Հատկապես տարրական ու միջին դասարանի աշակերտների շրջանում վտանգավոր մի խաղ է տարածվել: Երեխաները կրկնօրինակում են համացանցում հրապարակվող տեսանյութերի «հերոսներին»: Նրանցից մեկը գլուխը դնում է ընկերոջ ծնկներին, մյուսը, մերսելով քունքերը, բարձրաձայն կրկնում է տեսանյութում հնչող տարօրինակ հրահանգները: Դրանից հետո երեխաներից շատերի ինքնազգացողությունը վատանում է: Մեր ֆեյսբուքյան գրառմանը արձագանքած օգտատերերից մի քանիսը մանրամասներ են պատմել։
Երեխաներից մեկն էլ հոգեբան Մարինա Ղազարյանին պատմել է, թե տարօրինակ պատկերներ է տեսել, երբ աչքերը փակել ու լսել է ընկերոջ հրահանգները, հետո ուշագնաց է եղել։
«Դա բուն ուշաթափություն չի եղել ֆիզիոլոգիական մակարդակի, այն իր կողմից եղել է դեմոնստրատիվ խաղ, այսինքն՝ սկզբում ներշնչվել է, որ ինքն այսպիսի խաղի մեջ է մտնում, հետո ինքնաներշնչման տարբերակով հավատացել, որ տեսնում է այդ պատկերները», - «Ազատությանն» ասաց նա:
Հոգեբանը հիշեցնում է՝ պարբերաբար այսպիսի տարբեր խաղեր են տարածվում, որոնցում երեխաներին հաճախ շատ վտանգավոր հրահանգներ են տրվում, ընդհուպ՝ ինքնասպանության գնալ և այլն: Բայց մասնագետները համոզված են՝ դրանց մասին պետք է զգույշ խոսել՝ առանց խաղերի անունները հնչեցնելու, հարցերը զգույշ ձևակերպել, որ չիմացողներն էլ չհետաքրքրվեն ու տագնապներ չունենան։
Ենթադրենք՝ երեխայի ուշադրությունը գրավել է մի պսպղուն ու զրնգուն գնդակ: Ծնողը կամ ուսուցիչը երեխայի ներկայությամբ գնդակը բացում են, որ միասին հասկանան՝ ներսում ի՞նչ է, այդ ինչի՞ց, և ինչպես է այդ ձայնը հնչում: Այս մոտեցմամբ են հոգեբանները խորհուրդ տալիս շփվել երեխաների հետ։
Կրթության փորձագետ և հոգեբան Անուշ Ալեքսանյանն էլ ընդգծում է՝ տարիքին զուգահեռ փոխվում են երեխայի հետաքրքրությունները, ինֆորմացիայի ընկալումն ու շրջապատը, ավելի հասանելի են դառնում տեխնոլոգիաները: «Բարկանալն ու արգելքները դրեք մի կողմ և մտերմիկ, առողջ կապ ձևավորեք երեխաների հետ»,- ասում է մասնագետը։
Գաջեթների համար գոյություն ունեն ծնողական վերահսկողության ծրագրեր, հիշեցնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ու խորհուրդ տալիս հնարավորինս սահմանափակել նաև դրանցից օգտվելու ժամանակը: Ասում է՝ ամբողջ աշխարհում է տեխնոլոգիաների զարգացումը հետաքրքրում նաև երեխաներին՝ իր վտանգներով ու օգուտներով:
«Մեծ հաշվով երեխաներին բաց ենք թողնում ջրում ու ասում՝ դե լողացեքէ առանց լողալ սովորեցնելու»,- սա Մարտիրոսյանի տպավորությունն է։
Դպրոցներում վտանգավոր այս խաղի տարածվածության վերաբերյալ պաշտոնական դիմումներ Կրթության նախարարությունը չի ստացել, բայց տեղյակ են դրանից: Ուսուցիչներն աշխատում են, բացատրում, «Ազատությանն» ասաց հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու հավելեց՝ ուսումնասիրում են այդ խաղի ազդեցությունը, տարածվածությունն ու առաջացրած հետևանքները:
Իսկ ոստիկանությունը ահազանգեր չի ստացել, թե երեխաներ են տուժել դպրոցներում: Լուրեր էին տարածվել, որ այս ընթացքում երկու անչափահասներ են ինքնասպան եղել, և նրանց հեռախոսներում իրավապահներն այս խաղերն են հայտնաբերել: Քննչական կոմիտեն դեռահասի ինքնասպանության միայն մեկ դեպք հաստատեց, բայց հերքեց կապը այդ խաղի հետ։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.