Քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր են արծարծվել ԵԽԽՎ–ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի՝ «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում։ Հարցին՝ ի՞նչ է վկայում միջազգային փորձը, ո՞ր երկրներն են կարողացել հաղթահարել ներպետական ճգնաժամերը իշխանություն–ընդդիմություն երկխոսության ճանապարհով, եւ Հայաստանն այս առումով ո՞ր երկրի օրինակին է հետեւում, Արման Գրիգորյանը պատասխանում է. – «Նման օրինակները բազմաթիվ են։ Ամենաթարմ օրինակը Պակիստանն է, որտեղ Մուշարաֆը երկխոսության միջոցով խաղաղ կերպով զիջեց իշխանությունը, եւ ես կարծում եմ՝ դրանով կանխեց երկրի վերահաս ապակայունացումը։ Նույնն արեց Պինոչետը Չիլիում։ Հիշենք նաեւ Արեւելյան Եվրոպայի անցումները, որոնք, բացառությամբ մի երկրի, ընտրեցին նույն ճանապարհը։ Միակ երկիրը, որտեղ իշխանությունները մերժեցին երկխոսության ճանապարհը, Ռումինիան էր։ Երեւի կարիք չկա հիշեցնելու, թե ինչի հանգեցրեց այդ մերժումը եւ ինչքան ավելի քարքարոտ ու դժվար անցումային շրջան ունեցավ այդ երկիրը»։