Մատչելիության հղումներ

Ռուսները երեկ Ուկրաինայում գրավել են մոտ 110 քառ. կմ տարածք


Ուկրաինա - Ռուս զինվորը Ռուսաստանի դրոշն է բարձրացնում Դոնեցկի մարզի Յաբլունիվկա բնակավայրում, 12-ը օգոստոսի, 2025թ.
Ուկրաինա - Ռուս զինվորը Ռուսաստանի դրոշն է բարձրացնում Դոնեցկի մարզի Յաբլունիվկա բնակավայրում, 12-ը օգոստոսի, 2025թ.

Ռուսական բանակը Ուկրաինայում 24 ժամվա ընթացքում իր ամենամեծ առաջխաղացումն է իրականացրել, փաստում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի տվյալների վերլուծությունը:

France-Presse-ը, վկայակոչելով այդ տվյալները, հայտնում է, որ ռուսական ուժերը օգոստոսի 12-ին գրավել են մոտ 110 քառակուսի կիլոմետր։ Աղբյուրի համաձայն՝ վերջին ամիսներին Մոսկվային սովորաբար հինգ կամ վեց օր էր անհրաժեշտ նման արդյունքի հասնելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ խոստովանել է, որ ռուսական զորքերը մինչև 10 կիլոմետր առաջ են շարժվել արևելյան Դոբրոպիլյա ածխահանքային քաղաքի մոտակայքում, միաժամանակ հավաստիացնելով, որ Կիևը շուտով կկասեցնի նրանց գրոհները։ Այսօր արդեն ռուսական կողմը հայտարարեց Դոբրոպիլյային մոտ գտնվող երկու գյուղի գրավման մասին։

Այս տարի Ուկրաինայում ռուսական զորքերը կենտրոնացել են հիմնականում Դոնեցկի ուղղությամբ առաջխաղացման վրա, երեկվա դրությամբ Մոսկվան վերահսկում էր կամ պնդում էր, որ վերահսկում է տարածաշրջանի 79 տոկոսը՝ նախորդ տարվա 62 տոկոսի դիմաց։

Ռուսական բանակը նաև ավելի քան 18 ամիս է՝ փորձում է գրավել Պոկրովսկ հանքարդյունաբերական քաղաքը՝ 2023 թվականի մայիսին Բախմուտը գրավելուց հետո։ Այժմ վտանգված են հատկապես Սլովյանսկ (Սլավյանսկ) և Կրամատորսկ խոշոր քաղաքները, որոնք ռազմաճակատի կարևոր լոգիստիկ հանգույցներից են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG