«Էրեխուն ինչ ասես ասում էր՝ էլ լակոտ, կտամ կծեփվես պատերին: Կողքի ընկերոջ ասում է՝ մենք պայմանավորվել ենք չէ՞, որ իրեն պետք է բանի տեղ չդնեք». - ծնողը պնդում է, որ մանկապարտեզից նոր-նոր երևանյան մի մասնավոր դպրոց մտած իր երեխայի հետ դասվարն է այսպես վարվել:
Մայրն ասում է՝ երեխայից գաղտնի, ձայնագրող սարքով է նրան դպրոց է ուղարկել, որ հասկանա, թե ինչու է կես ամիս դպրոց գնացած աշակերտից դասվարը պարբերաբար բողոքում, երեխան էլ իր հերթին հրաժարվել է դպրոց գնալ, լացելով պատմել է, թե այնտեղ իրեն չեն նկատում՝ ասես անտեսանելի լինի, ընկերություն իր հետ չեն անում:
Մոր տրամադրած ձայնագրությունում ուսուցիչը հրահանգում է երեխաներին ողջ դասի ընթացքում ականջները բռնած կանգնել, քանի դեռ չեն սովորել, որ ականջ ունեն, աղջիկներին վիրավորական բառերով հանդիմանում է, թե աղջիկ են, բայց ենթադրաբար չենթարկվելու համար կանգնած կմնան ողջ դասի ընթացքում, մի երեխայի սպառնում է՝ ամանը գլխին կոտրել, անվանում է բութ ու շարունակում՝ ճակատին ճանճ կնկարի, սպառնում է տեղափոխել այնպիսի երեխայի կողքը, որը նրան «շան օրը կդնի» և այսպես շարունակ:
Զանգահարեցինք ուսուցչին, հրաժարվեց պատասխանել որևէ հարցի, ասաց՝ որտեղ պետք է հարցաքննվել է: Իսկ հարցաքննվել է նա նախորդ տարի՝ Քննչական կոմիտեում, ծնողի ներկայացրած բողոքից հետո:
«Հարցաքննվել է ինչպես ուսուցիչն, այնպես էլ տվյալ դասարանի բոլոր երեխաները: Նշանակված է դատահոգեբանական փորձաքննություն երեխայի վերաբերյալ, որի պատասխանը դեռևս չենք ստացել, վարույթ իրականացնող մարմինը վերջնական իրավական գնահատական տալու համար սպասում է այդ արձանագրությանը, որից հետո համապատասխան որոշումները կկայացվեն», - ասաց ՔԿ-ի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Այդ ուսուցչուհին դեռ աշխատում է դպրոցում»
Դեպքից մեկ տարի է անցել, ծնողը պատկան բոլոր մարմիններին բողոքներ է ուղարկել՝ Կրթության նախարարությունից մինչև տեսչական մարմին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քաղաքապետարան, Քննչական կոմիտե ու դատախազություն: Բոլոր մարմիններն այս կամ այն չափով գործին ընթացք են տվել, բայց ծնողը դժգոհ է:
«Այդ ուսուցչուհին դեռ աշխատում է դպրոցում: Ուզում եմ հասկանալ՝ ում են նստացնում ուսուցչի աթոռին, ու նախարարությունն ինչ է մտածում այս մասին», - նշեց մայրը:
Նախքան նախարարություն ու իրավապահներին դիմելը, կինը հենց երևանյան մասնավոր այդ դպրոցի տնօրենին խնդրել է փոխել երեխայի դասարանը, ասաց՝ տնօրենը փոխարենը ժողով է հրավիրել, որտեղ երեխային դասավանդող բոլոր ուսուցիչները նույն բանն են պնդել՝ ձեր երեխան վարքային խնդիրներ ունի, ամեն դեպքում կրկին առաջարկել են ուսումը շարունակել նույն դասարանում: Արձագանքից նեղսրտած մայրը երեխային այլ դպրոց է տեղափոխել: Շուրջ 3 ամիս երեխայի հետ հոգեբան է աշխատել, որ նորից նոր դպրոց գնա, իսկ առաջին օրը նրան ասել են՝ այնտեղ միայն հոգեբաններ են աշխատում։
«Երեխաս վախենում էր ուսուցիչներից», - ասաց նա և նշեց. - «Երեխային այնքան ուժեղ է քաշքշել որ հագուստը պատռել էր, թեպետ իրենք ոչ մի ձև այդ փաստը չընդունեցին: Ես ի վերջո այդ ձայնագրությունները... դիմել եմ մասնագետներին ու խնդրել եմ, որ իրենց մասնագիտական եզրակացությունը տան, դիմել եմ հոգեբանի, հոգեբանի եզրակացությունը եկել է, որ երեխայի վրա կա հոգեբանական ճնշում ու ասաց, որ անհապաղ հանենք այդ դասարանից, որովհետև դեռ չունենք խնդիր, բայց եթե այսպես շարունակվի, երեխան հաստատ ինչ-որ խնդիր ձեռք կբերի»:
Շուրջ մեկ տարի է՝ գործը նախաքննության փուլում է
Շուրջ մեկ տարի է՝ գործը նախաքննության փուլում է, որովհետև չկա դեռ վերջնական մի կարևոր փաստաթուղթ՝ դատահոգեբանական փորձաքննության պատասխանը:
Որ դպրոցներում բուլինգը կա, այդ թվում՝ ուսուցիչների կողմից, նաև Կրթության նախարարությունը չի ժխտում: Գերատեսչությունը համագործակցում է նաև Global to Local ՀԿ-ի հետ, որը բուլինգի կանխարգելման շվեդական փորձն է բերել Հայաստան:
ՀԿ-ի աջակցությամբ երևանյան թատրոններից մեկում դպրոցական բուլինգի մասին պատմող հայտնի «Չուչել» ներկայացնում է բեմադրվել, հանդիսատես երեխաների հետ էլ վերջում քննարկում կազմակերպվել: Բուլինգի տարբեր իրավիճակներ ներկայացնող ֆիլմն էլ վերջերս է էկրան բարձրացել:
ՀԿ-ի հիմնադիր Իրինա Ալեվերտն ասում է՝ այդ տեսարանները դիտելուց հետո, երեխաների հետ քննարկումներ են անցկացնում, որ հասկանան, օրինակ՝ ո՞ր տեսարանն ինչպես են մեկնաբանում:
Ինչպե՞ս են դպրոցներն արձագանքում բուլինգին
Իսկ ՀԿ-ի աշխատանքը Հայաստանում սկսել է տարիներ առաջ ներկայացումներից ու ֆիլմերից դուրս՝ իրական կյանքում, ինչպե՞ս են դպրոցներն արձագանքում բուլինգին, այս դպրոցում, ըստ ծնողի, ոչ մի կերպ չեն արձագանքել: դեռ անցած տարվա մամուլի հրապարակումներում դպրոցն էլ իր հերթին չի ընդունել խնդիրը:
Դեռ 8 ամիս առաջ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ըստ ծնողի, իր որդին 2 տարի շարունակ բուլինգի է ենթարկվել: Մայրը պատմել էր՝ որդին դպրոցից տուն է եկել փոշոտ հագուստով, վնասվածքներով, մի անգամ էլ կոտրած թևով:
«Երբեք չեմ մոռանա այս ապրումները»,- «Ազատության»-ն ասել էր տևական ստորացումների ենթարկված պատանին, որը դասարանցիների օգնությունն էր խնդրել, երբ իրեն մոտեցրել են ծորակին, գլուխը պահել ջրի տակ: Բայց ոչ ոք, ըստ նրա, չի միջամտել:
Այս դեպքն էլ արագ արձագանք ստացավ «Ազատության» լուսաբանումից հետո: Բոլոր մարմիններն ընթացք էին տվել գործին, աշակերտին ճնշող դասընկերներն ուսուցչի ուղեկցությամբ նրա տուն էին գնացել ու ներողություն խնդրել: Աշակերտը որոշ ժամանակ շարունակել է այդ նույն դասարանում դասի գնալ, բայց հետո ընտանիքը որոշել է նրա ուսումն առհասարակ այդ մարզից տեղափոխել, որովհետև երեխան ասել է, որ դասարանում մեկուսացված է կա՛մ խիստ զգուշավոր են շփվել իր հետ, կա՛մ առհասարակ չեն շփվել: Այս գործն էլ է դեռ շուրջ 8 ամիս Քննչական կոմիտեում:
Global to Local ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Իրինա Ալեվերտն ասում է՝ հենց այպիսի դեպքերում դպրոցները հաճախ սխալ են արձագանքում: Օրինակ՝ Շվեդիայում, պետական ֆինանսավորմամբ մշտապես վերապատրաստվում են ոչ միայն ուսուցիչները, այլև դպրոցի բոլոր աշխատակիցները:
Բուլինգը Հայաստանում չի քրեականացվում, այն իրավապահների սեղաններին է հայտնվում միայն այն դեպքում, երբ կա ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ծանր տառապանքի հոդվածը նկարագրող հատկանիշներ:
Այս երկու դեպքերն այդ հոդվածներով են դեռ ամիսներ շարունակ գտնվում Քննչական կոմիտեում: «Ազատության»-ը դիմած առաջին դասարանցի երեխայի ծնողն ասում է՝ իր երեխան մաթեմատիկական ֆենոմենալ ընդունակություններ ունի, դա նոր դպրոցում ավելի է ընդգծվել, իսկ նախորդում՝ 40 րոպե դասին նստած չմնալու, մատիտների հետ խաղալու, մանկական իր ակտիվության համար ճնշումների է ենթարկվել, ինչը չի եղել ոչ մանկապարտեզում, ոչ էլ երաժշտական դպրոցում: