Մատչելիության հղումներ

Ո՞ւր են հասել սահմանազատման սկզբունքների շուրջ աշխատանքները. վերջնաժամկետին 5 օր է մնացել


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, արխիվ

Ո՞ւր են հասել սահմանազատման սկզբունքների շուրջ աշխատանքները, արդյոք ամրագրվե՞լ է Ալմաթիի հռչակագրի հղումը. վերջնաժամկետին 5 օր է մնացել, բայց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի նախագծի համաձայնեցման գործընթացից ոչ մի նորություն։

Վարչապետի աշխատակազմից «Ազատությանը» մի տողով միայն փոխանցել են՝ կանոնակարգը մշակման փուլում է, առանց հստակեցնելու՝ Հայաստանի կարևորած սկզբունքը հաջողվե՞լ է ամրագրել, թե՝ ոչ։

Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանը իրատեսական է համարում, որ նախօրոք հայտարարված ժամկետները կպահպանվեն։

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը պետք է համաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը, ապա՝ երկրների ներսում սկսեն հաստատման գործընթաց։ Բայց թե ի՞նչ ժամկետներում, հստակեցված չէր։

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը վաղը քննարկելու է Միլի Մեջլիսի լուծարման սահմանադրականության հարցով Ալիևի դիմումը։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ եթե Ադրբեջանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գործընթացը կարող է երկարել։

«Եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա որոշակի ժամանակով խորհրդարանը անպատասխան միջպետական պայմանագրեր վավերացնելու հնարավորություն պարզապես չի ունենալու և ավտոմատ կարող է գործընթացը որոշակիորեն երկարել», - նշեց Աբրահամյանը:

Եթե կանոնակարգի հաստատումը ձգձգվում է, սահմանազատման հաջորդ փուլերը՝ ևս։ Սահմանազատվող մյուս հատվածների հերթականությունը, այդ թվում՝ անկլավ- էքսկլավների դեպքում, ըստ ապրիլյան պայմանավորվածության, կանոնակարգի հաստատումից հետո պետք է որոշվի։

Բաքվի նախաձեռնած արտահերթ ընտրությունը կարո՞ղ է դառնալ չվավերացնելու պատրվակ։

«Արձակվում են, բայց նոր ընտրություն չէ՞ պիտի լինի, այսինքն, հիմա չլինի, մի ամսից, երկու ամսից նոր խորհրդարան ձևավորելու մեջ, այստեղ կարևորը ոչ թե ժամկետներն ու օրերն են, այլ կարևոր գործընթացն է, եթե մի ուղղությամբ շարժվում ես, վաղ թե ուշ կհասնես», - ասաց Արման Եղոյանը:

Բաքուն մտադի՞ր է Հայաստանի տարածքներից հետ քաշվել

Հայ-ադրբեջանական ավելի քան 900 կիլոմետրանոց սահմանից այս պահին մոտ 12 կմ է սահմանագծված։ Հաշվի առնելով օկուպացիայի մեղադրանքը մերժող Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը, Բաքուն մտադի՞ր է Հայաստանի տարածքներից հետ քաշվել։

«Ես իրենց փոխարեն չեմ կարող դա ասել, ես չեմ կարող ասել, որ դա նշանակում է և չեմ կարող ասել, որ դա չի նշանակում: Ես իրենց խոսնակը չեմ, ես կարող եմ ասել, որ մենք ցանկացած իրավիճակում այդ պահի եղած հնարավոր ռեսուրսներով վերցնում ենք մեզ համար օգտակար առավելագույնը: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ վաղն Ադրբեջանն ասում է՝ չէ, ես էլ ոչ մի սահմանագծում Հայաստանի հետ չեմ անում, նախ դա որևէ միջազգային ընկալում չի ունենա, բայց նույնիսկ եթե ինքը շարունակի էդպես ասել, կստացվի, որ մենք կունենանք որոշ հատվածներում սահմանազատված սահման, այլ հատվածներում կունենանք շփման գիծ այնպես, ինչպես ունեցել ենք», - ասաց իշխանական պատգամավորը:

Ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանը ակնկալիք չունի, որ Ադրբեջանը դուրս է գալու օկուպացրած տարածքներից։

«Ադրբեջանը ստացավ այն, ինչ որ ինքը ցանկանում էր, իսկ այն, ինչ որ զուգահեռ պահանջում էր կամ իր ակնկալիքը ներկայացնում էր Հայաստանի իշխանությանը, այդպես էլ չստացվեց: Դա վերաբերում է կոնկրետ այդ 31 տարածքներին, տարբեր բնակավայրերին՝ տարբեր գյուղերի մաս կազմող ու վերջին շատ ավելի վառ օրինակը վերաբերում է Բերքաբերին, որն այն հատվածում է, որտեղ այս փուլում տեղի ունեցավ սահմանազատում, սահմանագծում: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը հայտարարում է մի բան ի սկզբանե իմանալով, որ դա որևէ ձևով չի կարողանալու իրականացնել», - ընդգծեց Աբրահամյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի հետ կքննարկեն սահմանազատումը հատվածական շարունակելու հարցը, բայց թե ո՞ր կետն է լինելու հաջորդը, ըստ նրա, դեռ չկա պայմանավորվածություն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG