Վանաձորի ավագանին արգելանքից ազատելու ևս մեկ քայլ. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի հայցերի պատճառով էր ի սկզբանե կիրառվել արգելանքը, դիմել է դատարան և «խնդրել կայացնել լրացուցիչ վճիռ, որով անդրադարձ կկատարվի հայցի ապահովմանը՝ արգելանքին»։
«Հարկադիր կատարողը պատճառաբանում էր, որ միայն հայցի ապահովումը կիրառած դատարանը կարող է վերացնել այն։ Հաշվի առնելով, որ Վարչական դատարանը վճռով չի անդրադարձել հայցի ապահովման միջոցին, իսկ վեճի մյուս կողմերը կարող են ձգձգել դատական պրոցեսը՝ ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու միջոցով, դիմել ենք դատարան և խնդրել կայացնել լրացուցիչ վճիռ, որով անդրադարձ կկատարվի հայցի ապահովմանը», հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Օրենքով 20-օրյա ժամկետում դատարանը պետք է անդրադառնա կուսակցության դիմումին ու վերացնի արգելանք սահմանող հայցի ապահովման միջոցը: Անցած 4 տարիներին մի քանի անգամ դատարանի վճիռը վերջնական է համարվել ու հայտարարություններ են արվել, թե ավագանու վրա դրված արգելանքն արդեն կհանվի: Բայց, միևնույն է՝ անընդհատ բողոքարկումների պատճառով արգելանքը շարունակել է գործել ու դեռ 2021-ի դեկտեմբերին ձևավորված ավագանին հնարավորություն չի ունեցել Վանաձորի ղեկավար ընտրել:
Մեկ շաբաթ առաջ էլ Հարկադիր ծառայությունը որոշել էր կարճել դատական վարույթն ու ավագանուն համայնքի ղեկավարի ընտրության հնարավորություն տալ: 24 ժամում, սակայն, նույն կառույցը չեղյալ էր համարել սա ու հակառակ որոշում ուղարկել համայնքապետարան, թե չեն կարող կարճել, քանի դեռ դատարանը չի վերացրել արգելանք սահմանող հայցի ապահովման միջոցը:
Փորձագետներն ու իրավաբաններն այլ կարծիքի են. պնդում են, թե այդ հայցի ապահովման միջոցն ինքնաբերաբար պետք է վերացված համարվեր այն բանից հետո, երբ նույն վարչական դատարանը ավարտված է համարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ընտրական հանձնաժողովի դատական վեճը:
«Շարունակում են պարզապես օգտագործել այդ բացը, որը հակասում է օրենքի ոգուն և, ըստ էության, օրենքի տառին, որպեսզի պահեն արգելանքը ուժի մեջ»,- «Անկախ դիտորդ» դաշինքի փորձագետ Անտոն Իվչենկոն շեշտում է՝ արգելանքը դրվել էր ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքը քննելու համար: Թեև ընտրական վեճը վաղուց ավարտված է, դատարանը վերջնական վճռել է, որ «Լուսավորը» ավագանի չի անցել, բայց արդեն անիմաստ դարձած արգելանքն արհեստականորեն պահպանվել է առնվազն 2 տարի:
«Իրավաբանական թիմերը նույնպես կարծում են, որ սա չարաշահում է բացերի, բայց նպատակադրված չարաշահում, ոչ թե ինքնահոս ընթացք, որի արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք, այլ նպատակադրված չարաշահում օրենսդրական կամ ընթացակարգային բացերի, որից խուսափելը չէր պահանջում որևիցե գործողություն, բայց չարաշահելը պահանջում է գործողություն ամեն մի փուլում», - ասում է «Անկախ դիտորդ» դաշինքի փորձագետ Անտոն Իվչենկոն:
Անցած 4 տարիներին իշխանական պատգամավորների առաջարկով խորհրդարանն անգամ օրենք փոխեց այն հարմարեցնելով Վանաձորին: Եթե նախկինում ավագանու անդամը չէր կարող համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել, ապա ՏԻՄ օրենքի այդ փոփոխությունով ներկայիս պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ստացավ այդ հնարավորությունն ու վարչապետի որոշմամբ արդեն 3 տարի է ղեկավարում է Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը:
Դեռ 2022-ին փորձագետներն այդ փոփոխությունը խիստ խնդրահարույց համարեցին, քանի որ ակնհայտ էր՝ այն արվում էր մեկ նպատակի համար՝ հենց ավագանու անդամ Արկադի Փելեշյանին այդ պաշտոնում նշանակելու և համայնքի ղեկավարի ընտրությունը Վանաձորում հետաձգելու համար, ասում է Անտոն Իվչենկոն:
ՏԻՄ մարմինների գործունեությունը մշտադիտարկող փորձագետը տարօրինակ է համարում նաև Վանաձորի ավագանի անցած կուսակցությունների անցած տարիների պասիվությունը: Հասարակական կազմակերպություններն էին պարբերաբար հարցեր բարձրացնում՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր եղավ 4 տարի ՏԻՄ մարմնին արգելել կատարելու օրենքով սահմանված իր գործառույթը: «Բայց զուգահեռաբար տեսնում էինք մի գործընթաց, որտեղ քաղաքական ուժերից որևէ մեկը, որ պատասխանող կամ երրորդ կողմերն էին, ըստ դատական գործի, չէին ցուցաբերում որևիցե նախաձեռնողականություն՝ հարցը նույնպես բարձրաձայնելու, գնալու դատարան, փորձելու բարձրացնել ժամանակավոր արգելանքի վերացման հարցը: Մինչև մենք հասնաք այստեղ», - նկատում է փորձագետը:
Այս ամբողջ ընթացքում դատարանում կողմ հանդիսացող կուսակցություններն ու նաև հենց համայնքապետարանը անգամ չեն ներկայացել դատական նիստերին ու որևէ կերպ չեն միջամտել դատական գործընթացներին: Միայն անցած տարի «Լուսավոր Հայաստանը», որի հետընտրական բողոքից սկսվեց այս ամենը, հրաժարվեց իր հայցից, բայց դա էլ չօգնեց վերջնականապես վերացված համարել արգելանքի հարցը: Վերջին երկու շաբաթներին էլ արդեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է քննում ընդդիմադիր կուսակցությունների դիմումները: Թե ինչ հանգուցալուծում կլինի այս անգամ, դեռ անորոշ է: