Կես տարվա զինծառայող Վոլոդյա Գալոյանը 2019 թվականի ամռանն առաջին անգամ Հադրութի դիրքեր բարձրացավ: Չորս օր անց 18-ամյա զինվորի դիակը գտան առաջնագծում:
Ըստ նախնական մեղադրանքի՝ Վոլոդյան բռնություն էր կիրառել դիրքի ավագի նկատմամբ, ապա՝ ինքնասպան եղել: Մայրը՝ Էլմիրա Սվարյանը, պնդում է՝ փորձում են «սևացնել» իր որդուն: Վեց տարի առաջ Վոլոդյան միաժամանակ և՛ մեղադրյալի և՛ տուժողի կարգավիճակ ուներ:
Որդեկորույս մայրը վստահ է՝ Վոլոդյային սպանել են, նախորդող օրերին էլ՝ ծեծել. - «Չորս օրվա ընթացքում ծեծ ու ջարդի մեջ ա եղել, դա վկայում ա իրա մարմնի վնասվածքները։ Դատաբժշկի տեղեկություններով՝ Վոլոդյան ուներ 22 մարմնական վնասվածք, որը ստացել ա բութ գործիքի հարվածներից»։
Ըստ Քննչական կոմիտեի՝ ժամկետային զինծառայողն ինքնաձիգից կրակել է դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի ուղղությամբ, բայց գործն «ավարտին» չի հասցրել: Նույն Ստեփանյանը 2014-ին այլ քրեական գործով՝ դարձյալ որպես դիրքի ավագ, պայմանական դատապարտվել, ապա դատարանի դահլիճից ազատ էր արձակվել և շարունակել ծառայությունը, քանի որ ներվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:
Քրեական գործի կծիկը ձգվում է արդեն վեց տարի, ընտանիքի փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ՝ բուն գործն այս պահին կասեցված է, 2024-ից քննվում է արդեն Վոլոդյային սպանելու վարկածը:
Միակ որդու մահվան իրական պատճառը պարզելու հարցում մայրն, ասում է, մենակ է մնացել համակարգի դեմ:
«Ես էս ամեն ինչից հասկացա, որ իրանց ավելի հետաքրքիր ա մի 18 տարեկան տղա ինքնասպան մնա, քան թե մի ամբողջ բանակ պատասխան տա ... Ուզում եմ հասկանամ՝ մինչև ե՞րբ, ոչ մի տեղ արդարություն չկա՞», - ասում է Էլմիրա Սվարյանը:
Իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են՝ բանակում քրեական ենթամշակույթն ամեն տարի տասնյակ տղաների սպանության և ինքնասպանության պատճառ է դառնում:
«2019 թվականին արձանագրվել է բոլոր պատճառներով բանակում տեղի ունեցած զոհերի պատմական մինիմում», - 2020-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատմական մինիմումը» հաջորդ տարում իսկ փոխվեց: 2023-ին արդեն խաղաղ պայմաններում բանակում գրանցվեց մահվան 53 դեպք, 2024-ին մահվան 40 դեպքից 36-ը ոչ մարտական պայմաններում էր:
33-ամյա բանակի օրվան նվիրված ելույթում վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «չկա որևէ պրոբլեմ, որի սեփականատերը բանակն է»:
«Բանակում էսօր չկա թեկուզ մի հատիկ պրոբլեմ, թեկուզ մի հատիկ թերություն, որը չի ծնվել բանակից դուրս», -ասաց Փաշինյանը:
Իսկ Վոլոդյայի ընտանիքը վեցերորդ տարին է դեռ սպասում է, որ այդ «թերությունների» մեղավորները պատժվեն:
Մյուս մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.