Իրանը երբեք այսքան մոտ չի եղել միջուկային զենք ստեղծելուն։ Մյուս կողմից, Միացյալ Նահանգների ճնշումն էլ Իսլամական Հանրապետության նկատմամբ հազվադեպ է այսքան մեծ եղել:
Այս՝ բարձր լարվածության և վստահության պակասի պայմաններում իրանցի և ամերիկացի բանագնացներն այսօր հանդիպում են Օմանում՝ խորացող միջուկային ճգնաժամը կարգավորելու համար։
Բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնի կողմից աճող սպառնալիքների, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 9-ի նախազգուշացման ֆոնին, թե Միացյալ Նահանգները «միանշանակ» պատրաստ է «անհրաժեշտության դեպքում» ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ, և որ Իսրայելը դրանում առանցքային դեր է ունենալու:
Իրանն այս սպառնալիքներին հանդուգն պատասխան տվեց՝ ընդգծելով, որ Օմանում կայանալիք հանդիպումը մեծ կարևորություն է ունենալու ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար։
«Մենք դիվանագիտությանը իրական հնարավորություն ենք տալիս՝ մնալով անկեղծ, բայց՝ զգոն: Միացյալ Նահանգները պետք է գնահատի այս որոշումը, որ կայացվել է ի հեճուկս Վաշինգտոնի առավելապես առճակատային հռետորաբանությանը»,- երեկ X-ում (նախկին Twitter) գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Հանդիպման ձևաչափը տարաձայնությունների առիթ է դարձել։ Միացյալ Նահանգները պնդում էր, որ բանակցությունները լինելու են ուղիղ, մինչ Իրանը պահանջում էր զրույց՝ միջնորդների ձևաչափով։
Ինչպե՞ս հասանք այս կետին
Ներկայիս բանակցությունները ևս մեկ կետ են Իրանի և Միացյալ Նահանգների բարդ հարաբերություններում, որոնք բնութագրվում են դիվանագիտության և առճակատման շրջափուլերով:
2015 թվականի միջուկային համաձայնագիրը ժամանակին լիցքաթափման հույս էր առաջացրել, սակայն 2018 -ին՝ նախագահ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի օրոք, Վաշինգտոնը դուրս եկավ այս գործարքից։ Դրան հետևեցին նոր պատժամիջոցներ, որոնք ծանր հարված հասցրին Իրանի տնտեսությանը՝ էապես կրճատելով այդ երկրի նավթային եկամուտները։ Թեհրանն էլ վերսկսեց ուրանի հարստացման իր ջանքերը։
Եվրոպական երկրները փորձեցին փրկել գործարքը, սակայն, մինչ օրս այդ ջանքերը առանձնապես արդյունք չեն տվել։
2021 թվականին, երբ Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, Իրանն ու Միացյալ Նահանգները մի շարք անուղղակի բանակցություններ են անցկացրել միջուկային գործարքը վերականգնելու համար։ Եվրամիությունը նույնպես մշակել էր համաձայնագրի նախագիծ, սակայն այն այդպես էլ չի ստորագրվել։
Բանակցությունները փակուղի մտան 2022 թվականին և մինչ այժմ սառեցված են մնում։
Ի՞նչն է որոշվում հիմա
Թրամփը հստակ հայտնել է, թե ինչ է ցանկանում՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա: Սակայն պարզ չէ՝ Թրամփը ցանկանում է մսահմանափակել Իրանի միջուկային գործունեությունը, թե ամբողջությամբ վերացնել այն:
Իրանը պատրաստ է երաշխիքներ տալ, որ չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել, սակայն կտրականապես մերժում է իր միջուկային ծրագրի լիակատար վերացման գաղափարը։ Միաժամանակ, Թեհրանը փորձում է վստահ երևալ ՝ պնդելով, որ ի վիճակի է հաղթահարել ԱՄՆ պատժամիջոցներով պայմանավորված դժվարությունները, սակայն իրականում Թեհրանը հիմա գործարքի խիստ կարիք ունի:
Իրանի տնտեսությունը երբևէ այսքան վատ վիճակում չի եղել՝ երկրի ազգային արժույթը շարունակում է նվազել ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ գրեթե ամեն օր իջնելով նոր՝ ռեկորդային ցածր մակարդակի, բնակչության գնողունակությունը նվազում է, իսկ հոսանքի անջատումները սովորական են դարձել՝ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը՝ չնայած երկիրը մեծ էներգետիկ պաշարներ ունի։
Միացյալ Նահանգների առաջնահերթությունն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել։
Իրանը կարողանում է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս, ինչը ռազմական մակարդակի մոտ ցուցանիշ է համարվում։ Երկիրն արդեն բավականաչափ ուրան է կուտակել մի քանի ռումբ ստեղծելու համար, եթե որոշի դա անել:
Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում և որ երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել: Բայց մինչ Թրամփի վարչակազմը շարունակում է խոսել Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին, ավելի մեծ թվով իրանցի պաշտոնյաներ սկսում են ակնարկել, որ Թեհրանը հետամուտ կլինի միջուկային զենքի ստեղծմանը, եթե հայտնվի անելանելի իրավիճակում:
Ենթադրվում է, որ Իրանը կարող է մեկ ռումբի համար բավարար քանակի հարստացված ուրան ստանալ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում, իսկ մի քանի ռումբի համար՝ մեկ ամսվա ընթացքում։
Օմանում կայանալիք բանակցություններին ընդառաջ Վաշինգտոնը որոշել է մեծացնել ճնշումը։ Ապրիլի 9-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց Իրանի հինգ կազմակերպությունների, այդ թվում՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության, ինչպես նաև մեկ ֆիզիկական անձի նկատմամբ պատժամիջոցների մասին՝ երկրի միջուկային ծրագրին նրանց աջակցության համար։
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Մուհամմեդ Գաեդին «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հետ զրույցում ասել է, որ նոր պատժամիջոցները դժվար թե էական ազդեցություն ունենան Իրանի միջուկային ծրագրի վրա, քանի որ դրանք ուղղված են Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության՝ Միացյալ Նահանգներում գտնվող ակտիվների դեմ, որոնք այնքան էլ շատ չեն:
Ապրիլի 9-ին Թրամփը կրկին զգուշացրեց, որ եթե այսօրվա բանակցություններում Իրանի հետ համաձայնություն չլինի, Միացյալ Նահանգները ռազմական գործողությունների կդիմի՝ Թեհրանի միջուկային ծրագիրը չեզոքացնելու նպատակով։
«Իսրայելը բնականաբար ներգրավված կլինի դրանում: Նրանք առաջնորդողի դերում են լինելու այս հարցում», - հավելեց նա:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին հակադարձել է՝ ռազմական առճակատման շարունակական սպառնալիքները կստիպեն Իրանին՝ վտարել ՄԱԿ-ի տեսուչներին և «հարստացված ուրանը տեղափոխել անվտանգ վայր»:
Ովքե՞ր են ներգրավված բանակցություններում
Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ով պրոֆեսիոնալ դիվանագետ է և նախկինում մասնակցել է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին՝ որպես ավագ և գլխավոր բանակցող: Նա նաև վարել է անուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ՝ միջուկային գործարքը վերակենդանացնելու համար:
Միացյալ Նահանգներից գլխավոր բանակցողը Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն է: Նախկինում անշարժ գույքի շուկայում ներդրումներով զբաղված միլիարդատեր, ով չունի դիվանագիտական փորձ, սակայն Թրամփի վարչակազմին միանալուց հետո արդեն իսկ մի շարք կարևոր բանակցությունների է մասնակցել՝ որպես գլխավոր դերակատար։
Օման ճանապարհորդելիս՝ երեկ, Ուիթքոֆը անսպասելի կանգ է առել Իրանի մերձավոր դաշնակից համարվող Ռուսաստանում: Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների մանրամասները չեն հրապարակվել, սակայն հայտնի է, որ Կրեմլը բազմիցս առաջարկել է օգնել՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական կարգավորման հասնելու հարցում:
«Ուիթքոֆը զբաղվում է բազմաթիվ հարցերով և հնարավոր է՝ բավարար խորությամբ չտիրապետի տեխնիկական մանրամասներին, որոնք, ամենայն հավանականությամբ, քննարկման առարկա կդառնան Օմանում կայանալիք հանդիպումների ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Նյու Յորքում տեղակայված Eurasia Group-ի՝ Իրանի գծով ավագ վերլուծաբան Գրեգորի Բրյուն:
«Արաղչին բազմամյա փորձ ունեցող փորձառու դիվանագետ է: Եթե Ուիթքոֆը կողքից չունենա բավարար փորձագիտական աջակցություն, դա կարող է բարդացնել քննարկումները»,- հավելել է նա:
Օմանի խելամիտ դիվանագիտությունը հաճախ օգնել է կողմերին մերձեցնել իրենց դիրքորոշումները։ Իրանի և վեց գերտերությունների միջև 2015-ին կնքված գործարքի կուլիսային բանակցություններն էլ էին Օմանում անցել։ Այժմ Մասկատը կրկին հարթակ է տրամադրում բանակցությունների համար, որոնցում երկու կողմերն էլ մնում են զգուշավոր, միևնույն ժամանակ՝ գիտակցում են հնարավոր ձախողման ռիսկերը: