Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի քաղհասարակության հինգ ներկայացուցիչներն այսօր պատասխան այցով Բաքու կմեկնեն՝ մասնակցելու համատեղ քննարկումներին: Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին տեսակցություն, սակայն, նախատեսված չէ, թեև նրանք նախապես նման ցանկություն էին հայտնել:
Երկու երկրների կառավարությունների նախաձեռնությամբ ստեղծված փորձագիտական խմբերի երևանյան հանդիպումը մեկ ամիս առաջ կայացավ։ Այն սկանդալով ուղեկցվեց. պարզվեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր 2022-ի վերջին Լաչինի միջանցքը փակած ակտիվիստ կինը. աղմուկ բարձրացավ, հայկական կողմից արձագանքեցին՝ միմյանց կազմերը նախապես չեն քննարկել:
Չարթերային թռիչքի ծախսերը Հայաստանի կառավարությունն է հոգալու, գործադիրն այսօր որոշեց 17.5 միլիոն դրամ տրամադրել, իսկ արդեն կեցության ծախսերն ադրբեջանական կողմը կիրականացի:
Կառավարությունը որոշումը շատ կարճ է հիմնավորել, որտեղ նշվում է. «Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»։