Վանաձորի ավագանին այսօր ի վերջո ընդունեց Եվրամիության 4 միլիոն եվրո արժողությամբ նվերն, և առաջիկայում Վանաձորն ու Գյումրին կարող են շահագործել դեռ անցած ամռանն ստացած էլեկտրական ավտոբուսները: Բայց այդ ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին նիստի ընթացքում անպատասխան թողեց Վանաձորի ավագանու անդամների հարցերը ծախսված գումարների վերաբերյալ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Լուսինե Թադևոսյանն ու Նոնա Հովհաննիսյանը հայտարարեցին՝ այս թանկարժեք ծրագրի մասին «Ազատության» տասն օր առաջ հրապարակված հետաքննությունը իրենց մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել, ու կասկածներ ունեն, թե «միջոցներն անարդյունավետ են ծախսվել»:
«Նախ ես կխնդրեմ արտահայտություններում լինել, բոլորիդ կհրավիրեմ կոռեկտության, որովհետև մեղադրանք, արդարացում, կարծում եմ, դրանք իրավական եզրույթներ են և տեղին չեն», - արձագանքեց Նատալյա Լափաուրին:
Ծրագիրն ավելի քան 3 տարի ղեկավարած Լափաուրին, որ ավագանու նիստում զեկուցում էր ավտոբուսները համայնքի հաշվեկշիռ ընդունելու հարցը, մանրամասներ չնշեց, ասաց՝ ծրագիրն արդեն ավարտվել է, ընթացքում հաշվետվություններ տվել են, նախատեսված բոլոր գործողություններն արդեն արվել են՝ ըստ նախապես ընդունված ծրագրի, որն ի դեպ, հենց Վանաձորի ավագանին է հաստատել:
«Անարդյունավետ ծախս թույլ տվեք՝ չընդունեմ, որովհետև այդ բյուջեն, ըստ էության, հաստատվել է ձեր կողմից, որևէ որոշում ծախսերը փոխարինելու, տնօրինելու ծրագրի ղեկավարման ընթացքում չի եղել, և այդ իրավասությունը նույնիսկ չի եղել», - ասաց նա:
Ավագանու ՔՊ-ական անդամները հակադարձեցին՝ լավ ծրագիր է եղել՝ հաստատել են, բայց թե ինչպես է իրականացվել այն, չփարատված կասկածներ ունեն, ասաց Լուսինե Թադևոսյանը. «Մեր տված հարցերը Դուք մի փոքր ավելի լարված եք ընդունում: Այո, ավագանին կարևոր ներկայացուցչական մարմին է: Իրավունք ունի ձեզանից պահանջելու: Տեսնում ենք ֆինանսական լուրջ բեռ և ուզում ենք պարզաբանումը լինի»:
Գործընկերը՝ Նոնա Հովհաննիսյանն օրինակներ բերեց՝ ծրագրի շրջանակներում Վանաձորի և Գյումրիի 6 դպրոցներում տեղեկատվական արշավներ իրականացնելու վրա 10 միլիոն դրամ է ծախսվել:
«Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի պաշտոնական կայքում լուսանկարներ են հրապարակված, որտեղ երևում է, որ հանդիպումներ են եղել դպրոցում, դասընթացներ շրջակա միջավայրի աղտոտման ու դրանց հետևանքների վերաբերյալ: Դպրոցականները շապիկներ, կտորե պայուսակներ, բլոկնոտներ, ֆլեշ կրիչներ ու կրծքանշաններ են ստացել: Ավագանու նիստում հարց հնչեց՝ արդյոք ուռճացված չէ 10 միլիոն դրամն այս ամենի համար:
Նատալյա Լափաուրին ուղղեց ավագանու անդամին՝ ոչ թե 10, այլ 9 միլիոն են ծախսել Վանաձորի և Գյումրիի 6 դպրոցներում բնության աղտոտման ու դրա հետևանքների մասին իրազեկելու համար:
Չորս տարի առաջ «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի համար 4 միլիոն եվրոն Եվրամիությունից Վանաձորի համայնքապետարանն էր ստացել ու համայնքի ղեկավարի որոշմամբ աշխատակազմ ձևավորվել: «Ազատություն»-ը պարզել էր, որ ծրագրի 8 աշխատակիցներից կեսը Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաների ընտանիքի անդամներ են եղել, գնումների մրցույթներում նույնպես պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ են շահել:
Չնայած ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին այսօր էլ վստահեցրեց, թե բաց ու թափանցիկ են գործել, բայց «Ազատություն»-ը պարզել էր, որ որևէ բաց հարթակում տեղեկություն չկա մրցույթների մասնակիցների, մրցութային հանձնաժողովի որոշումների, շահող ընկերությունների ու ֆինանսների մասին: Ավագանու անդամ Նոնա Հովհաննիսյանը նույնպես շեշտեց՝ իրենք էլ 4 միլիոնանոց ծրագրի մասին ֆինանսական հաշվետվություններ չեն գտել:
Այս պնդումներին այդպես էլ չարձագանքեցին ո՛չ համայնքապետարանի պաշտոնյաները, ո՛չ էլ ծրագրի ղեկավարը: Պայմանավորվեցին առաջիկայում քննարկում կազմակերպել առաջադրված հարցերի վերաբերյալ: Իսկ ծրագրի մասին բազմաթիվ հարցեր ունեցող ավագանին այսօր միաձայն որոշեց ձևավորել «Ավտոբուս» ՓԲԸ, որը կշահագործի էլեկտրական ավտոբուսները: 10 ավտոբուսներից 5-ը նվիրաբերվեցին Գյումրիին: