Մատչելիության հղումներ

Վարորդները պահանջում են վերանայել Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում մեքենաների կայանման արգելքը


Հայաստանի տեսարժան վայրեր ուղևորդափոխադրումներ իրականացնող վարորդները Երևանի քաղաքապետարանից պահանջում են վերանայել կենտրոնական մի քանի փողոցներում մեքենաների կայանման՝ օրեր առաջ ուժի մեջ մտած արգելքը։ Հուլիսի 23-ից քաղաքապետարանի որոշմամբ վարորդներին արգելվում է մեքենաները կայանել, օրինակ, Աբովյան փողոցի աջ կողմում` Հյուսիսային պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։ Տարածքում նաև կայանումն արգելող նշաններ են տեղադրվել։

Աբովյան փողոցում մինչ փոփոխությունները ուղևորափոխադրման ծառայություններ առաջարկող վարորդներն այսօր իրենց պահանջները լսելի դարձնելու համար մեքենաները կայանել էին Հանրապետության հրապարակում, որտեղ ավելի վաղ է արգելվել կայանումը։

Վարորդներն ասում են՝ քաղաքապետարանից իրենց առաջարկել են այլ փողոցներում գործունեությունն իրականացնել: Պնդում են՝ չեն կարողանա գումար աշխատել՝ զբոսաշրջիկ չլինելու պատճառով։ Բացատրում են՝ հիմնական հոսքերը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակին մոտ հատվածում են։

Ըստ վարորդների, հիմա արդեն իրենք մի քանի օր է՝ գործազուրկ են մնացել։

Ակցիայի մասնակիցները դիմում գրեցին՝ քաղաքապետարան ներկայացնելու համար։ Ասացին՝ մինչ այդ իրենց աշխատանքը կշարունակեն հրապարակում, չնայած արգելքին։

Ավելի վաղ պարեկները նրանց հետ բանակցում էին տարածքն ազատելու համար, հետո հորդորեցին դիմում գրել՝ ակնկալելով, որ քաղաքապետարանը կվերանայի կայանման արգելքը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից փոփոխությունները հիմնավորել էին տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG