Հակակոռուպցիոն դատարանն այսօր հրապարակեց Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանի վճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնավարման ընթացքում լիազորությունները չարաշահելու համար:
Դատարանը որոշեց Ասլանյանին ազատազրկել գրեթե 4.5 տարով։ Պատժի մի մասը՝ 2 տարի 7 ամիսը, սակայն, Ասլանյանն արդեն անցկացրել է անազատության մեջ։ Վանաձորի նախկին քաղաքապետին արգելվեց նաև 3 տարով որևէ պաշտոն զբաղեցնել, և դատարանը նրան 500 հազար դրամով տուգանեց։
Վճռի հրապարակումից հետո Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ բողոքարկելու է այն Վերաքննիչ դատարանում։
«Մեծ հաշվով այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք, ուղղակի հաճախ նաև խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ այդ պրոցեսներին հետևելիս», - ասաց նա:
Պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերը մտերիմներին ապօրինի օտարելու համար մեղավոր ճանաչված Ասլանյանը քրեական գործը քաղաքական հետապնդում է համարում։ Մինչ իշխանությունները վստահեցնում են, որ չեն միջամտում դատական իշխանության գործերին, Վանաձորի նախկին քաղաքապետն ասում է, թե Հայաստանում չկա անկաշկանդ դատական համակարգ։
«Տեսնում եմ, որ դատավորը կաշկանդվածություն ունի և ուներ, նրա հուզական վիճակից էլ էր երևում», - նկատեց նա:
Ասլանյանը պնդեց, թե դատարանը նման որոշման է եկել ճնշման հետևանքով, սակայն խուսափեց ասել՝ ով կամ ինչպես է ճնշել դատարանին։
Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ հայտնվեց 2021-ի դեկտեմբերին, երբ տեղական ընտրություններում իր գլխավորած դաշինքն ամենաշատ թվով ձայներն ստացավ, ու մեծ էր հավանականությունը, որ նա դարձյալ կվերընտրվի քաղաքապետի պաշտոնում։
Ամռանը 10 միլիոն դրամ գրավով Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր, ու նա ազատության մեջ էր հայտնվել։
Ասլանյանի նախկին երկու ենթակաները՝ համայնքապետարանի իրավաբանն ու գլխավոր ճարտարապետը ևս դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեցին։ Վանաձորի նախկին գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանին դատարանը 2 տարի ազատազրկում և 400 հազար դրամ տուգանք նշանակեց. նա մեկ այլ՝ կոռուպցիոն քրգործով կալանքի տակ է։ Իսկ իրավաբան Արևհատ Հովհաննիսյանին դատարանը 500 հազար դրամով տուգանեց։ Աբովյանը պատրաստվում է բողոքարկել Հակակոռուպցիոնի որոշումը, իսկ Հովհաննիսյանը չի հստակեցնում առաջիկա քայլերը։