Մատչելիության հղումներ

Փուչիկների գործի առնչությամբ «հանձնարարականներ են տրված»


Հայաստան -- Գազով լեցուն փուչիկների պայթյունը ՀՀԿ հանրահավաքի ժամանակ, Հանրապետության հրապարակ, Երեւան, 4-ը մայիսի, 2012թ․
Հայաստան -- Գազով լեցուն փուչիկների պայթյունը ՀՀԿ հանրահավաքի ժամանակ, Հանրապետության հրապարակ, Երեւան, 4-ը մայիսի, 2012թ․
Մայիսից շրջիկ վաճառականները Երեւանում գազով լիցքավորված փուչիկներ չեն վաճառում, էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարություններին տրված են համապատասխան հանձնարարականներ, իսկ փուչիկների գործով մեղադրյալ է ճանաչվել ոմն փուչիկ լիցքավորող Սերոբ Բոզոյան: Սրանք են այն միջոցառումները, որոնք հետեւեցին Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ մեթանով լիցքավորված փուչիկների պայթյունին, որի պատճառով ավելի քան 200 մարդ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ ստացավ:

Ավելի վաղ, հիշեցնենք, Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագրերով դիմել էր քաղաքապետին եւ վարչապետին: Վարչապետին` որպեսզի նա իրավասու մարմիններին համապատասխան հանձնարարականներ տա զանգվածային միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացները կանոնակարգող նորմատիվ բազան վերանայելու նպատակով: Քաղաքապետին էլ` որպեսզի համարժեք վերահսկողության տակ առնվեն «հանրավտանգ հետեւանքների նախադրյալներ պարունակող բոլոր գործընթացները»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցումներին ի պատասխան, թե ինչ է արվել նամանտիպ դեպքերը բացառելու համար, Կառավարությունից պատասխանեցին, որ էկոնոմիկայի եւ արտակարգ իրավիճակների նախարարներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում խնդրի իրավական կարգավորման համար անհրաժեշտ փաստաթուղթ կամ փաստաթղթեր ներկայացնել։ Սահմանված ժամկետը դեռեւս չի լրացել։

Քաղաքապետարանն էլ, պատասխանելով մեր հարցմանը, նշել էր, որ համակարծիք է գլխավոր դատախազի հետ եւ հիմնական սպասելիքները օրենսդրական փոփոխություններից են, որոնք պետք է բացառեին նման դեպքը:

Մինչդեռ, իրավագետները նշում են, որ օրենսդրական բացեր չկան ու միջադեպը կարելի էր բացառել, իսկ բոլոր մեղավորներին էլ պատժել։ Մասնավորապես, փաստաբան Հովիկ Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց․ - «Ես համակարծիք եմ, որ օրենքում ավելի ամբողջական լինի եւ այլն, բայց բոլոր դեպքերում, որքան էլ անկատար լինի, թերի լինի, այնուամենայնիվ եղածն էլ բավարար էր, որպեսզի նման երեւույթների հետ կապված հսկողություն իրականացվի։ Այստեղ պատասխանատվությունից զերծ պահելու խնդիրն է․․․ մի անձնավորության քավության նոխազ դարձրեցին եւ պարզվեց, որ այդ մի անձնավորությունն էր մեղավոր»։

Հիշեցնենք` փուչիկների գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Երեւան քաղաքի բնակիչ Սերոբ Հրաչիկի Բոզոյանը, գործն ուղարկվել է դատարան, Բոզոյանն էլ չհեռանալու ստորագրությամբ գտնվում է ազատության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը քրեական պատասխանատվություն է սահմանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, որով անզգուշությամբ վնաս է պատճառվել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

Դատախազությունը փաստում է, որ Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի հանրահավաքի համար մեղադրյալ Սերոբ Բոզոյանը ստացել է 7.000 հատ փուչիկ լիցքավորելու պատվեր եւ սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով։ Մայիսի 4-ին Բոզոյանը դրանք հանձնել է փուչիկների պատվիրատուին եւ ստացել 770.000 դրամ կանխիկ գումար:

Այնուհետեւ փուչիկները բաժանել են միջոցառման մասնակիցներին, ովքեր դրանք տեղափոխել են հանրահավաքի անցկացման վայրը՝ Հանրապետության հրապարակ, որտեղ երեկոյան ժամը 19-ի սահմաններում փուչիկները բռնկվել ու պայթել են:

Դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենց հիմնական մտահոգությունը վերաբերում է ընդհանրապես անհայտ ծագման գազով լիցքավորվող փուչիկների տարածվածությանը:

Ոստիկանությունից էլ հետաքրքրվեցինք` արդյոք որեւէ կերպ չի կարգավորվում պատվիրատուի կողմից անվտանգության կանոններին չհետեւելը եւ անծանոթ ծագման փուչիկագործներին նման մեծաքանակ պատվերներ տալը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հրաժարվեցին մեկնաբանություններ տալ` նշելով, որ գործն ուղարկվել է դատարան եւ Ոստիկանությունն այս փուլում հրաժարվում է մեկնաբանել գործին առնչվող հարցերը:

Փուչիկների գործով առաջին դատական նիստը կկայանա օգոստոսի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի, այս գործով 228 մարդ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել, այդ թվում` 2 մարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Ըստ դատական տեղեկատվական համակարգի, գործով որպես տուժող են անցնում 197 հոգի:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG