Օմանում ավարտվել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի անուղղակի բանակցությունները՝ Իրանի միջուկային ճգնաժամը կարգավորելու շուրջ։
Պաշտոնական Թեհրանը, Mehr-ի փոխանցմամբ, հայտնել է, որ իրանցի և ամերիկացի բանագնացները, Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ, «կառուցողական մթնոլորտում փոխանակել են իրենց կառավարությունների դիրքորոշումներն Իրանի միջուկային ծրագրի և Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների վերացման հարցերի շուրջ»։
Արաղչին ու Ուիթքոֆը գտնվել են տարբեր սրահներում, կողմերի դիրքորոշումները փոխանցվել են Սայիդ Բադր ալ-Բուսաիդի միջնորդությամբ։
Mehr-ը նշում է, որ ավելի քան երկուսուկես ժամ տևած անուղղակի բանակցություններից հետո իրանական և ամերիկյան պատվիրակությունների ղեկավարները մի քանի րոպե դեմ առ դեմ զրուցել են՝ Օմանի արտգործնախարարի ներկայությամբ։
Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ։
Սայիդ Բադր ալ-Բուսաիդ X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել կողմերին ներգրավվածության համար՝ շեշտելով, որ այն ընթացել է բարեկամական մթնոլորտում՝ միտված տեսակետները մոտեցնելուն, որն ի վերջո կնպաստի անվտանգության և կայունության ձեռքբերմանը:
Նա նշել է, որ Օմանը կշարունակի աջակցությունն ու այս նպատակին հասնելու ջանքերը։