Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր խորհրդարան եկավ և գնաց՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը: Դատախազության անցած տարվա գործունեության մասին հաղորդումն էր Վարդապետյանի Ազգային ժողով գալու պատճառը:
«Երբ վարչապետը ասում է, որ Կաթողիկոսությունը դուրս չի բերվի Հայաստանից, հաջորդ օրը իրեն մեղադրանք է առաջադրվում, սա պատահական է՞», «Ընդդիմությունն ասում է՝ Դուք ընտրողաբար արդարադատություն եք իրականացնում, հնարավո՞ր է՝ դրա համար եք կաշկանդվում զրուցել լրագրողների հետ», «Մտավախություն չունե՞ք, որ կդատապարտվեք», - այս և այլ հարցեր էին ուղղում լրագրողները գլխավոր դատախազին:
Մոտ չորս տարի առաջ միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների քվեարկությամբ դատախազ ընտրված Աննա Վարդապետյանի՝ լրագրողների հետ շփումները խիստ սահմանափակ են: Վարչապետի կաբինետից Դատախազություն տեղափոխված Վարդապետյանը պաշտոնավարման ընթացքում որևէ ասուլիս չի հրավիրել, իսկ վերջին երկու տարում մերժում է լրագրողների հետ շփումների բոլոր ձևաչափերը: Փոխարենը, Դատախազության հրապարակած 165-էջանոց հաղորդման մեջ նշված է, թե 2025 թվականին պատասխանել են լրատվամիջոցների 374 հարցման:
«Ինձ թվում է, որ դատախազի մտքով անգամ չի անցնում, որ ինքը հանրության համար է աշխատում կամ պետք է աշխատի հանրության համար: Այդ տարանջատումը հանրությունից այնքան ակնհայտ է և բացահայտ, որ նա ջանքեր էլ չի գործադրում ինչ-որ բան ցույց տալու, որ չէ, ինքը հանրության համար է [աշխատում], կամ լրագրողների հարցերին, ինչ-որ մի հարցի կպատասխանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Ալեքսանյանն ընդգծեց՝ լրագրողների միջոցով պաշտոնյաները հանրության հետ են խոսում կամ փորձում են խոսել, իսկ եթե հրաժարվում են լրագրողների հետ շփումներից, դա, ըստ իրավապաշտպանի, վերաբերմունք է նաև այն քաղաքացիների նկատմամբ, որոնք մի շարք աղմկոտ թեմաների վերաբերյալ գլխավոր դատախազից ակնկալում են պարզաբանումներ:
«Տևական ժամանակ որևէ հարցի չի պատասխանում, մի անխոցելի, մետաղյա լեդիի կերպար է ստեղծել, որը էդպես գալիս է Ազգային ժողով և գնում է, և միանշանակ, կամ էլ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն է միայն այն մարդը, ում հարցերին ինքը պատասխանում է», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:
Դատախազության անցած տարվա աշխատանքը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելուց հետո, Աննա Վարդապետյանին հարցեր տալու հնարավորություն ունեցան պատգամավորները: Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Վարդապետյանը վերաբերվում փաստին, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախընտրական իր ծրագրում Կաթողիկոսին հեռացնելու հանձնառություն է ստանձնել:
«Արդյո՞ք Դուք էստեղ չեք տեսնում հակաօրինական և հակասահմանադրական վարք կամ հայտարարություններ, և ո՞րն է Ձեր արձագանքը», - հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
«Չեմ կարող պատասխանել, դրա իրավասությունն ու լիազորությունը չունեմ Սահմանադրությամբ՝ վարույթից դուրս գնահատական տալու որևէ կուսակցության, այդ թվում, օրինակ, Ձեր կուսակցության որևէ ծրագրի որևէ կետին: Դա քաղաքական հայտարարություններ են, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», - արձագանքեց գլխավոր դատախազը:
Անցած տարի այս նույն օրերին, երբ Վարդապետյանը դարձյալ Ազգային ժողովում էր, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով չկա մեղադրյալ: ՔՊ-ական նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջև ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Վարդանյանին հենց ոստիկանական մեքենայով ուշ ժամի տարել էին Քննչական։ Ճանապարհին նրան ուղեկցող ոստիկանները մեքենան կանգնեցրել էին ու հեռացել, իսկ այդ ընթացքում, ինչպես պնդում էր Սամվել Վարդանյանը, անհայտ անձինք մոտեցել ու բռնություն են գործադրել՝ նաև նվաստացնելով արժանապատվությունը։ Անցած տարի Աննա Վարդապետյանն ասել էր՝ երկու կարևոր փորձաքննության են սպասում, որից հետո կկարողանան եզրահանգումներ անել:
Այսօր Թագուհի Թովմասյանը կրկին նույն հարցը տվեց, դատախազը, պարզվեց, դարձյալ փորձաքննությունների պատասխանների է սպասում:
«Այստեղ երկու լրացուցիչ փորձաքննություն է նշանակված, որի արդյունքներն ենք սպասում, երեկ եմ ճշտել, և արդեն գնահատականների հարցը կհասկանանք», - ասաց Աննա Վարդապետյանը:
Ինչո՞ւ մեղադրյալ չէ Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ անող գառնեցի տղամարդը, ինչո՞ւ են ուսումնասիրվում, բայց անհետևանք մնում կոռուպցիայի մասին մամուլի այն հրապարակումները, որոնք առնչվում են իշխանությանը, ինչո՞ւ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին հեռացնելու վարչապետի հայտարարություններից հետո մի շարք հոգևորականներ, այդ թվում՝ Վեհափառը, հայտնվեցին մեղադրյալի աթոռին, արդյո՞ք փորձաքննություններով պարզվել է՝ ովքեր և ինչու են մոնտաժել ահաբեկչության փորձի համար կալանավորված «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս մեղադրյալների ձայնագրությունները: Իսկ որ քրեական գործի հիմք հանդիսացող այդ ձայնագրությունները մոնտաժված են, պնդում են մեղադրյալների պաշտպանները: Վարդապետյանն այս հարցերին էլ պատասխան չտվեց: