Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, կոչ է անում Հայաստանին բարձրագույն գործադիր մարմիններում և Ոստիկանությունում ուժեղացնել վերահսկողությունը, շարունակել կոռուպցիան կանխելու ջանքերը։
GRECO-ն իր զեկույցում ընդգծում է՝ այսօրվա հնչեղ կոռուպցիոն դեպքերի և նախորդ ռեժիմների հետ կապ ունեցող մեղադրյալների քրեական գործերով դատավճիռներ չեն կայացվել, թեև լայնածավալ հետաքննություններ ընթանում
Այս զեկույցից օրեր առաջ «Հետքը» գրեց իշխանական պատգամավորների մերձավորներին առնչվող անձանց բիզնես ծրագրի մասին։
«Մեր հրապարակման մեջ առանցքային էր այն, որ համայնքային հողամասը իշխանության ներկայացուցիչների հետ կապված ընկերությանը վաճառվել է շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով», - «Ազատությանը» փոխանցեց «Հետք»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը:
Ըստ հրապարակման՝ իշխանականներ Վաղարշակ Հակոբյանի հոր և Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդու հիմնադրած ընկերությունը Ծաղկաձորում հողատարածք է գնել շուկայականից մի քանի անգամ ցածր գնով։
Թանկարժեք հանգստի գոտում կառուցապատման նպատակով համայնքին պատկանող հողատարածքը գնել են 1 միլիոն 66 հազար դոլարով։ Մինչդեռ, ըստ «Հետք»-ի, այդ հողատարածքի շուկայական արժեքը մոտ 4 միլիոն դոլար է։
Հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը ուսումնասիրել է շուկան. - «Մենք այդ ուսումնասիրությունն արել ենք Ծաղկաձորում անշարժ գույքի վաճառքի 2 տասնյակ հայտարարություն դիտարկելուց հետո և տեսել ենք, որ կադաստրային արժեքն անհամեմատ ցածր է եղել շուկայական արժեքից»:
Հրապարակումից երեք օր է անցել, բայց իրավապահներն այս բացահայտմամբ չեն հետաքրքրվել։ Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ իշխանության ներկայացուցիչների հարազատներին առնչվող հետաքննությունը չեն ուսումնասիրում։
«Իրավապահները, հնարավորություն ունենալով պատշաճ իրավական գնահատական տալու, դա չեն անում: Դա չեն անում, որովհետև այս մարդիկ իշխանության ներկայացուցիչներ են, էս գույքն էլ առել են, գրավադրել են բանկում, հիմա եթե իրավապահները պատշաճ քննություն անելու համարձակություն ունենան, կարող են գնալ, բացել, տեսնել «Հայէկոնոմ» բանկում ինչքանով է գրավ դրվել այս մեկ միլիոն դոլարով ձեռք բերված գույքը: Դրա շուկայական արժեքն իրանք հենց այդտեղ կտեսնեն», - պնդեց Մուրադյանը:
Պատգամավորները հերքում են, որ իրենք ազդեցություն ունեն այս բիզնես ծրագրում։ Ըստ «Հետք»-ի՝ «Սատուրնավան» ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սուքիասյանի եղբոր որդին, հետագայում գնման փուլում իր բաժնեմասը փոխանցել է Սուքիասյանին փոխկապակցված մեկ այլ անձի։ Վաղարշակ Հակոբյանի հոր բաժնեմասը պահպանվում է: Պատգամավոր Հակոբյանի հետ այսօր կապվել չհաջողվեց: Ընկերությունը Ծաղկաձորում կառուցում է բնակելի համալիր։
«Ընկերությունը, որը գնել է, անհավասար պայմաններում է հայտնվում՝ ինքը շատ էժան գնով հողամաս է ձեռք բերել, և դրա վրա ինչ էլ կառուցի վաճառի՝ ինքը շահած է դուրս գալու», - ընդգծեց հետաքննող լրագրողը:
Գործող իշխանության օրոք բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող մարդկանց շահեկան բիզնեսների բացահայտումներին այսօր էլ իրավապահները պատշաճ ընթացք չեն տալիս, ասում է հետաքննող լրագրողն ու հիշեցնում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ առնչվող գործը։ Նրա որդու կնքահայրը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ներգրավվել էր Ծաղկաձորում բնակելի համալիրի կառուցապատման գործում, երբ դատարանի վճռով սնանկ էր ճանաչվել։
Հակակոռուպցիոն մարմինն ուսումնասիրեց հրապարակումն ու կարճեց հանցանքի բացակայության հիմքով։ Ընթացք չստացավ նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի պատմությունը, որը նա գնել էր շուկայականից ցածր գնով։ Դատախազությունը վարույթ չհարուցեց։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջ շինարարության պատմությունը դարձյալ «Հետք»-ն էր բացահայտել։ Մեկ հեկտարից ավելի համայնքային հողատարածքը էջմիածնում գնել են շուկայականից երկուսուկես անգամ ցածր արժեքով և առանց թույլտվության սկսել շինարարությունը։ Այս գործը դեռ Հակակոռուպցիոն կոմիտեում է, մեղադրյալ չկա։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ պաշտոնյաների անվան հետ կապվող գործերը իրավապահները պատշաճ չեն քննում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
«Ինձ թվում է՝ մեր պետական կառույցներում ոնց որ մարդամեկն ասում էր՝ թղթերով ամեն ինչ կարգին է, այ էդ ոգին է գերիշխում», - ասաց Հոկտանյանը:
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինն իր զեկույցում նշել է՝ Հայաստանի իշխանության 2023-2026 Հակակոռուպցիոն ծրագրում խոստումնալից զարգացումներ նախատեսված են, բայց իրագործումը պետք է արդյունավետ լինի։