Ժողովրդավարական երկրում խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը կարևոր է, Երևանում այսօր մեկնարկած Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ «Ազատության» հարցին կարճ արձագանքեց Միացյալ Նահանգների պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը, որը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը: Հենց այս համաժողովի շրջանակում Երևան է ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման։
Ժողովրդավարության արժեքների կարևորության շուրջ հրավիրված համաժողովի բացման արարողությունից հետո դեսպան Հաչիգյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են Վաշինգտոնում գնահատում Երևանում օրերս ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը, երբ կիրառվեցին հատուկ միջոցներ, 100 մարդ վիրավորվեց, հարյուրն էլ բերման ենթարկվեց։
Կարևորելով խաղաղ հավաքների իրավունքը՝ Հաչիգյանը նաև կարճ արձագանքեց՝ նման դեպքերն են, որ պետություններին ստիպում են ժողովրդավարություն հաստատել։ «Քաղաքական փոփոխությունների ճանապարհը ժողովրդավարական համակարգի միջոցով է», - նշեց նա:
Մի քանի տասնյակ տեղական իրավապաշտպան կազմակերպություններ, նաև միջազգային Amnesty International-ը, դատապարտել էին ոստիկանության գործողությունները՝ ընդգծելով՝ այն ուղեկցվել էր մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, հատուկ միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։
«Եթե ոստիկանությունը համապատասխան միջոցներ չկիրառեր, ինչ էր լինելու»
Ժողովրդավարության հարցերին առնչվող հայ-ամերիկյան համաժողովին բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ նախագահը: Վահագն Խաչատուրյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ անարխիան չի տեղավորվում ժողովրդավարության մեջ, հիշեց Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը։
«Այս ամեն ինչը կարելի է քննարկել, կարելի է գնահատականներ տալ, գնահատականները կարող են չկիսվել, այդ թվում նաև Amnesty International-ի հետ կարելի է քննարկել այդ հարցերը: Բայց իրականում ոչ ոք չի կարող ասել, եթե ոստիկանությունը համապատասխան միջոցներ չկիրառեր, ինչ էր լինելու: Կարծում եմ՝ մենք այն սերունդն ենք, որ տեսել ենք Հոկտեմբերի 27, Մարտի 1, կարող եմ էլի թվարկել»:
Հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանել մեծ պատվիրակություն՝ մի շարք նահանգների քաղաքապետների մակարդակով նաև։ Հայաստանից էլ մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների անդամներ։ Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող այս համաժողովի նպատակն է կարծիքներ փոխանակել ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության վերաբերյալ։ Քննարկելու են համագործակցությունը քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի հետ, ընտրական գործընթացների ապահովումը, ընտրազանգվածի ներգրավումը։
Բացման խոսքում, այսօր, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանը կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունները՝ պատմական ակնարկներ արեց, խոսեց դոլմայի, լավաշի, մշակույթի մասին, որ հայ ներգաղթյալները Նահանգներ են բերել, չմոռացավ հայտնի ամերիկահայերից Անդրե Աղասիին ու Քիմ Քարդաշյանին։
«Եվ գուցե մենք չենք հասցնում Քարդաշյանների հետևից, ես հպարտ եմ ասել, որ իմ ընտանիքն էլ ունի հայ-ամերիկյան արմատներ։ Իմ կինը ամերիկահայ էլ, ես էլ հնդկական ծագմամբ ամերիկացի եմ։ Եվ ավելի կարևոր է, որ մե ընտանիքը բախտավոր է այնքանով, որ կարող է պատմել երեք երկրների, երեք մշակույթների, երեք ժողովուրդների մասին», - նշեց Վերման։
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպելու է Հայաստանի վարչապետի ու արտգործնախարարի հետ։ Վաղը համաժողովի մասնակիցները կուղևորվեն Գյումրի։