Ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ինձ հետ ԵԽԽՎ եմ բերել թե՛ հաջողությունների, թե՛ անհաջողությունների պատմություններ: 2018թ. ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր իշխանությունը Հայաստանում ընտրությունները կեղծելու որևէ փորձ չի արել: Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է ետընտրական պրոցես հասկացությունը», - հայտարարեց նա:
Խոսելով ժողովրդավարության դեմ հիբրիդային հարձակումների մասին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ 44-օրյա պատերազմը ինչ-որ առումով հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում ՀՀ պետականությունն ու անկախությունն էր։
«Հենց ժողովրդավարությունն էր, որ փրկեց Հայաստանի պետականությունն ու անկախությունը», - ասաց նա՝ հավելելով, որ պատերազմն ու ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով՝ «հակաժողովրդավարական ուժերը պահանջում էին իշխանությունը հանձնել իրենց»։