նման բան նախատեսված չէր», - ընդգծեց նա:

Արմեն Ռուստամյանը երեւույթը դիտարկում է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից:

«Անընդհատ խոսում ենք այն մասին, որ ռազմավարական մեր գործընկերն է: Հիմա ամեն ինչ գցել Ռուսաստանի վրա, ասել` իրենք թանկացնում են, մենք էլ ստիպված պիտի թանկացնենք, բա ո՞ւր մնացին մեր ռազմավարական գործընկերության դաշտում եղած ձեռքբերումները», - հարցնում է Ռուստամյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ` Ռուսատանի առջեւ պետք է խնդիր դնել, որ Հայաստանում անընդունելի է գազի սակագնի բարձրացում. - «Մանավանդ որ Հայաստանում իրացվող գազի ծավալները ռուսական ամբողջ իրացման մեջ այնքան փոքր տոկոս են կազմում. որեւէ ձեւով հնարավոր չէ, որ այստեղի իրացումը մեծ շահույթներ բերի Ռուսաստանին: Սա հանգեցնում է հայաթափման, եթե Ռուսաստանը գնում է այդ քային, կա միջազգային ոլորտում ընդունված կարգ` ազգայնացնել այն բոլոր ձեռնարկությունները, որտեղ էներգետիկ համակարգում Ռուսաստանը ունի 80 տոկոս եւ ավելի մասնակցություն», - ասաց պատգամավորը:

Ակցիային ներկա էր նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

«Այն, ինչ ուզում է կյանքի կոչել կառավարությունը, ուղղակի ոչ միայն ապաշնորհ քաղաքականության հետեւանք է, այլ հանցագործ քաղաքականության հետեւանք», - ասաց Փոստանջյանը` պնդելով, որ պետք է ըմբոստանալ, ընդվզել եւ մերժել այս ամենը:

Ակցիայի մասնակից հասարակական նախաձեռնության ակտիվիստները գազի սակագնի բարձրացմանն ուղղված նամակ էին պատրաստել պատկան մարմիններին, որի տակ ստորագրեցին բոլոր ցանկացողները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, երկրի նախագահին եւ վարչապետին հասցեագրված նամակում, մասնավորապես, ասվում է. - «Գազի սակագնի բարձրացման հետ պահանջ պետք է դրվի բնակչության եկամտի համարժեք բարձրացման, իսկ ինչ աղբյուրներից դա կարվի կառավարության` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի մտահոգության առարկան պետք է լինի, ինչը գործնականում նա անտարբերության է մատնել: Վստահ լինելով մեր ուժերի, համառ ու անկոտրում պայքարի վրա` առայժմ կոչ ենք անում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ելնելով մեր հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակից, վերանայելով այդ ընկերությունների դիմում-հայտերը խնդրո առարկայի վերաբերյալ, որոշում կայացնել հօգուտ հանրության եւ ամբողջովին մերժել այդ ընկերությունների հայտերը՝ գազի սակագինը թողնելով անփոփոխ: Այդպիսի որոշում չընդունելու դեպքում մեզ իրավունք ենք վերապահում հայտարարելու քաղաքացիական անհնազանդություն եւ կոչ անելու ժողովրդին չվճարել սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց: Գազի սակագնի բարձրացման մասին որոշում ընդունելու դեպքում, դա մեր կողմից կդիտվի որպես սահմանադրության կարեւորագույն դրույթի՝ սոցիալական պետության դրույթի խախտում, եւ քաղաքացիներն արդեն ստիպված կլինեն սեփական ուժերով վերականգնել խաթարված սոցիալական արդարությունը»:

Փաստաթղթի մի օրինակը ակտիվիստները հանձնեցին կառավարությանը, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որտեղ ակցիայի մասնակիցներից մի քանիսին ընդունեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով հաստատեց, որ գազի սակագինը միանշանակ թանկանալու է, այլ հարց է, թե որքան: Լուծումները կլինեն ողջամիտ, ակցիայի մասնակիցներին վստահեցրեց Նազարյանը: Ըստ հանձնաժողովի նախագահի` ռուսական կողմը գազի սակագինը սահմանի վրա գործող 180 դոլարի փոխարեն սահմանել է 270 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հետո բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի նախագահական նստավայր եւ նամակի մեկ օրինակ էլ գցեցին նստավայրում նամակների համար նախատեսված արկղի մեջ:
XS
SM
MD
LG