Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերությունը Հայաստանում անկում է ապրում. արտադրության ծավալները նվազել են շուրջ 7 տոկոսով


 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, արխիվ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, արխիվ

Հանքարդյունաբերությունը Հայաստանում անկում է ապրում։ 2023-ի առաջին կիսամյակն ամփոփող սոցիալ-տնտեսական վիճակի մասին պաշտոնական վիճակագրությունն է վկայում՝ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ոլորտի ընդհանուր արտադրության ծավալները նվազել են շուրջ 7 տոկոսով։

Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող այս ոլորտի ակտիվության ու եկամտաբերության նվազման մասին փաստում է նաև խոշոր հարկատուների ցանկը։ Մշտապես ցուցակը գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարվա առաջին կիսամյակին շուրջ 35 միլիարդ դրամ է վճարել պետությանը՝ նախորդ տարվա 105 միլիարդի փոխարեն։ Ագարակի պնղձամոլիբդենային կոմբիտանն այս տարվա ցուցանիշներով նույնիսկ լավագույն 100-ում չկա, թեև անցած տարի 7-րդն էր։

«Եթե նոր հանքեր չստեղծվեն, ապա հանքարդյունաբերությունը քիչ-քիչ սկսելու է նվազել: Վերջին տարիների ընթացքում, ինչքան ես տեղյակ եմ, նոր հանքերի ստեղծումը շատ դանդաղ է ընթանում», - ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Տնտեսագետ, Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը հանքարդյունաբերության ոլորտում անկումային միտումները նաև միջազգային գների նվազմամբ է բացատրում։ Քովիդի համավարակից, ապա ռուս-ուկրաինական պատերազմից հետո, մինչ 2022-ի աշուն, մետաղները թանկանում էին, սակայն հետո իրավիճակը փոխվեց։ Սա ուղիղ ազդում է հայկական ընկերությունների եկամուտների վրա:

«Գների նվազումը բերում է եկամուտների նվազման», - նշեց Միքայելյանը:

Ըստ վիճակագրական կոմիտեի, շարունակվում է նաև անասնաբուծության անկումը։ Այս տարվա առաջին կեսին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս ոլորտի ընդհանուր արտադրանքը նվազել է գրեթե 4 տոկոսով։ Տարեց տարի կրճատվում է նաև անասունների գլխաքանակը։ 2022-ի սկզբին Հայաստանում հաշվարկվել է շուրջ 560 հազար կենդանի՝ 54 հազարով պակաս 21-ի համեմատ։

Գործարարները, տնտեսագետներն ու պաշտոնյաները վերջին տարիներին շատ են խոսում ապրանքներն արտերկիր հասցնելու լոգիստիկ խնդիրների մասին՝ Լարսում հաճախ մեծ հերթեր են գոյանում, պատահարների հետևանքով էլ պարբերաբար Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհն անանցանալի է դառնում։ Ըստ վիճկոմի այս զեկույցի՝ այս տարի արտահանման հետ կապված ընդհանուր ծախսերն ավելացել են գրեթե 15 տոկոսով։ Սա ուղիղ ազդում է արտերկրում հայկական ապրանքների մրցունակության վրա, շեշտում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

«Հայկական ապրանքները դառնում են ոչ մրցունակ, դա ոչ միայն արտահանման վրա է ազդում, այլ նաև տեղական շուկայում մրցակցության, որովհետև ներմուծվող ապրանքները գալիս են և վաճառվում են Հայաստանում», - ասաց տնտեսագետը:

Չնայած ապրանքը վերջնական սպառողին թանկ է վաճառվում, պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ գյուղացիներն իրենց աճեցրած բերքը տարեց տարի ավելի էժան են իրացնում։ Բազմաթիվ գյուղացիներ «Ազատության» հետ զրույցներում չեն թաքցնում՝ այս ամենից հիասթափված են, եթե ոչինչ չփոխվի՝ կհրաժարվեն իրենց կյանքի գործից։

Ի պատասխան այս բոլոր քննադատություններին ու քայլեր ձեռնարկելու հորդորներին՝ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու Էկոնոմիկայի նախարարությունից արդեն տևական ժամանակ նույնաբովանդակ պատասխաններ են հնչում՝ մարդիկ պետք է գյուղատնտեսությանը ոչ թե սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից նայեն, այլ բիզնեսի. փող ունեն, թող մշակեն, չունեն՝ չէ, ու եթե չի ստացվում, պետք է այլ գործով զբաղվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG