Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում տարածված սուր շնչառական վիրուսները չեն շրջանցել նաև «Ազատության» ֆեյսբուքյան գրառմանն արձագանքած քաղաքացիներին:
Թեև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ասում են՝ համաճարակային իրավիճակը լարված չէ, ու դասերն ընդհատելու կարիք առայժմ չկա, այդուհանդերձ, մի քանի ժամում ութ տասնյակից ավելի օգտատեր արձագանքեց «Ազատության» հարցմանը: Սուր շնչառական վիրուսներով վարակվածներից ոմանք նաև բարդություններ են ունեցել՝ լսողության խանգարում, թոքաբորբ, համի և հոտի կորուստ:
Գրիպի Ա ու Բ տիպերից բացի, Ա-ն, ի դեպ, H1N1-ն է՝ բոլորին հայտնի «խոզի գրիպը», երկրում շրջանառվում են նաև քովիդն ու սուր շնչառական մի քանի այլ վիրուսներ: Մասնագետներն ասում են՝ հիվանդությունը երկարատև է ընթանում հատկապես նրանց մոտ, ովքեր վիրուսի մի տեսակը դեռ չհաղթահարած՝ հաջորդով են վարակվում: Հատկապես խոցելի խմբերին մասնագետների խորհուրդը մեկն է՝ պատվաստվել.
«Ներկայում շրջանառող գրիպի հարուցիչը ներառված է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութում; Գրիպը հատկապես ծանր է ընթանում ռիսկի խմբերի շրջանում՝ հատկապես այն անձինք, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ, հղիները, երեխաները», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՎԿԱԿ պաշտոնյա Սվետլանա Գրիգորյանը:
Իսկ արդեն վիրուսը հաղթահարած մարդուն բժիշկները խորհուրդ են տալիս տևական ժամանակ խուսափել մարդաշատ վայրերից:
Սեզոնային այս վիրուսներվ վարակված 9 հազար 105 մարդ է նախորդ շաբաթվա ընթացքում պոլիկլինիկաներ դիմել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ ՀՎԿԱԿ պաշտոնյայի, այդ թիվը նվազել է: Այս տարվա հինգերորդ շաբաթվա ավարտին արդեն 863 մարդ է հոսպիտալացվել, փետրվարի 2-ի դրությամբ նրանցից 72-ը վերակենդանացման բաժանմունքներում են, այդ թվում 59-ը՝ մինչև 18 տարեկան: Այս թվերն էլ են, ըստ ՀՎԿԱԿ պաշտոնյա Սվետլանա Գրիգորյանի, շաբաթների ընթացքում նվազում են:
«Հոկտեմբերից սկսվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնը, սակայն դա չի նշանակում, որ այդ նվազման միտումները հաջորդ շաբաթ որոշակի աշխուժացում չեն ունենա», - նշեց Գրիգորյանը:
Քովիդը, գրիպն ու սուր շնչառական մյուս վիրուսները գրեթե նույն ախտանշաններն ունեն՝ ջերմություն, հարբուխ, կոկորդի ցավ, հազ, բարդացած փուլում արդեն՝ հևոց ու ծանրացած շնչառություն: «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանն ընդգծում է՝ պատվաստվել պետք է գրիպի սեզոնից առաջ՝ մինչև հոկտեմբեր ամիսը:
«Քանի որ այդ պատվաստանյութի ակտիվությունը տևում է մի քանի ամիս, ցանկալի է, որ դա կատարվի ավելի վաղ, քան սեզոնի սկիզբը, երբ որ ինքը կարողանա ապահովել ամբողջ սեզոնի ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Քովիդի ընթացքում լայնորեն սպառվող «Օսելտամիվիր» դեղամիջոցը՝ «Տամիֆլյու»-ն, այս օրերին դեղատներում ամենավաճառվողներից մեկն է: Բայց, ըստ բժշկի, մարդիկ պետք է թեստ հանձնեն, եթե պարզվի՝ գրիպով են վարակված, այդ դեպքում նոր բժիշկը կնշանակի այդ դեղամիջոցը: «Ինքնաբուժումը միայն կբարդացնի իրավիճակը», - հիշեցնում է Սերգեյ Սարգսյանը:
«Գրիպի վիրուսն ունի որոշակի մի այսպես կոչված ֆերմենտ, հենց դրա վրա է աշխատում «Օսելտամիվիր»-ը, մնացած բոլոր վիրուսները նման գործոն չունեն: Համապատասխանաբար նա իրականում կարող է աշխատել միայն հենց գրիպի լինի թե՛ Ա, լինի թե՛ Բ խմբի վիրուսի պայմաններում», - ասաց Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավարը:
«Արաբկիր» բժշկական համալիրից բացի ծանրաբեռնված է աշխատում նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը: Հիվանդանոցի բուժական գծով գլխավոր բժշկի տեղակալ Սիրանուշ Էտիբարյանը հորդորում է հետևել հիգիենային, դասի ու աշխատանքի չգնալ, եթե հիվանդ եք:
«Ավել բարդ և ծանր ընթանում է 0-ից 5 տարեկան երեխաների շրջանում, և այդ վիրուսները բարդանում են թոքաբորբերով, օտիտներով, փոքրիկների մոտ տալիս են բրոնխիոլիտի պատկերներ, որից երեխաները դառնում են թթվածնակախյալ», - նշեց էտիբարյանը:
Սուր շնչառական վիրուսները, ըստ մասնագետների, կսկսեն նահանջել ձմռան ավարտին: