ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ևս աջակցություն հայտնեց առաջիկա ընտրություններում դեմոկրատների կողմից փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածության առաջադրմանը։ Մինչ այս Օբաման այդ հարցում դիրքորոշում չէր հայտնել։
Օբաման և նրա կինը՝ Միշելը, միասին զանգահարել են Քամալա Հարիսին՝ հայտնելով իրենց աջակցությունը։ Այսօր առավոտյան տարածված տեսանյությում Միշել Օբաման ասում է, որ չէր կարող կատարել այս զանգը առանց ասելու՝ «իմ աղջիկ, Քամալա, ես հպարտ եմ քեզնով»։
«Մենք զանգահարել ենք ասելու՝ Միշելը և ես առավել քան հպարտ ենք՝ պաշտպանելով ձեզ, և կանենք ինչ կարող ենք, որ դուք հաղթեք ընտրություններում և մտնեք Օվալաձև գրասենյակ», - ասել է Բարաք Օբաման՝ նկատի ունենալով Սպիտակ տան նախագահական Օվալաձև սրահը:
Քամալա Հարիսը, ով Օբամաներին ճանաչում էր դեռ մինչև 2008-ին Բարաք Օբամայի ընտրությունը, շնորհակալություն է հայտնել և ասել, թե անհամբերությամբ է սպասում՝ հասնելու իր նպատակին և նոյեմբերի 5-ի ընտրություններին նախորդող եռամսյա բլիցում լինելու նրանց հետ։
Associated Press-ը նշում է նրանց ընկերության և պոտենցիալ պատմական գիծը՝ Բարաք Օբաման ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահն էր, Քամալա Հարիսը՝ առաջին սևամորթ, ասիական արմատներով առաջին կին փոխնախագահը, ով հիմա փորձում է հաղթահարել նույն արգելքները նախագահի պաշտոնին հասնելու համար։
Օբամաները դեմոկրատների հայտնի դեմքերից թերևս վերջինն էին, որ աջակցություն հայտնեցին Քամալա Հարիսի առաջադրմանը։ Նախագահ Ջո Բայդենը, երբ հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին, դեմոկրատներին հորդորել էր պաշտպանել Հարիսի թեկնածությունը։ Հաջորդ օրերին նրան աջակցություն են հայտնել դեմոկրատների հայտնի գործիչներ՝ Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին, Սենատում դեմոկրատների մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը, Ներկայացուցիչների տանը դեմոկրատների փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը, նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Բարաք Օբաման մինչ այժմ զգուշություն էր ցուցաբերում։ Բայդենի ընտրապայքարից դուրս գալուց հետո նա ակնկալիք էր հայտնել, որ դեմոկրատները լավագույն թեկնածու կընտրեն՝ առանց որևէ անուն նշելու։
Կարճ ժամանակը ցույց տվեց, որ Քամալա Հարիսը դեմոկրատների շարքերում աջակցություն ունի, և նրա քարոզարշավի համար ավելի քան 120 միլիոն դոլար հավաքվեց, նշում է Associated Press-ը, որի տվյալներով՝ Քամալա Հարիսը դեմոկրատների պատվիրակների անհրաժեշտ քանակի ձայներն ունի կուսակցության օգոստոսի 19-22-ը Չիկագոյում կայանալիք համագումարում պաշտոնապես նախագահի թեկնածու դառնալու համար, ինչը կարող է և ավելի վաղ հայտնի դառնալ՝ օգոստոսի 7-ին դեմոկրատները պատրաստվում են պատվիրակների առցանց քվեարկություն անցկացնել։
59-ամյա Քամալա Հարիսը երեկ լրագրողներին ասել է, թե պատրաստ է դեբատների հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։
«Ձեզնից շատերն են ինձ հարցնում դեբատների մասին, և ես ձեզ կասեմ, որ պատրաստ եմ բանավիճել Դոնալդ Թրամփի հետ: Ես համաձայն եմ նախապես պայմանավորված սեպտեմբերի 10-ի դեբատներին։ Նա նախկինում համաձայնել էր, հիմա թվում է, որ նա հետ է քաշվում։ Բայց ես պատրաստ եմ», - ասել է Հարիսը։
Նախապես համաձայնեցված սեպտեմբերի 10-ի դեբատները պետք է կայանային Դոնալդ Թրամփի ու Ջո Բայդենի միջև, բայց վերջինիս ընտրապայքարից դուրս գալուց հետո, նրա փոխարեն Թրամփի հետ բանավեճին կարող է մասնակցել դեմոկրատների նոր թեկնածուն:
Հանրապետականների թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է քարոզարշավը, հարցազրույցներն ու հանդիպումները, բայց սեպտեմբերի 10-ի դեբատներին մասնակցելու մասին հստակ հայտարարություն չի արել։
Քամալա Հարիսի հայտարարությունից հետո Թրամփի քարոզարշավի հանրային կապերի պատասխանատուն ասել է, որ որևէ դեբատի մասնակցելու պարտավորություն չեն վերցնի, քանի դեռ դեմոկրատների թեկնածուն պաշտոնապես ընտրված չէ։