«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Հայաստանում խմելու ջուրը գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը կանջատվի:
Ամռանը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունը «Վեոլիա Ջուր»-ը պայմանավորում է մի շարք գործոններով: Ըստ ընկերության՝ ավելացել են տասնյակ հազարավոր նոր սպառողներ, փոխվել են եղանակային պայմանները, համակարգի տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են, ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է շուրջ 24 տոկոսով, իսկ ակտիվ կառուցապատումների հետևանքով կտրուկ աճել է սպառողների թիվը։
«Վեոլիա Ջուր»-ը տարիներ շարունակ նաև ջրի կորուստներից է խոսում՝ 80-ից մինչև 55 տոկոս, բայց պաշտոնական էջում թարմ հաշվարկ չկա:
«Այս որոշման հիմքում ի՞նչ թվեր կան, այժմ ջրի քանի՞ տոկոսի կորուստ կա, Կառավարությունը որքա՞ն ներդրում պետք է անի ու որքա՞ն է արել», - «Ազատության» հարցերն ընկերությունից այսօր անպատասխան թողեցին՝ հորդորելով գրավոր դիմել: Բայց իրենց տարածած հաղորդագրությունում էլ չկար այս հարցերի պատասխանը:
Համացանցում «Ազատության» փոքրիկ հարցմանը մի քանի ժամվա ընթացքում 150-ից ավելի օգտատեր արձագանքեց, հիմնականում դժգոհ էին, այստեղ էլ էին վիճակագրություն պահանջում ընկերությունից.
«Տեքստում չկա պատշաճ հիմնավորում՝ ինչո՞ւ հենց այդ ամիսներին, ինչո՞ւ հենց այդ ժամաքանակը: Որպես բաժանորդ՝ ես ուզում եմ նաև տեղյակ լինել, թե ընկերության շահույթի քանի՞ տոկոսն է ներդրվում ենթակառուցվածքների արդիականացման մեջ: Միջազգային պայմանագրերը նորմեր ունեն, տարեկան տոկոս կա, իրենց պարտավորությունը որքա՞ն է: Խմելու ջրի քանի՞ տոկոսն է օգտագործվում ոռոգման նպատակով»:
«Որ կորուստները նվազեցնեն, անջատելու խնդիր չի լինի»:
«Դավիթաշենում արդեն երկու-երեք տարի կլինի՝ էդ ռեժիմով է մայիսից սեպտեմբերի 15-ը: Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 15-ից պետք է չանջատեին: Զանգեցի՝ իրենք էլ զարմացան, որ անջատվում է, հետո հետ զանգեցին ու ասեցին՝ «եթե ուզում եք պատճառը իմանալ, պետք է պետին նամակ գրեք կամ մոտենաք»:
«Ազատության» ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած օգտատերերից շատերը նշում էին, որ իրենց համայնքներում վաղուց 24-ժամյա ջրամատակարարում չկա, այդ թվում՝ Երևանում:
Իսկ «Վեոլիա Ջուր»-ի հրապարակած ցանկում Հայաստանի 56 բնակավայրերում մարդիկ ոչ թե 17, այլ ընդամենը 6 ժամ խմելու ջուր կունենան ամռան ամիսներին:
Հայաստանի խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման պարտավորությունը 15 տարով ստանձնած ֆրանսիական «Վեոլիա Ջուր»-ն այսօրվա հայտարարությամբ նաև նշել էր՝ այս նոր գրաֆիկով կկրճատվեն ջրի գիշերային կորուստները ևս, որ ցերեկը մատակարարումն ավելի կանոնավոր լինի։ Քաղաքացիներն էլ հակադարձում են՝ «ջրային կորուստների հարցը լուծեք, ոչ թե բաժանորդների խմելու ջրի գրաֆիկը կրճատեք».
«Հազար ու մի անվերահսկելի ավտոլվացման, լողավազանների, «Ջրաշխարհ»-ի մի կերպ ա հերիքում»:
«Վեոլիա»-ն Հայաստանի ոռոգման ու խմելու ջրի մատակարարման համակարգի սեփականատերը չէ, համակարգը պետական է և տարիներ առաջ մաշված վիճակում փոխանցվել է ընկերության կառավարմանը», - նախորդ տարի հայտարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ու նշել, որ հատկապես Երևանի լայնածավալ կառուցապատումը նույնպես հանգեցրել է խմելու ջրի նվազմանը:
Մեսրոպյանը նաև խոստովանել էր. - «Մեծ անելիք ունի պետությունը առաջնահերթ: Երբ որ կհասնենք էդ կետին, որ կկարողանանք համապատասխան ենթակառուցվածքները նորոգել, ջրագողությունները կրճատել, կորուստները կրճատել և նոր ջրածավալներ հասցնել Երևան, երբ որ կհասնենք այդ կետին, միանշանակ դա կդառնա օրակարգի հարց: Ես չեմ եկել ասել, որ որևէ մեկը անթերի է աշխատում»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունից դժգոհ բաժանորդները նախորդ տարվանից ակտիվորեն դիմում են նաև արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանին: Մի քանի տեսանյութերով նրանց պատասխանող Հովհաննիսյանն այսօր էլ ընկերության նոր՝ ամառային գրաֆիկին էր անդրադարձել:
«Հարգելի «Վեոլիա Ջուր», նախ, երբ որ հերթական անգամ ձեզ կանչում են համաձայնությունների ժամանակ, բարի եղեք՝ բարձրաձայնեք էդ ժամանակ: Այսինքն՝ եթե դուք ուզում եք ասեք, որ քաղաքապետարանը աջուձախ շինթույլտվություններ ա տալիս ու դա ձեզ խանգարում ա, էդ նույն խնդիրը, ի դեպ, ունեն մյուս հանրային ծառայություններ մատուցողները, ուրեմն՝ բարի եղեք պատշաճ կարգով տեղեկացրեք: Պետության հետ մի՛ հանցավոր, կամ, հանցավոր բառը չակերտներում, ստվերային համաձայնության եկեք ու հետո մեզ պատմեք՝ «էնքան շատ սպառող կա, դրա համար պիտի կրճատենք գրաֆիկը ձեր բոլորի», - հայտարարում էր նախկին նախարարը:
«Բացի էդ, դուք ասում եք, որ կապիտալ ներդրումների խնդիր կա, ասում եք՝ պետության հետ եկել եք համաձայնության, բա ինչի՞ չեք պատմում էն մասին, որ Ջրային կոմիտեն 52 հատ համաձայնագիր ա ձեր հետ կնքել ու որդեգրել ձեր բոլոր պարտքերը՝ է՛լ շահութահարկի գծով, է՛լ մյուս, մյուս, մյուս պարտքերը, որովհետև գնացել պատմել եք, որ պետությունը ներդնում չի անում, պետությունն էլ հավատացել ա, ստուգող չկա, ու ինչքան պարտք կա ձեզ ներել ա: Դուք էսօր մեզ ի՞նչ եք պատմում: Դուք շահույթ ունեք, շահույթ գեներացնող կազմակերպություն եք, դուրներդ չի գալի՝ ուղղակի գնացեք Հայաստանից», - ասում էր Հովհաննիսյանը:
«Վեոլիա Ջուր»-ի՝ Հայաստանի հետ կնքած 15-ամյա վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում է 2031 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մինչ այդ, Արփինե Հովհաննիսյանն է դիմում բաժանորդներին.
«Եվ վերջապես, ես առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էս տեսանյութի ներքո ասել՝ ովքե՞ր են համաձայն Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողով նրանց նոր լիազորությունների շրջանակում, սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, դիմում ուղարկել և առաջարկել, որ նրանք քննեն ու հասկանան, թե ինչո՞վ է զբաղված «Վեոլիա Ջուր»-ը, ինչքանո՞վ են հիմնավոր նրանց փաստարկները, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման իրավասություն չունի, չեն խաչվում հանձնաժողովների իրավասությունները»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունից նաև հայտարարում են՝ Կառավարությունը նախատեսում է մոտ երեք անգամ ավելացնել ներդրումային ծրագրերը՝ ջրի կորուստները նվազեցնելու համար, կոնկրետ ոչ մի թիվ, սակայն, չեն նշում:
Մինչ այդ, ընկերությունը տարեկան առնվազն երկու անգամ հայտարարում է սեզոնային փոփոխությունների մասին։ «Ազատությանը» հանդիպած երևանցիներից ոմանք էլ հակադարձում են՝ այս գրաֆիկը ստիպում է, որ մարդիկ հատկապես ամռան ամիսներին ավելի շատ ջուր հավաքեն, որ կարիքի դեպքում անջուր չմնան, կամ կարողանան ուշ ժամերին լողանալ: Ստացվե՞ց, որ ավելի շատ ջուր է ծախսվում, նկատում են նրանք: