Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մատուցված Պատարագի ժամանակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մատուցված Պատարագի ժամանակ

Նիկոլ Փաշինյանը դանդաղ, բայց վստահ քայլերով մոտենում է Մայր Աթոռին:

«Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում», - այսօր հայտարարեց վարչապետը:

Վեհափառին գահից իջեցնելուց առա՞ջ, թե՞ հետո է աղոթելու, Փաշինյանն առայժմ չի հստակեցնում: Նրա սոցցանցային ուղիղ եթերի առիթը Էջմիածնի երեկվա հաղորդագրությունն էր: Այստեղ Մայր Աթոռը կարգալույծ քահանայի ծեսը Հովհաննավանքում Փաշինյանի ու նրա աջակիցների համար անվանում է սրբապիղծ բեմականացում:

«Իշխանությունների հովանավորմամբ Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման», - ասված է Մայր Աթոռի հայտարարությունում:

Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել, զայրացել է վարչապետը. - «Պղծությունը դա չէ, այլ այն, որ Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել և երեխա, որոշ տեղեկություններով՝ երեխաներ ունի, և այլն, և էդպես շարունակ, չասեմ»:

Փաշինյանը պղծության օրինակներ էլի ունի, օրինակ՝ այն, որ, նրա տպավորությամբ, Վեհափառը Աստծուն չի հավատում, տնտեսական գործիչ է:

«Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և, ըստ էության, կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի, փողի բաշխման, առքի ու վաճառքի: Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում», - պնդեց վարչապետը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը վարչապետի՝ Մայր Աթոռում աղոթելու պլանը հերթական սպառնալիք է համարում:

«Էս ամեն ինչը և՛ ժողովրդավարության սահմաններից դուրս է, և՛ օրինականությունից դուրս է, և՛ որևէ առողջ բանականությունից դուրս է: Ես չգիտեմ՝ այդ հայտարարությունների հիմքում, կամ էդ հայտարարությունները իրենց հոգևոր զգացումների և ապրումների մեջ ինչպես են հիմնավորվում, բայց, համենայն դեպս, նման հայտարարությունների հիմքում որևէ հոգևոր և անկեղծ զգացումներ ես չեմ տեսնում», - հայտարարեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Տեր Եսային շեշտում է՝ օրինական ճանապարհն են գերադասում: Հովհաննավանքը Մայր Աթոռի սեփականությունն է, այնտեղից չհեռացող Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ քահանայի քայլը ապօրինի ներխուժում է, ոստիկանություն են դիմել, բայց, ըստ քահանայի, նրան այնտեղից հեռացնող չկա. - «Էդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի, և օրենքի առումով սա շատ հստակ է մեզ համար: Ինչ վերաբերում է իրավապահներին՝ այո, մենք ունենք էդ մտահոգությունը, որ իրավապահ համակարգը էս ամեն ինչի մեջ, մեղմ ասած, հապաղում է կամ անգործության է մատնված»:

Սովորաբար ոստիկանությունն արագ է գործում, ինչո՞ւ են այս դեպքում անգործության մատնվել, տարակուսում է Տեր Եսային:

Հովհաննավանքն այժմ կարգալույծ քահանայի տիրապետության տակ է, ըստ Մայր Աթոռի՝ բռնազավթված, այստեղ մուտք չունեն վանքի մյուս հոգևոր սպասավորները: Էջմիածնից պնդում են՝ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռամբ կատարվող կնունք, պսակ և այլ արարողությունները հոգևոր արժեք չունեն, անվավեր են:

«Եթե մարդը էնտեղ պսակադրվում է կամ մկրտվում է տվյալ անձի՝ կարգալույծ հոգևորականի ձեռամբ, էդ մկրտությունը մկրտություն չի, և էդ պսակը պսակ չի: Այսինքն՝ եթե էդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրան պետք է մկրտենք նորից, այսինքն՝ դա նորից չի, որովհետև նախորդ կատարված ծեսը անվավեր է», - վստահեցրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

«Խնդիր կա, կեղտ կա, մեղք կա». - նախկին քահանան օրեր առաջ, երբ վանքի տարածքից դուրս էր անում Արագածոտնի թեմի հոգևորականներին, որ եկել էին ծանուցելու, թե պիտի հանձնի բանալիները, մի արտահայտություն արեց, որը, սակայն, աննկատ մնաց. - «Կարգապահական մարմինը, ոչ բոլոր անդամներն են անգամ ստորագրել»:

Կարգապահական հանձնախմբում ընդամենը հինգ բարձրաստիճան հոգևորական կա: «Ազատության» տեղեկությամբ՝ Տեր Արամին քահանայական կարգից զրկելու որոշմանը դեմ է եղել թեմերից մեկի առաջնորդ եպիսկոպոսը: Նա մեկնաբանությունից հրաժարվեց, միայն ընդգծեց՝ իր մղումն այն է եղել, որ այս ամենը կանգ առնի:

Մայր Աթոռի պատերի ներսում էլ հովվերգական մթնոլորտ չէ

«Ազատության» տեղեկություններով՝ Մայր Աթոռի պատերի ներսում էլ հովվերգական մթնոլորտ չէ, հոգևոր վերնախավում կան տեսակետներ, որ օր-օրի թեժացող այս հակամարտությունը պիտի հանգուցալուծվի ոչ թե Փաշինյանի ու նրա հետևորդների ճնշմամբ, այլ՝ եկեղեցական կանոններով:

Եկող շաբաթ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է հրավիրվելու: Ինչ օրակարգով՝ հայտնի չէ: Հոգևոր խորհուրդն է եկեղեցական իշխանության գործադիր բարձրագույն մարմինը: Մայր Աթոռից այսօր միայն մեկ հայտարարություն է հնչել՝ Կաթողիկոսի օծման ու գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Պատարագ ու հայրապետական մաղթանք կլինի, երկրպագության համար մասունք դուրս կբերվի այս կիրակի:

Նույն օրը Հովհաննավանքում կարգալույծ քահանան նորից խորան կբարձրանա՝ նորից Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների առջև: Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամ քահանան, լրագրողների հետ շփումներում մի քանի անգամ ճիշտ չի խոսել, վերջին օրերին էլ համառ հարցերին ի պատասխան՝ ուղիղ չի ասում՝ փոխե՞լ է վանքի բանալիները, դռան փականը, թե՞ ոչ: Գերադասում է այս պարզ տեղեկությունը ծածկել մարդկանց սրտի փականներից խոսելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG