Մատչելիության հղումներ

Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները գաղտնազերծելու համար


Ուկրաինայի նախագահը այսօր անուղղակի քննադատել է դաշնակից Նահանգներին՝ անցած ամիս Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները գաղտնազերծելու համար։

Մինչ այդ ամերիկյան New York Times-ը գրել էր, թե Զելենսկին վերջին այցելության ժամանակ ԱՄՆ նախագահ Բայդենից խնդրել է ավելի քան 2000 կմ հեռահարությամբ Tomahawks հրթիռներ, սակայն, ամերիկյան կողմը մերժել է խնդրանքը։ Ուկրաինայի նախագահն այսօր հաստատել է այդ լուրը, միաժամանակ դժգոհել, որ այն հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ:

«Տեսնում եք, թե ինչ է կատարվում հիմա լրատվամիջոցներում, նրանք ասացին, որ Ուկրաինան ցանկանում էր կամ ցանկանում է ստանալ բազմաթիվ հրթիռներ, ինչպիսիք են Tomahawk-երը և այլն։ Բայց սա գաղտնի տեղեկություն էր։ Ուկրաինայի և Սպիտակ տան միջև. Ինչպե՞ս հասկանալ այս հաղորդագրությունները: Սա նշանակում է, որ գործընկերների միջև գաղտնի բան չկա», - նշել է Զելենսկին:

New York Times-ի, Սպիտակ տունը մերժել է Կիևի խնդրանքը, քանի որ դրա բավարարումը կարող է նաև վտանգի տակ դնել ռազմական այն պաշարները, որոնք նախատեսված են Մերձավոր Արևելքի և Ասիայի հնարավոր խնդիրները լուծելու համար:

Վկայակոչելով չորս աղբյուրներ՝ NYT-ը նաև հայտնում է, որ Զելենսկին «ապշել է» , երբ նախագահ Բայդենը թույլ չի տվել օգտագործել ամերիկյան հեռահար հրթիռները Ռուսաստանի խորքերին հարվածելու համար:

Արևմտյան երկրները բազմիցս են հայտարարել, որ դա կնշանակի ուղիղ հակամարտության մեջ մտնել ռուսաստանի հետ՝ էլ ավելի ընդարձակելով պատերազմի աշխարհագրությունն ու վտանգը։

Ռուսական կողմը երկու բնակավայր է գրավել Դոնեցկում

Մինչ Զելենսկին փորձում է ավելին ստանալ Արևմուտքից, ռուսները շարունակում են առաջ գնալ ճակատի միանգամից մի քանի ուղղությամբ։

Ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ՝ նրանք Դոնեցկի մարզում ևս երկու բնակավայր է գրավել՝ Բոգոյավլենկան և Նովոուկրաինան։ Կատաղի մարտեր են նաև Խարկովի մարզի Կուպյանսկի ուղղությամբ, հաղորդվում է, որ ռուս զինվորները գտնվում են քաղաքից 2-3 կիլոմետր հեռավորության վրա։

«Ազատության» լրագրողները զրուցել են քաղաքում դեռևս մնացած վերջին բնակիչների հետ։

«Հանձնում են մեր քաղաքը, հանձնում, իսկ մենք ուզում ենք այստեղ ապրել, չենք ուզում այստեղից գնալ», - ասել է տեղացիներից մեկը։

Մոսկվան ամրապնդում է կապերը Չինաստանի հետ

Թեժ մարտեր են նաև Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում, որտեղ օգոստոսից տասնյակ բնակավայրեր են անցել ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։

Կիևը պնդում է, թե նրանց դեմ ռազմական գործողություններում Ռուսաստանը նաև հյուսիսկորեացի զինվորների է օգտագործում։ Մոսկվան այս տեղեկությունները ո'չ հերքում է, ո'չ հաստատում։ Զուգահեռ, ամրապնդում է կապերը Չինաստանի հետ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենը մեկնել է Պեկին, որտեղ քննարկել է ուկրաինական պատերազմը Չինաստանի փոխարտգործնախարարի հետ։ Վերջինս բանակցություններից հետո հայտնել է, թե ռուս-չինական հարաբերությունները «ամուր են, և դրանց վրա չի կարող ազդել աշխարհում փոփոխվող իրավիճակը»։

Կրեմլը հերքում է ռուս-ուկրաինական բանակցությունների մասին լուրերը

Այս ֆոնին բրիտանական Financial Times-ն այսօր է գրեց, թե Կիևն ու Մոսկվան Կատարի միջնորդությամբ սկսել են նախնական քննարկումները՝ միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։ Կրեմլի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով տեղյակ է բանակցություններից, թերթի հետ զրույցում պնդել է՝ դժվար թե նախագահ Պուտինը համաձայնի որևէ գործարքի, քանի դեռ ուկրաինական զորքերը դուրս չեն եկել Կուրսկի մարզից։

Կրեմլն այսօր պաշտոնապես հերքել է այս մասին լուրերը, միաժամանակ հաստատել, որ Մոսկվան բանակցությունների մեջ չի մտնի, քանի դեռ ուկրաինական զորքը Ռուսաստանից չի հեռացել:

«Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալի է, Պուտինն այն շարադրեց այս տարվա ամռանը, երբ ասաց, որ ուկրաինացիները պետք է լքեն ռուսական տարածքները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նոր տարածքները։ Սա է Պուտինի խաղաղության բանաձևը», - նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG