Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում՝ կրակոցներ և սպանություններ․ ինչո՞ւ է աճում զենքի գործադրումը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանը, որտեղ կրակոցներ են հնչել, փետրվարի 18, 2026թ.
Երևանի Աջափնյակ վարչական շրջանը, որտեղ կրակոցներ են հնչել, փետրվարի 18, 2026թ.

Կրակոցներ ու սպանություն Երևանում, Զովունիում, դանակահարությամբ սպանություն Սևանում՝ սա անցած մեկ շաբաթվա ոստիկանական խրոնիկան է:

Ինչո՞ւ են վեճերը հանգուցալուծվում բռնությամբ ու զենքով, ինչո՞ւ է ուժի գործադրումը դարձել խնդիրներ լուծելու առաջին տարբերակը, «Ազատության» հետ զրույցում քաղաքացիները նշել են. «Ժամանակին իրար նկատմամբ հարգանք կար, մարդկություն կար, հիմա չկա, դարն է փոխվել»:

«Պատերազմն էլ կապ ունի, պատերազմը չլիներ, ավտոմատը որտեղի՞ց», - հավելեց մյուսը:

Աջափնյակի փողոցները բարեկարգող Լևոն Ավագիմյանի աշխատանքից ընդամենը 200 մետր հեռու օրը ցերեկով շենքերի բակում էին հնչել մահացու կրակոցները: 45-ամյա տղամարդ էր սպանվել:

«Հատկապես 2020 -ից հետո իրավապահ մարմինը կենտրոնացել է ապօրինի զենքերի հայտնաբերման աշխատանքների վրա»

Ներքին գործերի փոխնախարարը Հանրային ՀԸ եթերում պարզաբանել է՝ 2025 թվականին 50 սպանություն է եղել, բոլորն էլ բացահայտված են: Ըստ պաշտոնյայի՝ սպանությունները կազմում են ընդհանուր հանցավորության 0,1 տոկոսը, և այդ վիճակագրությունը որպես այդպիսին շեղում չի ունեցել։ Առհասարակ, հրազենի գործադրմամբ հանցագործությունները ընդհանուրի շատ քիչ՝ 0.3 տոկոսն են կազմում: Արմեն Մկրտչյանը հավաստիացրել էր, թե ակտիվ աշխատում են ապօրինի զենքերը չեզոքացնելու ուղղությամբ:

«Հատկապես 2020 թվականից հետո իրավապահ մարմինը կենտրոնացել է ապօրինի զենքերի հայտնաբերման աշխատանքների վրա և ինտենսիվ գործողություններ է կատարել բավականին ակտիվ, ինչի արդյունքում ունեցել ենք մեծ թվաքանակով դուրսբերում ապօրինի շրջանառությունից», - ասել է նա:

Մինչդեռ Վիճկոմի տվյալները փաստում են, որ հրազենով հանցագործությունները տարեցտարի աճել են՝ օրինակ, 2025 թվականին նման 152 դեպք է գրանցվել, 2024-ին՝ 109, 2023-ին՝ 94 դեպք:

«Վտանգավորության հասնող վիճակագրական պատկեր չունենք, մենք չունենք այնպիսի իրավիճակ, որը կարելի է բնութագրել որպես վտանգավոր», - նշել էր Արմեն Մկրտչյանը:

«Սխալվում եք, թե կազմակերպված հանցագործություն կամ նման խմբեր չկան»

Մինչ փոխնախարարը հավաստիացնում է, թե անհանգստանալու կարիք չկա, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հակադարձում է. «Այդ զենքը սովորական մարդկանց ձեռքում այդքան վտանգ չի ներկայացնում, ինչքան կազմակերպված հանցավորության ներկայացուցիչների։ Եթե ձեզ թվում է, թե փոքրիկ Հայաստանում, բնակչության սահմանափակ թվով, այսպես հանցավորության վերահսկելի ցուցանիշներով կազմակերպված հանցագործություն չկա, կամ նման խմբեր չկան, չարաչար սխալվում եք»։

Հովհաննես Քոչարյանը պաշտոնական վիճակագրություններն էական չի համարում: Եթե անգամ թվերը կարող են նվազել, դա ցուցանիշ չէ, որ խնդիրը վերահսկվում է կամ լուծման ճանապարհին է. ընդգծում է նա:

«Այսինքն՝ այս թվերով չես կարող մարդկանց հանգստացնել, որ դա ընդամենը կոլեգիայի զեկուցումներից մնացած թվեր են, վարչական ավանդույթի ուժով մշտապես վարվող, մշտապես ասվող, և մի օր այս շրջապտույտից պիտի դուրս գանք: Որքան էլ հանցավորությունն ունի օրինաչափություններ, նրան բնորոշ է նաև անկանխատեսելիությունն ու տարերայնությունը: Այդ թիվը եթե նախորդ տարվա համեմատ նվազել է, դա չի նշանակում, որ այդ հանցատեսակի դեմ արդյունավետ պայքար է տարվել: Մյուս տարի կարող է թիվն աճել» - ասաց Քոչարյանը:

Նախկին փոխոստիկանապետի կարծիքով՝ անհրաժեշտ է ձևավորել Ներքին գործերի նախարարությունից անջատ մի կառույց, որն էլ կկատարի քրեաբանական հետազոտություններ, կգնահատի հանցավորության իրական պատճառները, կներկայացնի իրական պատկերն ու կմշակի դրա դեմ պայքարի իրական գործիքները: Միայն սպառիչ տեղեկատվությամբ հնարավոր կլինի արդյունավետ կանխարգելում անել, վստահ է Քոչարյանը. «Այս հարցի պատասխանն ունենալուց հետո նոր ոստիկանությունն ու մնացած մարմինները կունենան աշխատանքի տեսադաշտ: Ոչ թե պետք է ամբողջ հանցավորության հետևից ընկնես, այդքան ռեսուրս Միացյալ Նահանգները չունի, այլ ընդամենը կոնտրոլի տակ պահես մի քանի հանցատեսակներ, որոնք դետերմինատորի դեր են կատարում»:

Ներքին գործերի նախարարությունից հակադարձում են՝ նման կառույց արդեն ունեն: Օրերս հայտարարվեց հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ձևավորման մասին, որն էլ, ըստ հաղորդագրության, կնպաստի հանցավորության ճշգրիտ պատկերի, դրա հնարավոր միտումների բացահայտմանը և կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը: Նախկին փոխոստիկանապետը, սակայն, դա բավարար չի համարում, պնդում է՝ խորքային, գիտական հետազոտություններ են հարկավոր:

XS
SM
MD
LG