Մատչելիության հղումներ

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է նրա ծառայակիցը, հաղորդում է Քննչական կոմիտեն:

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել են զինծառայողի մահվան դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ծառայակիցն է, ասված է հաղորդագրությունում:

Քննչական խումբը պարզել է, որ «հերթապահության կրման հետ կապված խնդիրների պատճառով վերջինս որպես հերթապահող հերթափոխի պետ, իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Վ․Հարությունյանի նկատմամբ դրսևորել է դաժան վերաբերմունք, մի քանի անգամ նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել»։

«Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին՝ ինքնասպան է եղել», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ծառայակցին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ», որով սահմանված է 5-ից մինչև 10 տարվա ազատազրկում: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Վահե Հովհաննիսյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է հոկտեմբերի 6-ի առավոտյան:

Սա ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան 28-րդ և ինքնասպանություն որակված 7-րդ դեպքն է այս տարվա ընթացքում, «Ազատությանը» փոխանցել են իրավապաշտպանները:

XS
SM
MD
LG