Մատչելիության հղումներ

Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Երևանում այսօր կայացել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որի արդյունքներով Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը

Պատվիրակությունները քննարկել են ավելի սերտ համագործակցության միջոցով փոխադարձ բարգավաճման, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հաշվի առնելով 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ կայացած կարևոր քննարկումները:

Ինչպես նշվում է հայտարարությունում՝ ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում:

«Միացյալ Նահանգները ընդունում է շարունակվող տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելիս և մտադիր է շարունակել աջակցել այս ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում տեղահանված անձանց և փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը, իսկ Հայաստանը երախտագիտություն է հայտնել ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար, որը Միացյալ Նահանգները տրամադրել է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու համար», - ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Փոխշահավետ համագործակցության ամրապնդում՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում

Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն, ըստ հաղորդագրության, ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:

«Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում և պատրաստակամ է խաղաղապահության և իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում», - նշված է հաղորդագրությունում:

Արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանում

Պատվիրակություններն ամփոփել են արդարադատության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ գնահատելով ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ջանքերում։ Երկուստեք ընդգծվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության հարգման կարևորությունը և հանձնառություն են ստանձնել համատեղ աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին:

Հայտարարության ամբողջական տեքստը ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում.

Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նախորդ նիստը 2022 թվականին Միացյալ Նահանգներում էր անցկացվել։ Կողմերը վերահաստատել էին իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG