Անդրադառնալով Gallup-ի սոցիոլոգիական հարցման արդյունքներին, ըստ որոնց` հայաստանցիների 39 տոկոսը ցանկանում է լքել երկիրը, «Առավոտ»-ի խմբագիրը նախ նկատում է, որ «մեկ միլիոն պոտենցիալ մեկնողներից ամենաշատը 10 տոկոսն է աղետալի վիճակում», ապա մեկնաբանում. - «Իմ անձնական շփումը ցույց է տալիս, որ «երթալու» ցանկություն ունեցողների գերակշիռ մասը սովից չի կոտորվում, ունի բնակարաններ եւ ստանում է քիչ թե շատ տանելի եկամուտներ: «Մենք այստեղ հեռանկար չունենք», - ասում են ինձ երիտասարդները: «Մենք այստեղ մեր երեխաների համար որեւէ հեռանկար չենք տեսնում», - պնդում են իմ հասակակիցները: «Հեռանկար չտեսնելը», իհարկե, շատ տարողունակ հասկացություն է: Հիմնականում խոսքն այն մասին է, որ մեր երկրում նորմալ մասնագետը եւ ազնիվ աշխատանքը բացարձակապես չեն գնահատվում»: