Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ նա նախատեսում է հանդիպել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և մասնակցել ԱՄՆ նախագահ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ տեսակոնֆերանսին։
Օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում հանդիպում կունենա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիները։ Հանդիպման նախաշեմին Սպիտակ տան ղեկավարը չի բացառել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «տարածքների որոշակի փոխանակման» հնարավորությունը՝ չթաքցնելով իր դժգոհությունը հարցի շուրջ ուկրաինական կողմի կոշտ արձագանքի վերաբերյալ։
Ըստ The Wall Street Journal-ի՝ Վլադիմիր Պուտինը Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Մոսկվան կհամաձայնի լիակատար հրադադարի, «եթե Ուկրաինան զորքերը դուրս բերի ամբողջ Դոնեցկի շրջանից»։ Այս տեղեկություններին արձագանքելով՝ նախագահ Զելենսկին պնդել է, թե Ուկրաինան չի զիջի իր տարածքները Ռուսաստանին: