Մինչ Բաքուն հայկական կողմին առաջարկում է նախքան խաղաղության պայմանագիրը հիմնական սկզբունքների վերաբերյալ մեկ այլ փաստաթուղթ նախաստորագրել, պաշտոնական Երևանը վերահաստատում է սեղմ ժամկետում համաձայնագիր ստորագրելու պատրաստակամությունը:
Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է ադրբեջանական առաջարկների 10-րդ փաթեթին, Արտաքին գործերի նախարարությունից նշում են. - «Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ Երևանի՝ արդեն իսկ հնչեցված սկզբունքային առաջարկին համապատասխան»:
Բաքվի առաջարկների հերթական փաթեթը ստանալու մասին արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկ ամիս առաջ էր հայտնել: Մինչ այդ էլ ընդգծել էին՝ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել և ստորագրել խաղաղության համաձայնագիր:
Բաքուն այս առաջարկին, ինչպես նախարար Միրզոյանն էր փաստել, դրական չի արձագանքել: Փոխարենը, մոտ 20 օր առաջ Ադրբեջանի նախագահը հանդես եկավ նոր առաջարկով՝ խաղաղության պայմանագրի փոխարեն հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության և նախաստորագրել դրանք: Շաբաթավերջին էլ նրա օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնեց առաջարկը՝ նշելով, թե դա կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև:
Կառավարությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ թե՛ այս, թե՛ բանակցային գործընթացի վերաբերյալ մյուս հարցերի պատասխանները վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտա օգոստոսի կեսին, երբ մամուլի ասուլիս հրավիրի։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Հայաստանը կընդունի Բաքվի առաջարկը, որի նպատակն է շրջանակային փաստաթղթի ստորագրմամբ խնդիրները թողնել չլուծված:
«Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ Երևանը վաղ թե ուշ կատարում է Բաքվի պահանջները: Սա երևի կներկայացվի նաև որպես հավելյալ անվտանգային երաշխիք, քանի որ կա արդեն ինչ-որ ստորագրված փաստաթուղթ Բաքվի հետ: Բայց պետք է հասկանալ, որ սա աաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է լինելու և քաղաքական դիվիդենտներ է տալու Ադրբեջանին, որը կարողանալու է Երևանի մասնակցությամբ լեգիտիմացնել այս նոր ստատուս քվոն, որը ձևավորվել է տարածաշրջանում Արցախի էթնիկ զտումից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Ավելի քան երկու տարի բանակցված խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարն այդպես, ըստ քաղաքագետի, առավել մշուշոտ կդառնա: Հենց այդ փաստաթղթով են հայաստանցի բանակցողները ձգտում հասնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, ինչպես նաև տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ինքնիշխանության փոխադարձ հարգմամբ:
Հայ - ադրբեջանական վերջին բանակցություններից հետո այս հարցերի համաձայնեցման մասին ոչինչ հայտնի չէ, բայց Ադրբեջանը թե՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման, թե՛ դրա նախաստորագրման համար պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, նաև համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Այս ֆոնին Երևանում է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն: Բարձրաստիճան դիվանագետն արդեն հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, նրա հետ քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Արտաքին գործերի նախարարությունում էլ աշխատանքային քննարկում է ունեցել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հաշվի առնելով, որ ամերիկյան կողմի համար կարևոր է տարածաշրջանային ապաշրջափակման թեման, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն կարծում է՝ ամերիկացի դիվանագետը հենց այս հարցով է ժամանել Երևան: Այժմ էլ , ըստ նրա, հենց Նահանգներն է լուծման տարբերակ առաջարկում՝ ճանապարհների վերահսկողությունը պատվիրակել որևէ մասնավոր ընկերության:
«Փորձել հասնել համաձայնության հենց այդ տարբերակով, որովհետև դա համապատասխանում է հենց ամերիկյան պատկերացումներին ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ: Իսկ այդ պատկերացումները ունեն մի քանի սկզբունքներ՝ առաջինը այն է, որ այն չպիտի պարտադրված լինի Հայաստանին, երկրորդը այն է, որ այդ հաղորդակցությունը չպիտի անցնի Իրանի տարածքով, և երրորդը այն է, որ ռուսական վերահսկողություն չպետք է լինի այդ կոմունիկացիայի վրա», - ասաց քաղաքագետը:
Թեև սա Հայաստանի համար զգայուն հարցերից է, այդուհանդերձ, եթե Ադրբեջանի դեպքում համաձայնությունը Գրիգորյանը բացառում է, ապա Երևանի պարագայում՝ ոչ: Իսկ այդ դեպքում, ըստ քաղաքագետի, Հայաստանը կզիջի ինքնիշխանությունը:
«Իշխանությունները երևի կփորձեն դա վաճառել հասարակությանը որպես Ռուսաստանի դեմ հերթական հաղթանակ, որովհետև եթե չլինի ուսական վերահսկողություն, այլ լինի մասնավոր ընկերության վերահսկողություն, դա կարելի է այդպես փաթեթավորել: Բայց Հայաստանի տեսանկյունից, իհարկե, այս փուլում որևէ վերահսկողության կորուստ սեփական տարածքի նկատմամբ առանց որևէ փոխադարձ զիջումների մյուս կողմից ունենալու է միջազգային տրամաբանություն իհարկե», - ընդգծեց քաղաքագետը:
«Ազատություն»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից այսօր հետաքրքրվել է՝ ի՞նչ օրակարգով է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Երևան ժամանել և արդյոք նախատեսված է այց նաև Բաքու: Դեսպանատնից հստակ չեն պատասխանել, միայն նշել են, որ Բոնոն հաճախակի է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին։ Բացի այդ, ընդգծել են՝ եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը։