Հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունն այսօրվանից բազավորվում է Հայաստանում՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայելով Airbus A321 Neo երկու օդանավ։
Սա աշխարհում Wizz Air-ի 34-րդ բազան է, տարածաշրջանում՝ երկրորդը` վրացական Քութայիսիից հետո։ Բացի այդ, Wizz Air-ը երեկվանից Գյումրիից է չվերթներ սկսել, դեպի Լառնակա՝ շաբաթական երկու անգամ։ Արդյոք ընկերությունը պատրաստվում է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում էլ բազա բացել։
«Wizz Air-ը հենց այսօր սկսեց բազավորվել Երևանում՝ Զվարթնոց օդանավակայանում տեղակայելով երկու օդանավ: Տեսնենք, թե պահանջարկն ինչպիսին կլինի։ Ես անձնապես լավատես եմ, որ մենք կընդլայնենք բազան։ Լրացուցիչ բազա կստեղծենք, թե ոչ Հայաստանում՝ դա ավելի ապագայի հարց է։ Մենք ապագայում ավելի կկենտրոնանք Երևանի վրա», - ասաց Wizz Air Hungary-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ այսպիսով նաև զբոսաշրջությունը կզարգանա
Էկոնոմիկայի նախարարն էլ է լավատես. Պապոյանը համոզված է՝ Wizz Air-ի միջոցով նաև զբոսաշրջությունը կզարգանա Հայաստանում։
Ավիաընկերությունն անցած հինգ տարիներին ավելի քան երկուսուկես միլիոն ուղևոր է փոխադրել Երևանից ու այլ երկրներից դեպի Հայաստան։ Նախատեսում են ուղևորների թիվը տարեկան ավելի քան մեկ միլիոնի հասցնել։
«Սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին և մյուս կողմից աշխարհին մոտեցնել ՀՀ-ին: Որովհետև, եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի և հնարավորինս արագ հասնի Հայաստան», - հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Այլ ավիանընկերությունները դժգոհում են անհավասար պայմաններից
Էկոնոմիկայի նախարարը նաև կասկած չունի՝ զբոսաշրջության աճին նպաստելու է կառավարության ամիսներ առաջ ընդունած որոշումը։
Պետությունը Հայաստանում բազավորված արտասահմանյան ավիաընկերություններին Երևանից բացվող ամեն նոր ուղղության դեպքում յուրաքանչյուր ուղևորի համար տրամադրում է 20 հազար դրամ, իսկ Գյումրիից՝ 15 հազարական դրամ փոխհատուցում: Այս որոշումն, ի դեպ, ըստ Պապոյանի, տարեկան 3 մլրդ դրամ կարժենա բյուջեի վրա: Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց. «Դա ոչինչ է այն օգուտների նկատմամբ, որոնք մենք ակնկալում ենք ստանալ, որոնք հարյուրապատիկ, տասնապատիկ ավելին պետք է լինեն»:
Նախարարն այսօր պնդեց, թե այս արտոնության պատճառով մյուս ավիաընկերությունների համար անհավասար պայմաններ չեն ստեղծվում։ Մինչդեռ, ամիսներ առաջ FlyOne-ն ու Shirak Avia-ն, համատեղ հայտարարությամբ դժգոհել էին կառավարության որոշումից՝ պնդելով, թե դրա հետևանքով մրցակցային առանց այն էլ անհավասար պայմաններն ավելի են խորանում:
FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի խոսքով. «Գնալով էլ ավելի մրցակցության պայմանները կսրվեն ու տեղական ավիափոխադրողի գոյությունը կվտանգվի»:
Shirak Avia-ն, մյուս տեղական ավիաընկերությունների հետ, արդեն հինգ տարի է՝ զրկված է Եվրոպա չվերթներ իրականցնելու հնարավորությունից՝ ԵՄ ավիացիոն սև ցուցակի պատճառով։ Մոլդովական գրանցում ունեցող օդանավերով չվերթներ իրականցնող FlyOne Armenia-ն էլ չի կարողանում օգտվել արտոնությունից, քանի որ ընկերության կողմից վաճառվող տոմսերը հիմնականում ենթադրում են տարանցում՝ առանց սահմանը հատելու ճամփորդություն։
Ստացվում է՝ իրավիճակից օգտվում է հենց Wizz Air-ը, որի թռիչքները տրանզիտ չեն, բայց ուղևորներից շատերը ավիաընկերությունից օգտվում են դեպի այլ երկրներ ճամփորդությունները շարունակելու համար։ Օրինակ, Wizz Air-ի ուղևորները կարող են գալ Զվարթնոց, հատել Հայաստանի սահմանը, հետո ճամփորդությունը շարունակելու համար թեկուզ մի քանի րոպե անց նորից մտնել օդանավակայան: Այդ դեպքում բյուջեից փոխհատուցում է դրամադրվում բոլոր ուղևորների համար, չնայած նրանցից ոչ բոլորն են Երևանում մնում։
«Կոնկրետ այդ միջոցները պետք է ուղղվեն մի ուղղությամբ, որի նպատակին չեն ծառայելու, այսինքն՝ որոշման հիմքում դրված է այն հիմնավորումը, որ տվյալ զբոսաշրջիկը պայմանական՝ 2 կամ 3 օր գտնվելու է ՀՀ տարածքում և իր ազդեցությունն է ունենալու տնտեսության զարգացման գործընթացին», - նկատում է FlyOne Armenia-ի գլխավոր տնօրենը:
Ի դեպ, չնայած տարիներ ձգվող արգելքին, Էկոնոմիկայի նախարարն այսօր հույս հայտնեց՝ Հայաստանը դուրս կգա Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից»: Այդ հույսը, սակայն, իրականություն չի դառնում արդեն 5 տարի։
Եվրոպացի մասնագետները դեռ 2020-ին արձանագրել էին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի համապատասխանում միջազգային նվազագույն չափորոշիչներին։ Անցած հինգ տարիներին իշխանությունները ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու բազմաթիվ խոստումներ են տվել, ժամկետներ նշել։
Վերջերս էլ Տարածքային կառավարման նախարարը ցանկից դուրս գալու հնավոր նոր ժամկետ նշեց նոյեմբեր ամիսը։