Ո՞րն է սահմանազատման հաջորդ հասցեն. «Կորոշեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները կանոնակարգի հաստատումից հետո»,- Սյունիքում աշխատող «Ազատության» լրագրողին այսօր ասել է վարչապետ Փաշինյանը:
«Գիտեք, որ էս պահին մենք կանոնակարգի նախագծի վրա ենք աշխատում, և ըստ նախնական պայմանավորվածության, նաև ապրիլի 19-ի արձանագրության մեջ դա ֆիքսված է, որ կանոնակարգի հաստատումից հետո հանձնաժողովները կորոշեն՝ որն է: Դուք հարցրիք՝ «հնարավո՞ր է», այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է», - նշեց Փաշինյանը:
Իսկ կանոնակարգը, ըստ պաշտոնական Երևանի ու Բաքվի պիտի հաստատվի մինչև հուլիս 1-ը։
Երկրորդ օրն է՝ վարչապետը Սյունիքում է, նրա հետ է Հայաստանի քարտեզի ուրվագիծը: Իսկ հարցադրումը մի շինուհայրցի տղամարդ էր բարձրացրել՝ խուճապ է, թե Զանգեզուրը տալիս են, ճիշտ է, ինքը հավատացողներից չէ:
«Խոսակցությունները բանի տեղ մի դրեք, այս քարտեզից միլիմետր չի զիջվի, քարտեզից դուրս միլիմետր չենք ուզում»,- ասաց Փաշինյանը:
Քարտեզի պատկերից բացի Փաշինյանը Սյունիքի համայնքներում իր հեռախոսի լուսանկարներից մեկն է ցույց տալիս՝ փշալարերով ցանկապատ որով սահման է գծվել տավուշում։ Տպավորություն ունի, որ Սյունիքի սահմանին ապրողներն էլ են դրանից ուզում:
«Հասկանալի է, որովհետև նորմալ, քաղաքակիրթ պետական սահման է, պիտի սահմանազատում անենք, որտեղ առաջ ենք հետ գանք, որտեղ իրենք են առաջ, իրենք հետ գնան, պետք է գիծը գծվի, կարա տեղեր լինի, էդ արդեն այնտեղ որտեղ խոշոր կտորների մասին կլինի, որովհետև տեղեր կա, կարող է լինի գաղափար՝ եկեք 100 քառակուսի մետր մենք ձեզ տանք, 100 քառակուսի մետր դուք մեզ տվեք, էդ էլ մենք չենք կարա դա անենք, մենք էդ ժամանակ եթե տենց թեմաներ լինի, պետք է հանրաքվե անենք, դուք պետք է որոշեք՝ ուզում եք դա, թե՝ չէ», - նշեց վարչապետը:
Փաշինյանը Ներքին Հանդում էր
Երեկ էլ Փաշինյանը Ներքին Հանդում էր: Գյուղի դպրոցն ընդամենը 4 աշակերտ ունի, Փաշինյանին դիմավորող փոքրիկները հովեկներն են, պատմեց Ներքին Հանդի բնակիչներից մեկը։
44-օրյայից հետո այս գյուղը սահմանամերձ դարձավ, 22-ին էլ ադրբեջանական հարձակման ժամանակ գյուղի հողերը, գերեզմանոցը, խմելու ջրի աղբյուրները անցան Ադրբեջանի հսկողության տակ: Ներքին Հանդը վարչապետին ընդունեց գորովանքով:
Վարչապետի հետ ակտիվ զրույցի է բռնվում նախկին գյուղապետը Նորիկ Դանիելյանը՝ գյուղը շուտով խմելու ջուր կունենա, տանիքները կփոխվեն. այնքան գոհ է։ Գյուղի քարտեզը բերեց, ցույց տվեց, թե որտեղ են նստած ինքն ու վարչապետը, ցույց չտվեց, թե որտեղ են նստած ադրբեջանցիները։
Այսօր մեզ հետ զրույցում Նորիկ Դանիելյանն ասաց՝ Ներքին Հանդի տարածքում տեղավորված ադրբեջանցիների մասին գրել է նամակում, որ փոխանցել է Փաշինյանին։ Գյուղացիներից լսեցինք, որ նա այսքան ջերմ ընդունել է վերևներից եկած բոլորին։ «Այո՝ Տեր- Պետրոսյանի, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վստահված անձն եմ եղել, խաբվել եմ», - ասաց նախկին գյուղապետը:
Սյունիքի սահմանային բնակավայրերում Փաշինյանի հանդիպումների մասին տեղեկատվություն կա միայն հենց իր ֆեյսբուքյան էջում՝ դատելով այդ տեսագրություններից վարչապետին ջերմ, շատ ջերմ են ընդունել բոլոր համայնքներում՝ Ճակատենում, Ծավում:
Շուռնուխում 13 տների բաշխման հանդիսավոր արարողությունն էր
Շուռնուխում 13 տների բաշխման հանդիսավոր արարողությունն էր, կառավարությունը մի քանի անգամ ժամկետները հետաձգելով 3.5 տարում հաջողացրեց ավարտին հասցնել նոր թաղամասի շինարարությունը, որտեղ պիտի ապրեն ադրբեջանական դարձած ներքևի թաղի բնակիչները։ Նոր տանտերերը գոհ են, շնորհակալ:
«Մեծ էներգիա ստացա», - արձանագրեց Փաշինյանը՝ բազմաթիվ հանդիպումներից հետո, զարմանքով նկատեց՝ ամենուր աջակցություն տեսա:
Կոռնիձորցի Գրավիկ Խաչյանը հարցեր ուներ, բայց այս գյուղում հերոսների պուրակի բացմանը մասնակցող վարչապետին չկարողացավ մոտենալ. - «Վերևներից էլ գալիս են, ասում են՝ ամեն ինչ լավ ա, ղեկավարի բան ա՝ ամեն ինչ լավ ա իրանց փրկելու համար, որպեսզի իրանք հեչ պրոբլեմ չունենան»:
Ի՞նչ է լինելու մեր վերջը՝ խմելու ջուր չկա, ոռոգման ջուր այս տարի չենք տեսել, երեք կողմից ադրբեջանցիներով շրջապատված՝ Խաչյանի ու գյուղի հարցերը շատ են:
12-ամյա Նիկոլը Կոռնիձորի հաջողակն էր, որին վարչապետը գրկել էր ու լսել նրա ցանկությունը։