Ամերիկյան Wall Street Journal պարբերականի տեղեկություններով՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կալանավորների նոր փոխանակման արդյունքում ԱՄՆ-ին է հանձնվել ռուսական դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման դատապարտված Քսենիա Կարելինան։
«Նա դատապարտվել էր Ուկրաինայի Զինված ուժերի համար դրամահավաքին մասնակցելու հետևանքով», - գրում է թերթը։
Կարելինայի փաստաբանը հաստատել է, որ իր պաշտպանյալն արդեն իսկ լքել է Ռուսաստանի տարածքը և Աբու-Դաբիով ուղևորվել ԱՄՆ։
Կարելինայի դիմաց, ըստ Wall Street Journal-ի, Միացյալ Նահանգները Մոսկվային է հանձնել 2023-ին Կիպրոսում ձերբակալված ռուսաստանցի Արթուր Պետրովին։ Նրան մեղադրում էին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու համար։
Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների միջև բանտարկյալների զանգվածային փոխանակում է տեղի ունեցել 2024-ի օգոստոսին։ Այն իր տեսակի մեջ ամենախոշոր փոխանակումն էր Սառը պատերազմի ավարտից ի վեր: