Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող առաջին մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանն ազատության մեջ է և աշխատում է, չնայած դատարանը երեք ամիս առաջ նրան դատապարտել էր մեկուկես տարի ազատազրկման։ Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, և քանի որ դատավարության ընթացքում կապիտանի խափանման միջոցը կալանքը չէր, նա դեռ ազատության մեջ է:
«Ազատության» հետ զրույցում Սոնայի հայրը՝ Մացակ Մնացականյանն, իր մտահոգությամբ կիսվեց. «Կարծում եմ, որ միտումնավոր են անում՝ ժամանակ ձգելու համար։ Ժամկետը կլրանա, տարին կանցնի, հետո...չգիտեմ»:
28-ամյա հղի կնոջ վրաերթի և մահվան գործով դատավճիռը հրապարակվել էր օգոստոսի 18-ին։ Մնացականյանի ընտանիքը 4 տարվա ազատազրկում էր պահանջել, մեղադրող դատախազը՝ 2 տարի 6 ամսվա ազատազրկում, բայց դատարանն ավելի մեղմ պատիժ ընտրեց՝ մեկուկես տարի։
Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը դատավճիռը դեռ չի ստացել, որպեսզի բողոքարկի։ Գուցե դատարանների ծանրաբեռնվածությունն է պատճառը, չի բացառում փաստաբանը, սակայն հավելում՝ նույն դատավորները շատ արագ են խափանման միջոցներ փոխում այլ քաղաքական աղմկահարույց դեպքերով, իսկ այս գործը, նրա պնդմամբ, ձգում են մինչև վաղեմության ժամկետի լրանալը՝ մինչև 2027 թվականը։
«Դատավորն ինչի չի փոխել բացակայելու արգելք խափանման միջոցը և չի կիրառել կալանք, սա կարող ենք համեմատել օրինակ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործի հետ՝ դատապարտվեց, անմիջապես փոխվեց խափանման միջոցը կալանք: Այս երկու գործերը համադրեք և կհասկանաք, ակնհայտ երկու գործն էլ քաղաքական են՝ և՛, ցավոք սրտի, Սոնա Մնացականյանի վերաբերյալ գործը, և՛ Դավիթ Համբարձումյանի: Երկուսն էլ իշխանության ուղղակի միջամտությամբ կայացված դատական ակտեր են և քննված քրեական գործեր: Սա դասական ուղղորդվող, պետական ռեսուրսների օգտագործմամբ իրականացված վարույթների օրինակներ են՝ մեկը հօգուտ իշխանության, մեկը՝ ի վնաս, քանի որ իրենց ձեռնտու չէ: Ամեն ինչ տարվում է նրան, որ վաղեմության ժամկետները լրանան», - ասաց փաստաբանը:
3 տարի առաջ Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի ժամանակ վարչապետը եղել է շարասյան մեքենաներից մեկում։ Սոնա Մնացականյանի հայրն այս ընթացքում շարունակ ահազանգում էր, որ իր դստերը վրաերթի ենթարկած կապիտան Արամ Նավասարդյանը բավական չէ, որ չի ազատազրկվել, ընդամենը մի քանի օր է մնացել անազատության մեջ, մինչև այս պահն էլ շարունակում է իր աշխատանքը։ Ընտրովի արդարադատություն, շարունակում է փաստաբանը ու ավելացնում՝ ի՞նչ կարող է հասարակ մարդը անել իշխանական մեքենայի դեմ։
«Շարունակում է ուղեկցել Նիկոլ Փաշինյանին և առհասարակ զբաղեցնել իր պաշտոնը: Իշխանական մեքենայի դեմ ի՞նչ իրավական քայլ անենք, իրավական քայլերը հետագայում Եվրոպական դատարանի մակարդակով են արվում: Ցավոք սրտի, Եվրոպական դատարանի կայացրած դատական ակտերն էլ արդեն ուշացած արդարադատության օրինակներ են: Այստեղ պարզապես պետք է իշխանությունն ունենար այնքան բարոյականություն, որպեսզի այս քրեական գործով միջամտություն չցուցաբերեր, թույլ տար, որպեսզի օբյեկտիվ քննություն իրականացվի: Կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունից բարոյականություն ակնկալելը, ես կարծում եմ, իմաստ չունի», - նշեց նա:
Դատավարության ամբողջ ընթացքում փաստաբանը պնդում էր՝ անհետացել են կարևոր ապացույցներ, օրինակ, ռադիոկապով զրույցը, ըստ որի, փաստաբանի պնդմամբ՝ պարզ կլիներ՝ ով է Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին հրահանգել մտնել խաչմերուկ, ով է նրան ասել, որ այն պատշաճ փակ է:
Սոնա Մնացականյանի ընտանիքը պնդում է՝ եթե խաչմերուկը պատշաճ փակ լիներ, ապա իրենց հղի դուստրը հնարավորություն անգամ չէր ունենա մտնել խաչմերուկի վտանգավոր գոտի։ Նավասարդյանն ավելի վաղ հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, թե արագությունը գերազանցել է, ինչի հետևանքով իր մեքենայի հարվածից երիտասարդ հղի կինը մի քանի մետր այն կողմ է նետվել ու տեղում մահացել: Նրա փաստաբանը ևս հայտարարել է, որ դատավճիռը կբողոքարկի: