Մատչելիության հղումներ

«Ավելի մեծ կոլապս»՝ Վանաձորում. ԴԱՀԿ-ն ավագանու վրա դրված արգելանքը ուժի մեջ է թողել


Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակը մեկ օրվա տարբերությամբ իրար հակասող որոշումներ է կայացրել: Նախօրեին վերացրել էր Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքն ու իրավունք տվել համայնքի ղեկավար ընտրել: Այսօր համայնքապետարանը ԴԱՀԿ-ից մի ուրիշ որոշում է ստացել, որով վերացրել է նախօրեին կայացրած իր որոշումն ու ավագանու վրա դրված արգելանքն ուժի մեջ թողել:

Հոկտեմբերի 29-ին կարճ տեքստով հղում էին արել երկու տարի առաջ վճռաբեկ դատարանի կայացրած վճռին ու որոշել ավագանու վրա արգելանք սահմանող վարույթը կարճել: Մինչդեռ այսօր քաղաքապետարան են ուղարկել հոկտեմբերի 30-ով թվագրված մեկ այլ գրություն, որտեղ նշված է՝ վերացնել հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Դավիթ Պապոյանի կողմից հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը՝ արգելանքները վերացնելու մասին:

«Ազատություն»-ը երեկ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին գրավոր հարցրել էր՝ արգելանքը վերացնելու մասին ԴԱՀԿ որոշումից հետո արդյո՞ք պատրաստվում են ավագանու նիստ հրավիրել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով: Ի պատասխան ուղարկել են ԴԱՀԿ-ից այսօր ստացած այս որոշումը, ըստ որի՝ արդեն չեն կարող համայնքի ղեկավարի ընտրություն անցկացնել:


Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տասը վայրկյանանոց մի կարճ տեսանյութ էր հրապարակել՝ իր աշխատասենյակում ընդունում է Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանին: Թե ինչ հարցեր են քննարկել, արդյոք նաև Վանաձորի զարգացումներն ու «Քաղաքացիական պայմանագրի» մարտավարությունն են քննարկել, ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ Արեն Մկրտչյանի հետևորդները չիմացան: Տեսանյութին ուղեկցող մեկնաբանություն չկար:

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը երկու օր առաջ համոզված էր, որ այլևս անբեկանելի է՝ Վանաձորում ավագանու արգելանքը պետք է վերացվի, ավագանին պետք է համայնքի ղեկավար ընտրի, այսօր տարակուսած է՝ շեշտում է, որ դեռ մեկ տարի առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրաժարվել է իր հայցից, որին ԴԱՀԿ-ն իր երկրորդ որոշման մեջ հղում է արել: Այսինքն՝ փաստացի այլևս գոյություն չունի ԼՀԿ-ի հայցը, որով սահմանվել էր ավագանու արգելանքը ու որին հղում են անում ԴԱՀԿ-ում, ասում է իրավապաշտպանը:

«Իսկ հարկադիրի տրամաբանությամբ եթե հայցի ապահովման մասով պետք է գնար գործը, փաստացի անվերջ կարող է ուղղակի գնալ, ընդհուպ 2026-ից հետո, որովհետև դատավորը, որը վճիռ էր կայացրել, հայցի ապահովմանն ընդհանրապես չի անդրադարձել, արգելանքին ևս չի անդրադարձել, այսինքն՝ սրանով փաստացի ավելի մեծ կոլապսի մեջ ենք մտնելու, որը իրավաբանության հետ որևէ աղերս չունի», - ասաց նա:

2021-ի դեկտեմբերին Վանաձորի ընտրությունների արդյունքները բողոքարկելիս «Լուսավոր Հայաստանը» զուգահեռաբար մեկ այլ հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ավագանու վրա արգելանք դնել, մինչ դատարանը կքններ ընտրություններին վերաբերող իրենց բողոքը: Երկու տարի դատարանը քննել, բոլոր ատյաններով անցել ու վերջնական վճռի էր հասել, որ Վանաձորի ավագանու ընտրությունների 2021-ի դեկտեմբերի արդյունքները վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն:

Երկու օր առաջ ԴԱՀԿ-ն հենց այս վճռի հիման վրա էր հանել ավագանու վրա դրված արգելանքը: Մինչդեռ մեկ օր անց կայացրած որոշման մեջ նույն ԴԱՀԿ-ն պնդում է, թե արգելանքը պետք է պահպանվի, քանի դեռ դատարանն այն վերացնելու մասին որոշում չի կայացրել:

Արդեն մեկ տարի դատարանը քննում է ոչ թե ԼՀԿ-ի բուն հայցը, այլ Վանաձորում այս պահին իշխանություն ունեցող Արկադի Փելեշյանի կուսակցության՝ ՀԱՍԿ-ի բողոքները: Ընդ որում, դրանք փաստաբանական ծախսերին են վերաբերում: Մի ամբողջ համայնք հետևում է փաստաբան Արթուր Սուքիասյանի բողոքներին իրեն վճարվելիք մի քանի տասնյակ հազար դրամի վերաբերյալ: Ուշագրավ է, որ փաստաբան Արթուր Սուքիասյանը մշտապես հրաժարվել է «Ազատության» հարցերին պատասխանել՝ նշելով, որ ինքն այդ բողոքների հետ առնչություն չունի, թեև դատարան հենց նրա անունով են մուտքագրվում բողոքները:

Ավագանու խմբակցությունները դեռևս չեն ստացել ԴԱՀԿ-ի փոփոխված որոշումը: «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն «Ազատությանն» ասաց՝ ստանալուն պես կբողոքարկեն այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG