ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Վաշինգտոնում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ, հայտարարել է Ուկրաինային զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու ծրագրերի մասին։
«Միացյալ Նահանգները կանի հնարավորը, որպեսզի Ուկրաինան հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին ստացողներից լինի», - հայտարարել է Բայդենը։
Միացյալ Նահանգները, Գերմանիան և Ռումինիան Կիևին կտրամադրեն մեկական Patriot զենիթահրթիռային համակարգեր, Նիդեռլանդները ևս, այլ երկրների հետ համագործակցելով, Ուկրաինային կմատակարարի ևս մեկ Patriot համակարգ։ Ուկրաինան, ըստ նախագահ Բայդենի, տարվա ընթացքում ստացել է հարյուրավոր որսացող սարքեր, որոնք կօգնեն պաշտպանել ուկրաինական քաղաքները ռուսական հրթիռներից։
ԱՄՆ նախագահը հայտարարել է Ուկրաինային աջակցելու պատրաստակամության մասին։
«Պուտինը ցանկանում է Ուկրաինայի լիակատար հպատակեցումը, ցանկանում է վերջ դնել ուկրաինական ժողովրդավարությանը, ոչնչացնել Ուկրաինայի մշակույթը և ջնջել այն քարտեզից։ Մենք գիտենք, որ Պուտինը դրանով կանգ չի առնելու, բայց Ուկրաինան կարող է և կկանգնեցնի Պուտինին», - հայտարարել է Բայդենը։
Իր ելույթում ԱՄՆ նախագահը նաև շեշտել է՝ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ՆԱՏՕ-ի դաշինքն աշխարհն ավելի անվտանգ է դարձնում։
«Ամերիկացիները գիտեն, որ մենք ավելի ուժեղ ենք, երբ գործում ենք ընկերների հետ միասին», - ասել է ԱՄՆ նախագահը։
Երեկ Վաշինգտոն այցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կդիմի ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին՝ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, F-16 կործանիչներ ստանալու խնդրանքով, ինչպես նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կպահանջի:
Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի հիմնական թեման ուկրաինական հակամարտությունն է։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որ անցած օրերին մեկնել էր Կիև, ապա՝ Մոսկվա և Պեկին, Բրյուսելին՝ հուլիսի 5-ին ուղղված իր նամակում զգուշացրել է․ - «Առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, որոնք մինչ օրս չենք տեսել»։
Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է՝ Պուտինը վստահ է Ուկրաինայի պարտության հարցում, վստահ է, որ ժամանակն աշխատում է իր օգտին։