Մատչելիության հղումներ

Զելենսկին նախապես չազդարարված այցով ժամանել է Վարշավա


Ուկրաինայի և Լեհաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Անջեյ Դուդան, 15-ը հունվարի, 2025թ.
Ուկրաինայի և Լեհաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Անջեյ Դուդան, 15-ը հունվարի, 2025թ.

Կիևը կրկին հայտարարում է՝ խաղաղության հաստատման բաղադրիչներից մեկը պետք է լինեն Ուկրաինայի տարածքում տեղակայված արևմտյան խաղաղապահները։ Այս մասին այսօր հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Վարշավա կատարած այցի ընթացքում։

«Մենք կողմ ենք, որ մեր այս կամ այն դաշնակից պետության զորախումբը անվտանգության երաշխիքներից մեկը լինի։ Դրա հետ մեկտեղ այդ զորախումբը Ուկրաինային տրվող միակ անվտանգության երաշխիք հանդիսանալ չի կարող»,-հայտարարում էր Զելենսկին։

Արևմտյան զորքերի տեղակայումը երկրի տարածքում Ուկրաինայի համար գնալով ավելի ու ավելի հրատապ է դառնում։ Մի շարք ուկրաինական աղբյուրների պնդմամբ՝ Դոնբասում նահանջի տեմպերը արագացել են։

«Վերջին 10 օրերին ռուսական զորքերը Ուկրաինայի արևելքում 11 բնակավայր են գրավել»

«Վերջին 10 օրերին ռուսական զորքերը Ուկրաինայի արևելքում 11 բնակավայր են գրավել», - հաղորդում է ռազմական գործողությունների ընթացքին հետևող և Ուկրաինայի ՊՆ հետ համագործակցող Deep State տելեգրամյան ալիքը։

Անցած գիշերը Կիևի հազարավոր բնակիչներ կրկին ստիպված էին անցկացնել մետրոպոլիտենի կայարաններում։ Պատճառը ռուսական օդուժի նոր հարվածներն էին, որոնց թիրախում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներն էին։

Մարդիկ պատսպարվել են Կիևի մետրոյի կայարանում, 15-ը հունվարի, 2025թ.
Մարդիկ պատսպարվել են Կիևի մետրոյի կայարանում, 15-ը հունվարի, 2025թ.

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի տեղեկություններով՝ հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել երկրի տարբեր մարզերի ուղղությամբ արձակված 43 հրթիռներից 30-ը և 74 անօդաչու թռչող սարքերից 47-ը։

Ռուսական չխոցված որոշ հրթիռներ հարվածել են բնակելի թաղամասերին՝ մասնավորաբար ռազմաճակատի գծից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կրամատորսկ քաղաքին։ Այստեղ վեց մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ վեց տարեկան երեխա։

«Մեր զինծառայողները պետք է պաշտպանված լինեն բավարար քանակությամբ սպառազինությամբ»

Նման իրավիճակում պաշտոնական Կիևը շարունակում է ամերիկացի և եվրոպացի գործընկերներից սպառազինության նոր խմբաքանակներ ակնկալել՝ դրա հետ մեկտեղ մերժելով արևմտյան մայրաքաղաքներից ավելի ու ավելի հաճախ հնչող պահանջը՝ նվազեցնել զորակոչային տարիքն ու ռազմաճակատ ուղարկել նաև 18 տարեկան երիտասարդներին։ Այս մասին նախօրեին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Կիև ժամանած Գերմանիայի Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ բանակցությունների ժամանակ:

«Երբ մենք խոսում ենք բանակ զորակոչվողների թիվը մեծացնելու մասին պետք է շատ հստակ մի բան հասկանանք։ Այսօրվա դրությամբ մեր բրիգադները ապահովված չեն բավարար սպառազինությամբ։ Մեզ հավելյալ սպառազինություն և տեխնիկա է հարկավոր։ Մենք այս խնդրանքը մեր դաշնակիցներին արդեն իսկ ներկայացրել ենք։ Սա է հիմնական խնդիրը։ Մեր զինծառայողները պետք է պաշտպանված լինեն և պաշտպանված լինեն բավարար քանակությամբ սպառազինությամբ», - հայտարարում էր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, 14-ը հունվարի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Գերմանիայի Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, 14-ը հունվարի, 2025թ.

Գերմանիայի պաշտպանության նախարարը ստիպված էր արդարանալ՝ բացատրելով, թե ինչու երկրի կառավարությունը չի կարողանում հաստատել ռազմական օգնության երեք միլիարդանոց փաթեթը, որը Բեռլինը Կիևին էր խոստացել դեռ ամիսներ առաջ։

«Երեք միլիարդանոց այդ փաթեթի վերաբերյալ ես կարող եմ ասել, որ ամեն ինչ պատրաստ է, սակայն կառավարության ներսում բանակցությունները շարունակվում են։ Սա գումարի խնդիր է, բյուջե չկա։ Սա ֆիսկալ խնդիր է, որը մենք փորձում ենք լուծել», - հայտարարում էր Պիստորիուսը։

Իրականում, սակայն, Ուկրաինային ռազմական օգնության գերմանական փաթեթի հարցը ոչ միայն տնտեսական է, այլև ներքաղաքական։

Փետրվարի 23-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն ընդդիմանում է Ուկրաինային մեծածավալ ռազմական օգնություն տրամադրելու որոշմանը՝ պնդելով, որ իր ղեկավարած կաբինետը նոր կառավարությանը նման ժառանգություն չպետք է թողնի և որոշումը պետք է կայացնեն երկրի նոր իշխանությունները։

Կառավարության մի շարք անդամներ, սակայն, այդ թվում՝ ԱԳ նախարար Անալենա Բերբոքն ու պաշտպանության նախարար Բորիս Պիստորիսը հակառակ տեսակետն ունեն։ Նրանք համարում են, որ մեծածավալ ռազմական օգնությունը Ուկրաինային պետք է տրամադրվի օր առաջ։

Այս քննարկումների ֆոնին Մոսկվան և Կիևը այսօր հայտարարեցին ռազմագերիների հերթական խմբի փոխանակման մասին։ Այս անգամ կողմերը 25-ական ռազմագերիների փոխանակեցին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

XS
SM
MD
LG