Մատչելիության հղումներ

«Եթե ընտրությունները կեղծվեն, «Ժառանգություն»-ը հրապարակ դուրս կգա»


Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն TV-ի ստուդիայում պատասխանում է Facebook-ի օգտատերերի հարցերին:
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն TV-ի ստուդիայում պատասխանում է Facebook-ի օգտատերերի հարցերին:
«Եթե առաջիկա ընտրությունները կեղծվեն, «Ժառանգություն» կուսակցությունը հրապարակ դուրս կգա», - «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով Facebook-ի օգտատերերի հարցերին` հայտարարեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե 1991 թվականից այս կողմ առաջին անգամ լինում են ազատ, արդար, հայավայել, սահմանադրական ընտրություններ, մենք կշնորհավորենք եւ կընդունենք շնորհավորանքները: Իսկ եթե կեղծվեն ընտրությունները, մայիսի 7-ին «Ժառանգություն» -ը կլինի հրապարակում», - ասաց նա:

Հովհաննիսյանի կարծիքով, ազատ ընտրությունների պարագայում «Ժառանգություն»-ը Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու հնարավորություն ունի, եւ այդ դեպքում, ըստ նրա, որեւէ ուժի հետ համագործակցությունը բացառված չէ:

Հարցին, թե նման պարագայում «Ժառանգություն»-ը կնախընտրի կոալիցիա կազմել իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր ուժի հետ, կուսակցության առաջնորդը պատասխանեց. - «Առաջին հերթին ընդդիմության հետ»:

Նախընտրական հիմնադրամի մեծությամբ «Ժառանգություն»-ը զիջում է միայն իշխող ՀՀԿ-ին: Արձագանքելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերվում այն կարծիքներին, թե այդ գումարները գոյացել են ՀՀԿ-ի հետ ստվերային պայմանավորվածությունների արդյունքում, Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց, որ «Ժառանագություն»-ը իր ծախսերը չի թաքցնում, եւ դա է պատճառը, որ գումարը մեծ է թվում: Նա, սակայն չմասնավորեցրեց, թե այդ գումարները որտեղից են գոյացել:

«Մեզ մոտ ստվերայնություն չկա: Մեզ մոտ ինչ ծախսում ենք` տեսահոլովակների, քարոզչության, ցուցատախտակների, ցուցափեղկերի համար, մենք ներկայացնում ենք որպես բաց եւ ամբողջ հաշվետվություն մեր ժողովրդին», - ասաց նա` հավելելով թե, չնայած շրջանառվող լուրերին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չի ունեցել. - «Մենք մերժում ենք ցանկացած ստվերայնություն: Չկա հանդիպում այս կամ այն նախագահի, այս կամ այն ուժի հետ: Մենք հարգում ենք մեր բոլոր նախագահություններին` լինելով իրենց քննադատը, իրենց ընդդիմությունը: Ամեն մեկը իր նվաճումը, իր ներդրումը եւ սխալը ունեցել է: Բայց մենք ասում ենք, որ Հայաստանը իր ընտրությունը կատարելու է այս տարվա ընթացքում, եւ մենք ուզում ենք, որ այդ նորի այլընտրանքը լինի դեպի ապագան նայող, օրինական եւ ոչ երբեք` անցյալից բխող»:

Հովհաննիսյանը նաեւ կտրականապես հերքեց այն լուրերը, թե «Ժառանգություն»-ը Հանրապետականի հետ պայմանավորվածություն ունի, ըստ որի «իրար մասին վատ բաներ չեն խոսելու», եւ փոխարենը «Ժառանգություն»-ը իշխանությունից ձայներ է ստանալու. - «Նման պայմանավորվածություն չկա»:

«Ժառանգության» առաջնորդը չմասնավորեցրեց, թե արդյո՞ք առաջադրվելու է նախագահական ընտրություններում. - «Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք Ազգային ժողովի ընտրություններից հետո այնպիսի միջավայր ստեղծել, որ մենք միասին մեր հասարակությանն առաջարկենք այլընտրանքային առաջին նախագահի թեկնածություն: Եվ բնավ կարեւոր չէ, որ իր անունը Րաֆֆի լինի, թե ուրիշ»:

Facebook-ի օգտատերերին հետաքրքում էր նաեւ, թե ինչու «Ժառանգություն»-ը դուրս եկավ ընտրությունների վերահսկողության համար ստեղծված միասնական շտաբից: Ո՞րն էր պատճառը. այն, որ շտաբը կազմող քաղաքական ուժերի առաջին դեմքե՞րը չեն ստորագրել հռչակագիրը, թե՞ որովհետեւ այդ շտաբը Ռոբերտ Քոչարյանին է ծառայում:

Հովհաննիսյանն այս կապակցությամբ ասաց, թե այդ հռչակագրի տակ դրած իրենց ստորագրությունը հետ չեն կանչել, բայց համագործակցությունը խորացնելու համար «Ժառանգության» կարեւոր պայմանը շարունակում է մնալ քաղաքական ուժերի առաջին դեմքերի ստորագրությունը. - «Այն քայլերը, որ մենք առաջարկել ենք, միտում ունեն միմիայն ուժեղացնելու, ամբողջացնելու եւ ավելի սոլիդ դարձնելու այդ նախաձեռնության աշխատանքները, դուրս բերելու ձեւականության հորձանուտից: Եվ հույս ունեմ, որ այդ երեքը` մեր գործընկերները դա կկարողանան անել: «Ժառանգություն»-ը ներկա է: Հիմա եւեթ ես կստորագրեմ այդ շտաբի իմ երեք գործընկերների հետ, միայն թե այդ հավաքական պատասխանատվությունը մեր ժողովրդի առջեւ եւ Սահմանադրության տակ վերցնենք եւ թույլ չտանք, որ որեւէ մեկը իր անձնական կարծիքով լղոզե այդ հանձնառությունը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG